Wednesday, March 05, 2008

Վազգեն Մանուկյան. «Լեւոն Տեր-֊Պետրոսյանը ժողովրդի մի հատվածը հանեց մյուսի դեմ

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը մասնակցել է նախագահական ընտրություններին, այսօր հայտարարել է, որ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը «ժողովրդի մի հատվածը հանել է մյուսի դե»:

Իր հայտարարության մեջ Վազգեն Մանուկյանը նշում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած կլանային համակարգը` անցնելով ղարաբաղյան ծագում ունեցող մարդկանց ձեռքը, նպաստում էր, որ ժողովրդի դժգոհությունը իշխանությունների նկատմամբ վերածվի դժգոհության ղարաբաղցիների դեմ: Նա փորձ արեց այդ դժգոհությունը դարձնել ատելություն ղարաբաղցիների նկատմամբ, եւ իշխանությունների դեմ պայքարը ձեւակերպվեց որպես «համազգային ազատագրական պայքար»` հանելով ժողովրդի մի հատվածը մյուսի դեմ: Հետո սերմանվեց ատելություն` իրեն չմիացած թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, հասարակության ներկայացուցիչների նկատմամբ` նրանց որակելով դավաճաններ ու տականքներ: Մյուս կողմից` հասարակության համբերության բաժակը արդեն լցված էր երկրում տիրող անարդարություններից, անօրինականություններից: Ավելացան ընտրությունները` իրենց անընդունելի խախտումներով, ընտրակաշառքներով: Ստացանք շատերի կողմից կանխագուշակվող բախումը: Իսկ մի՞թե իշխանությունները չէին կարող կանխագուշակել այն` կանխավ չթողնելով լարվածության այդպիսի կուտակում:

Ազատության հրապարակում իրենց քարոզում էին, որ դա համաժողովրդական պայքար է արդարության համար: Ասում էին` պայքար արդարության, ազատության համար, բայց շանտաժի ենթարկում ու վախեցնում իրենց կարծիքը ազատ արտահայտողներին, ողջունում Ջհանգիրյանին, որը 1995 թվականին ընտրակեղծիքների հիմնական իրականացնողն էր, գեներալ Մանվելին, որը Էջմիածնում հաստատել էր ռազմաֆեոդալական համակարգ: Այս անհանդուրժողականությունը տարավ ոչ միայն անմեղ 8 հոգու կյանք, նաեւ առաջին անգամ 1920 թվականի մայիսյան ապստամբությունից հետո պառակտեց մեր հասարակությունը` էապես թուլացնելով պետությունը»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է պետք անել, Վազգեն Մանուկյանը կարծիք է հայտնում. - «Իհարկե, օրենքի առջեւ պետք է պատասխան տան մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի բոլոր մեղավորները` բացառելով ցանկացած բռնություն եւ հաշվեհարդար նրանց նկատմամբ: Պետք է չեզոքացնել հասարակությունը թունավորող բեւեռները` ապահովելով նաեւ իրական ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցների գոյությունը: Ստեղծելով հասարակության համաձայնություն` ազդել իշխանությունների վրա, որ նրանք դրսեւորեն բարի կամք իրականացնելու համար լայն համակարգային բարեփոխումներ` ճիշտ ճանապարհով առաջ տանելով երկիրը: Իշխանություններն էլ դասեր պետք է քաղեն այս ողբերգությունից, որի պատասխանատվությունը կրում են նաեւ իրենք` իրենց վարած ներքին քաղաքականությամբ, քանի որ անարդարությունները, արդարացի դժգոհության կուտակումը միշտ այս կամ այն ձեւով բերում է պայթյունի: Միայն ուժի վրա հենվելով` իշխանություն պահել անհնար է մեր ժամանակներում»:

No comments: