Ինչպես եւ ենթադրվում էր, երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 27 կողմ, 21 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Ենթադրելի էր նաեւ բանաձեւի ընդունմանը պաշտոնական Անկարայի, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքական, հասարակական շրջանակների հակազդեցությունը: Մնում է սպասել Թուրքիայի հրեական համայնքի հակազդեցությանը, որովհետեւ հանձնաժողովում բանաձեւի քվեարկության նախօրյակին այս համայնքը «Վաշինգտոն փոստ» եւ «Վաշինգտոն թայմս» թերթերին տված վճարովի հայտարարությամբ զգուշացրել էր հանձնաժողովին, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն ու տեղահանությունն ընդամենը ողբերգություն էին եւ որեւէ լուրջ պատմաբան պատշաճ չի համարում ցեղասպանություն արտահայտության կիրառումն այդ իրադարձությունների համար:
Ավելին, Թուրքիայի հրեական համայնքը հարկ էր համարել հանձնաժողովին հիշեցնել. «Հրեաների ցեղասպանությունը որպես այդպիսին բնութագրվել է ոչ թե տարբեր խորհրդարանների հռչակագրերի, այլ շատ զորեղ պատմական փաստերի հիման վրա»: Ի դեպ, այդ մասին հոկտեմբերի 10-ի համարում գրել էր «Միլիեթ» թերթը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը տերունական աղոթքով բացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, ընդ որում, ինչպես թուրքական մամուլում է նշված, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի անձնական նախաձեռնությամբ: Նիստին ներկա է եղել նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակությունը, որի ղեկավար Էգեմեն Բաղըշը բանաձեւի քվեարկության ավարտին հայտարարել է. «Հիմա արդեն մեր առաջնահերթ խնդիրը բանաձեւի մուտքը Ներկայացուցիչների պալատի օրակարգ արգելելն է»:
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանն ափսոսանքով է արձագանքել ԱՄԱ-ում Թուրքիայի դեսպան Նեբի Շենսոյը: Դրան է հետեւել արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ «անփառունակ» է համարվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը, որոշման առնչությամբ հանձնաժողովը մեղադրվել է անպատասխանատու վերաբերմունքի մեջ եւ նշվել է, որ Անկարան ամենայն բծախնդրությամբ գրանցել է այս կողմնակալ եւ միտումնավոր մոտեցումը:
Թուրքական կառավարությունը հաղորդագրությամբ խստագույնս դատապարտել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը, ընդգծել է, որ չի կարելի թուրք ազգին ամբաստանել այնպիսի մեղադրանքով, որը նա պատմության մեջ երբեւէ չի գործել եւ ավելացրել է. «Դեռեւս շարունակում ենք հուսալ, որ Ներկայացուցիչների պալատը ողջամտություն կդրսեւորի եւ ընթացք չի տա բանաձեւին: Ակնհայտ է այն պատասխանատվությունը, որը պատմության առջեւ կրում են Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները, առավել եւս նախագահը: Անելու ենք այն, ինչ անհրաժեշտ է ապահովելու համար բանաձեւի ձախողումը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում»:
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության եւ կառավարության հաղորդագրության մեջ միաժամանակ նշվել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի՝ բանաձեւը կանխարգելելու նպատակով գործադրած ջանքերը:
Բանաձեւն ընդունելու առնչությամբ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին դատապարտել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ընդգծելով. «Ցավոք, Միացյալ Նահանգներում քաղաքական որոշ գործիչներ, անտեսելով ողջամտության կոչերը, փորձեցին մեծ առաջադրանքները դարձնել գործիք ներքաղաքական փոքր խաղերի համար եւ զոհաբերել դրանք: Սա ԱՄՆ-ի պես գերհզոր միջազգային ուժի ներկայացուցիչներին վայել արարք չէ: Հանձնաժողովի վերջին որոշումը նախորդների պես որեւէ արժեք չունի թուրք ժողովրդի համար»:
Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում բանաձեւի ընդունմանը լայնորեն արձագանքել է նաեւ միջազգային մամուլը, մասնավորապես ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դրա նախօրյակին 13 զինծառայողի սպանությունը Թուրքիայում գագաթնակետին էր հասցրել PKK-ի նկատմամբ թուրքական հասարակության զայրույթը, հետեւաբար Բուշի վարչակարգը դժվարանում է կանխել Թուրքիայի հնարավոր ներխուժումը Հյուսիսային Իրաք, բանաձեւը խիստ զայրացրել է Անկարային, ինչը վտանգում է վերջինի հետ Վաշինգտոնի հարաբերությունները:
«Ինդիփենդենթն» իր հերթին հիշեցրել է քվեարկության նախօրյակին Վաշինգտոն գործուղված թուրքական պատվիրակության մասին եւ նշել, որ բանաձեւի դեմ լոբբիստական գործունեություն ծավալելու նպատակով ամսական 300 հազար դոլար էր ծախսում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը: Ինչ վերաբերում է թուրքական թերթերին, ապա դրանցից բանաձեւի ընդունմանը որպես առաջնորդող լուր անդրադարձել է «Փոստա» թերթը՝ «Հիմա էլ «ցեղասպանության» դաշույն Ամերիկայից», «Վաթանը»՝ «Դրա համար հաշիվ են տալու», «Ջումհուրիեթը»՝ «ԱՄՆ-ը տեղի տվեց հայկական լոբբիին» վերնագրերով, մյուսներն առաջնահերթ նշանակությամբ արձագանքել են վարչապետ Էրդողանի՝ Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ ծավալելու համար Մեջլիսից արտոնություն խնդրելու հայտարարությանը:
Էրդողանի այս հայտարարությունը փաստորեն հաստատում է Անկարայի զայրույթի վերաբերյալ «Ինդիփենդենթի» հետեւությունը: Սակայն Մեջլիսից արտոնություն ստանալը, այն էլ՝ պայմանավորելով բանաձեւի ընդունման փաստով, մեկ բան է, իսկ Հյուսիսային Իրաք ներխուժելը՝ մեկ այլ: Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերին «Ինջիռլիքի» ռազմաբազայից կատարվող տեխնիկական մատակարարումների դադարեցումը՝ նմանապես, այն առումով, որ թուրքական մամուլում, մասնավորապես «Ենի շաֆաքում», արդեն շրջանառվում են այս բազան Լիբանան տեղափոխելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին լուրերը:
Այլ կերպ, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար Թուրքիան կկարողանա ԱՄՆ-ին հակազդել այնքան, որքան կարողացավ Ֆրանսիային, երբ այդ պետությունը Հայոց ցեղասպանության ուրացումը քրեորեն պատժելու օրենք ընդունեց: Այսինքն՝ Հյուսիսային Իրաք ներխուժելու թուրքական սպառնալիքներն արտահայտում են Անկարայի՝ Հայոց ցեղասպանության վերոհիշյալ բանաձեւից բխող զայրույթը, ինչի հետեւանքով դրանք վերածվում են շանտաժի: Մինչդեռ ամերիկացիները որպես կանոն շանտաժին տեղիք չեն տալիս: Այդ առումով, ինչպես երեկվա համարում գրել է «Ֆայնենշըլ թայմսը», ուշագրավ է թուրքական զայրույթի առնչությամբ Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի դիտարկումը. «Անկարան մի քանի օր էլ կշարունակի արտահայտել իր զայրույթը, ապա կմոռանա դրա մասին»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment