Tuesday, November 20, 2007

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀԻՄՔԻ՞ ՎՐԱ

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հայտարարությունը Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության հնարավոր ճանաչման մասին չի կարելի ընկալել որպես իմպրովիզացիա: Նման ելույթները նախապատրաստվում են ամենաբարձր մակարդակով: Նույնքան «պատահական» չէր Աբխազիայի ղեկավարի՝ դրան հետեւած «խոստովանությունը», որ շուտով իրենց երկրում Ռուսաստանի քաղաքացիներին օրենսդրականորեն իրավունք կտրվի ձեռք բերելու անշարժ գույք: Զգացվում է, որ Կրեմլում այլեւս հույսեր չեն ակնկալում Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացման ասպարեզում եւ զգալ են տալիս, թե ինչի կհանգեցնի վրացիների անբարյացակամության դրսեւորումների շարունակումը:
Սակայն Աբխազիայի ճանաչման-չճանաչման հարցը չի վերաբերում սոսկ երկու երկրների առնչություններին: Պուտինի հարցապնդումները, թե ի՞նչ, մի կազմավորման կարելի է անկախանալ, իսկ մյուսներին՝ ո՞չ, առանց չափազանցության ուղղված են համաշխարհային հանրությանը: Խնդիրը շատ ավելի խորն է քաղաքական-էթնիկական նոր իրողությունների ու հասկացությունների առաջացման իմաստով: Դեռ վերջերս որպես անջատողականության դրսեւորումների հիմք դիտվում էին գերազանցապես սոցիալ-տնտեսական անարդարությունները: Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ անկախ ապրելու մտայնությունը հասակ է առնում ամենայնս բարեկեցիկ երկրներում՝ Իսպանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում... Ի վերջո մինչեւ ե՞րբ կարելի է անտեսել բուն էթնիկական գործոնը: Եթե Արեւմուտքը գտնում է, որ բազմազգ Սերբիան (սերբեր եւ ալբաններ) չի կարող գոյություն ունենալ, ապա ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ նույն ալբաններով ու սերբերով բնակեցված Կոսովոն: Եվրոպական բազմազգ պետությունները ձգտում են ստեղծել քաղաքացիական հասարակություն, որտեղ բոլորը նույն երկրի քաղաքացիներ են եւ օգտվում են հավասար իրավունքներից: Իսկ Կոսովոյի օրինակում գուցե հաղթում է էթնիկական առավելության պահը: Այդ դեպքում ինչո՞ւ ժխտել ազգային զգացումի առկայությունը աբխազների, օսերի, բասկերի, հայերի, իռլանդացիների եւ մյուսների մեջ:
Երկու իրարամերժ մոտեցումները՝ ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականության պահպանում, համալրվում են նոր բովանդակությամբ՝ ընդհանուր պետական միավոր բոլորի՞ համար, թե՞ տրոհում էթնիկական հիմքի վրա: Մեկը մյուսից բարդ խնդիր:
Եվս մի պարագա. ապշեցնում է Վրաստանի ներկա ղեկավարության միակողմ հակառուսական մոլուցքը: Հարց է առաջանում՝ իսկ արժե՞ այդչափ հավատալ ամերիկացիներին: Արդյոք կարելի՞ է բացառել, որ, ասենք, Աբխազիան դառնա գործարքի առարկա երկու տերությունների միջեւ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները առաջինի հզորացման համեմատ նվազ «բարեկամական» են դառնալու, եւ նրանց միջեւ լուրջ փոխզիջումներ կարող են ձեռք բերվել սառը հաշվենկատության հիման վրա՝ երրորդ երկրների հաշվին:
Ամերիկան աղմկում էր Չեչնիայի հարցում: Չես ասի, թե նույնն է նկատվում Աբխազիայի առնչությամբ: Ահա եւ պատկերացրեք մի այսպիսի երեւակայական տեսարան. ամերիկացիները դիմում են Մոսկվային մի առաջարկությամբ՝ արեք Աբխազիայի հետ ինչ ուզում եք, միայն թե մեզ աջակցեք Իրանին հնազանդեցնելու գործում: Ինչպե՞ս կվարվի Կրեմլը: Դժվար է ասել: Բայց որ լրջորեն կմտածի այդ մասին, կասկած չի կարող հարուցել: Բիզնես է: Իսկ ահա Յուրի Լուժկովը կշփի ձեռքերը. այդ բարեբեր հողակտորը հենց միայն մոսկովյան կապիտալի միջոցով կարելի է դարձնել... ահռելի շինհրապարակ... գալիք սպիտակ օլիմպիադայի համար:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments: