ԿԱՄ Ո՞Վ Է ՀԱՅԸ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայաստանի եւ հայության զարգացման ներկա բարդագույն ժամանակահատվածում հայկական ինքնության հիմնախնդիրը ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն է ներկայացնում, այլեւ ունի լուրջ գործնական նշանակություն: Ուժեղ ազգային ինքնությունը ռազմավարական ռեսուրս է ազգային պետության կառուցման եւ ամրապնդման գործընթացում, մինչդեռ ազգային ինքնության լղոզումը բնավ չի նպաստում, այլ ավելին, խոչընդոտում է համազգային խնդիրների եւ նպատակների շուրջ անհատի եւ հասարակության միավորմանը:
Ի վերջո, ո՞վ է այսօր հայը: Որքան էլ հարցը նուրբ է եւ շոշափում է միլիոնավոր մարդկանց (հատկապես արտերկրում բնակվող մեր հայրենակիցների) զգացմունքները, այդուամենայնիվ նրան պատասխանելն անհրաժեշտ է: Թեման հավուր պատշաճի լուսաբանելու համար նախ եւ առաջ համակողմանիորեն ներկայացնենք այն իրադրությունը, որում գտնվում է հայ ազգն այսօր. այն անառարկելի իրողությունները, որոնք մենք պարտավոր ենք տեսնել եւ ընդունել այնպես, ինչպես նրանք կան, այլ ոչ թե աչք փակել, ինչպես անում է հայության մի ստվար հատվածը, ներառյալ նրա «վերնախավը»:
Այսպես.
Իրողություն 1. Հայ ազգը կանգնած է անհետացման վտանգի առջեւ իր Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Ջավախքի տարածքում: Այդ վտանգը բխում է միաժամանակ մի շարք փոխկապակցված աղբյուրներից.
ա) Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հնարավորություն.
բ) ծայրաստիճան սրված ժողովրդագրական ճգնաժամ (հանրապետությունը լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ շարունակվող արտագաղթը բացասաբար է ազդում երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա).
գ) տեղապտույտ հայկական պետության եւ նրա քաղաքական հաստատությունների կայացման գործընթացում.
դ) Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի անմշակվածություն (2007թ. փետրվարին ընդունված «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը» դեկլարատիվ փաստաթուղթ է, որը, պաշտոնական հայտարարության համաձայն, գրված է Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի փորձագետների «մեթոդադաբանությամբ» եւ «խմբագրմամբ»). արդյունքում չկա ազգային շահերի վրա հիմնված հստակ արտաքին քաղաքական ուղղվածություն:
ե) Հայաստանի ծանր կախվածություն արտաքին ուժերից.
զ) Սոցիալական լարվածություն՝ իր դասակարգային ու տարածքային առումներով հանդերձ (այդ թվում նաեւ արհեստականորեն ստեղծված, բայց արդյունավետորեն պահպանվող «հայաստանցի» եւ «ղարաբաղցի» վտանգավոր հակադրությունը, քաղաքական գործիչների եւ հաստատությունների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, որոշումներ կայացնելուց ժողովրդի օտարումը).
է) հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկած համատարած կաշառակերության դեմ որեւէ պայքարի բացակայություն.
ը) Հայաստանում լեզվական հետեւողական քաղաքականության բացակայություն, գործնականում՝ մայրենի լեզվի անպաշտպանվածություն.
թ) Ջավախքից հայերին դուրս մղելու՝ Վրաստանի որդեգրած պետական քաղաքականություն, որն իրականացվում է վարչական, տնտեսական, հոգեւոր, մշակութային, ժողովրդագրական, լեզվական ճնշումների եւ արդեն իսկ հստակ ուրվագծվող ուժային եղանակների միջոցով:
Հարկ է հատուկ նշել ամենահրատապ վտանգը՝ Թուրքիայի մասնակցությամբ մեթոդապես ծրագրվող ու մանրազնին նախապատրաստվող ադրբեջանական ներխուժման լուրջ հավանականությունը, որի հաջող իրականացման՝ Արցախի եւ հարակից ազատագրված տարածքի բռնազավթման դեպքում, Հայաստանի Հանրապետության անհետացումն աշխարհի քարտեզից կդառնա անխուսափելի, քանի որ հաջորդ (եթե ոչ միաժամանակյա) հարվածը կհասցվի թյուրքական երկու դաշնակիցներին տարանջատող վերջին պատվարին՝ Սյունիքին, որն առանց արցախյան «պատնեշի» զրկված կլինի գոյատեւման հնարավորությունից: Հայաստանի կենտրոնական շրջանների հետ Սյունիքի թույլ հաղորդակցուղիները, պաշտպանության խորքայնության բացակայությունը, հակառակորդի մոտ ժամանակակից հրետանային այնպիսի համակարգերի առկայությունը, որոնք ընդունակ են ռմբահարել Սյունիքի ողջ տարածքը, ինչպես նաեւ Արցախի անկման հետեւանքով առաջացած հոգեբանական հարվածը ռազմավարապես կենսականորեն կարեւոր այդ երկրամասի պաշտպանունակությունը կիջեցնեն զրոյական աստիճանի: Հայաստանի մնացյալ մասը թուրք-ադրբեջանական օղակի մեջ առնելը Հայաստանը կվերածի անդրկովկասյան Սվազիլենդի տիպի մի գետտոյի, եւ այնուհետեւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ոչնչացումը, եթե ոչ ռազմական, ապա տնտեսական, քաղաքական ու հոգեբանական ճնշման միջոցով լոկ ժամանակի հարց կլինի: Զրկվելով կայուն զարգացման հեռանկարից եւ աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի հնարավոր ապաստան լինելու հնարավորությունից, երկրաչափական պրոգրեսիայով աճող լայնածավալ արտագաղթի արդյունքում Հայաստանն այնքան կթուլանա, որ հեշտությամբ կկլանվի Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի կողմից: Ու թեեւ հայ ժողովուրդը մեկ անգամ՝ 1990-ական թթ., չեզոքացրեց այս նույն սցենարը, թուրք-ադրբեջանական դաշինքը չի հրաժարվել այն կրկնելու մտքից եւ, եթե հայությունը պատրաստ չեղավ արդյունավետ դիմադրություն ցույց տալ, այդ դաշինքը փորձելու է ռեւանշ վերցնել:
Իրողություն 2. Հայությունը կկարողանա գոյատեւել միայն այն դեպքում, եթե գոյատեւի Հայաստանը (որպես պետություն եւ այնտեղ ապրող հայ ժողովուրդ):
Իրողություն 3. Առանց Հայաստանի հայկական Սփյուռքը չի կարող ներկայացնել ազգ, այսինքն` կենսունակ մարմին, որն ապահովում է հայության պահպանումն ու վերարտադրումը (էլ չենք խոսում հայոց լեզվի ու մշակույթի գոյության ու զարգացման մասին):
Իրողություն 4. Վերջին տասնամյակում կտրուկ արագացել են Սփյուռքում ընթացող ուծացման անողոք գործընթացները` ընդունելով աննախադեպ ծավալներ: Մասնավորապես, արտագնացության հետեւանքով տարեցտարի նոսրանում են Մերձավոր Արեւելքի հայկական հզոր համայնքները, որոնցում մինչեւ վերջերս խիստ հազվադեպ էին խառնամուսնությունները, արդյունավետորեն գործում էին հայկական դպրոցներն ու մյուս համայնքային կառույցները: 20-30 տարի անց Լիբանանի, Իրանի, Սիրիայի երբեմնի ծաղկուն համայնքներից լավագույն դեպքում պահպանվելու են միայն փոքր կղզյակներ, ինչպես դա արդեն տեղի ունեցավ Իրաքում: Իսկ Ռուսաստանում եւ Արեւմուտքի զարգացած երկրներում ապրող հայերը ենթակա են առավել արագընթաց ձուլման:
Իրողություն 5. Առանց հայոց լեզվի չկա հայկական մշակույթ. լեզուն, պետականության ու այդ պետականությանը ենթակա տարածքների հետ միասին, հայ ազգի պահպանման հիմքն ու կարեւորագույն միջոցն է: Այն, որ մեր շատ հայրենակիցներ, հատկապես Սփյուռքում, կարող են առանց հայոց լեզվի իմացության իրենց հայ համարել, հնարավոր է միայն նրա շնորհիվ, որ հայ ազգի Հայաստանում ապրող մասն առ այսօր խոսում, գրում ու ստեղծագործում է հայերեն: Պատկերացնենք վարկածային մի այսպիսի իրավիճակ. Հայաստանի հայերը մոռացել են մայրենին եւ հաղորդակցվում են, ուսում առնում, գրում եւ ստեղծագործում որեւէ օտար լեզվով, կարեւոր չէ` ռուսերենով, անգլերենով թե չինարենով: Դա կարող է նշանակել մեկ բան՝ հայկական քաղաքակրթության, հայկական մշակույթի, հայ ազգի վերջ: Իսկ այսօր հայոց լեզվի ու մշակույթի պահպանման եւ զարգացման հիմնախնդիրն իր ողջ հասակով հառնել է արդեն բուն Հայաստանում:
Դա, ինչպես արդեն ասվեց, կապված է մեր հայրենակիցների արտագաղթելու արդյունքում հայոց լեզուն կրողների թվաքանակի կրճատման (այդ թվում նաեւ մեր ներուժի՝ երեխաների, որոնք արտասահմանում կստանան ոչ հայեցի կրթություն) եւ պետության կողմից հայոց լեզվի պատշաճ պաշտպանության բացակայության հետ: Անկախության 16 տարիներից հետո ժամանակն է լիարժեք գնահատելու լեզվի հիմնարար դերն ու տեղը ազգային կյանքում, որ դեռեւս չի արվում ո՛չ քաղաքական վերնախավի, ո՛չ էլ հայ մտավորականության զգալի մասի կողմից: Ընդհակառակը՝ լեզվաքաղաքականության, ինչպես եւ մի շարք այլ հիմունքային հարցերում, դեռեւս փորձեր են արվում հետ շրջել հայ քաղաքական մտածողությունը:
Հետեւություններ
Հետեւություն 1. Հայությունը գտնվում է գոյապայքարի ակտիվ փուլում իր հայրենիքի աներեւակայելի զոհողությունների գնով պահպանված մի բեկորում: Այլ կերպ ասած, հայ ժողովուրդը պայքարող օրգանիզմ է, որի հիմնական՝ կենսականորեն կարեւոր գործառույթը պայքարն է գոյապահպանման համար:
Հետեւություն 2. Այդ գոյապայքարի հիմնական ճակատներն անցնում են ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղած սահմանագծերով, այլ ակնհայտորեն հե՛նց երկրի ներսով` ընդգրկելով եւ՛ ժողովրդագրության, եւ՛ տնտեսության, եւ՛ սոցիալական, եւ՛ գիտության, եւ՛ կրթության ու այլ ոլորտները: Արտագաղթը, անկախ իր պատճառներից, հայերին ամբողջությամբ կամ մասնակիորեն դուրս է մղում գոյապայքարի կենտրոնական դաշտից՝ Հայաստանից: Նրանց հայրենադարձությունը, ընդհակառակը, նշանակում է կենսականորեն անհրաժեշտ ազգային ներուժի համալրում:
Վերը շարադրած ռազմավարական իրավիճակը հիմք ընդունելով` փորձենք պատասխանել այն հարցին, թե ո՞վ է Հայը եւ ինչո՞վ է նա տարբերվում ծագումով Հայից:
Հայ է նա, ով.
1) Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական եւ արդի սահմաններում.
2) Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ.
3) անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ՝ ստանձնում է հայրենիքի առջեւ քաղաքական պարտավորություններ.
4) արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր եւ իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները.
5) հայոց լեզվի ու մշակույթի կրողն է կամ ձգտում է դառնալ այդպիսին.
6) ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր երեխաներին փոխանցելու միջոցով եւ նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով:
Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր իրենց հայրենիք են համարում ոչ թե Հայաստանը, այլ իրենց ծննդավայրի կամ քաղաքացիության երկիրը, ովքեր Հայաստանի նկատմամբ քաղաքական պարտավորություններ ու հոգեբանական կապվածություններ չունեն, ովքեր չեն ուզում մտածել Հայրենիքում ապրելու մասին, չեն ուզում լինել հայոց լեզվի կրողը, գիտակցաբար կամ անգիտակցորեն հաշտվել են իրենց սերունդների անխուսափելի ուծացման ու ձուլման հետ, կարող են համարվել ընդամենը ծագումով հայ, քանի որ իրականում նրանք կամ աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ) են, կամ էլ՝ այլ ազգության ներկայացուցիչ: Եվ բոլորովին կարեւոր չէ, որ նրանք այդ ամենով հանդերձ կուրծք կծեծեն ու կբղավեն, թե իրենք են ամենաիսկական հայերը (ակնհայտ ինքնախաբեություն): Էականն այն է, որ այդպիսի անհատը այլեւայլ պատճառներով հայտնվել է ազգի կենսագործունեությունից դուրս եւ նրանում որեւէ անձնական մասնակցություն այլեւս չի ունենում, այն էլ ազգի համար օրհասական պահին:
Այդ առիթով հարկ է նաեւ նկատել, որ ինչպես յուրաքանչյուր ազգության, այնպես էլ հայի ինքնության հարցում ծագումնաբանությունը երկրորդական նշանակություն ունի: Անհատի իրական ազգային պատկանելության հարցը որոշվում է նրա` այս կամ այն ազգի ընդհանուր կենսագործունեության մեջ անձնական ներգրավվածությամբ եւ ներդրած ավանդով:
Այսպիսով, հային պետք է տարբերել հայկական ծագում ունեցող մարդուց: Սա ամենեւին չի նշանակում առաջինին համարել լավը, իսկ երկրորդին՝ վատը: Պարզապես երկրորդն արդեն չի կարող եւ չի ուզում որեւէ զոհողության գնալ հանուն Հայաստանի եւ արդեն արմատապես տարբեր ազգային ինքնագիտակցություն ունի:
Ծագումով հայերին օգտակար կլինի ազնվորեն, առանց ինքնախաբեության եւ երեսպաշտության նայել ճշմարտության աչքերին. նրանք ըստ էության արդեն դուրս են եկել ազգի կենսագործունեության դաշտից: Այդուհանդերձ, նրանց համար բաց է երկկողմանի ճանապարհը. վերջնական ձուլում կամ վերադարձ ազգային արմատներին՝ հայոց լեզվի ու մշակույթի վերագտնում, մասնակցություն ազգային կյանքին: Այս իմաստով Սփյուռքի մի ստվար հատվածը վերադարձի հնարավորություն ունեցող հայեր են: Ցավոք, բուն Հայաստանում էլ քիչ չեն օտարված հայերը, ովքեր ամբողջովին կամ մասնակիորեն հեռացել, խորթացել ու կտրվել են հայոց լեզվից, մշակույթից ու քաղաքականությունից, չեն գիտակցում ամբողջ հայությանը սպառանացող ոչնչացման ընդհանուր վտանգը:
Ուզում եմ կրկնել այն, ինչ բազմիցս գրել եմ: Հայության պահպանումն արտերկրում ինքնանպատակ լինել չի կարող: Սփյուռքահայության պահպանման բուն նպատակը սեփական հողերում, ազգային պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, այսօր՝ այսօրվա Հայաստանում, այն տարածքում, որը գտնվում է հայկական զինված ուժերի հսկողության տակ: Հայապահպանումն ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն «հայապահպանման» կարեւորագույն տարրերը:
Ֆիզիկական գոյատեւման համար պայքարը, ցավոք, հայ էթնոսի կենսագործունեության հիմնառանցքն է: Այդ գործառույթն էլ հենց թելադրում եւ կազմում է հայկական ինքնության հիմնասյունը՝ անմիջական անձնական ներգրավվածությունն այն պայքարում, որը մղվում է հանուն ազգային նպատակների իրագործման:
Այսօրվա դրությամբ դրանք են.
1) ցանկացած գնով պահպանել Հայաստանի անվտանգության համար այն նվազագույն անհրաժեշտ տարածքը (ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն՝ իր շուրջն ազատագրված բուն հայկական հողերով հանդերձ), որի վրա Հայաստանը գոյություն ունի իր անկախության ողջ ժամանակահատվածում,
2) իր հայրենիքում հայ ժողովրդի թվաքանակի մեծացում,
3) Ջավախքի հայության պահպանում,
4) սոցիալական արդարության, ժողովրդավարության սկզբունքների, հայոց լեզվի եւ մշակույթի, ազգային մյուս արժեքների ու շահերի պաշտպանության ու զարգացման հիման վրա ազգային իրավական պետության կառուցում:
Այդ պայքարի ճանապարհին հարկ է լինում հաղթահարել հսկայական խոչընդոտներ, գործնական, գաղափարախոսական ու հոգեբանական զանազան արգելքներ եւ քարացած կաղապարներ, որոնք թեեւ իրականում բխում են ոչ հայկական աղբյուրներից, բայց հաճախ են կյանքի կոչվում հե՛նց հայկական քաղաքական կառույցների ձեռքերով, այն կառույցների, որ վաղուց կամ նորերս են ընկել արտաքին ուժերից ստրկական կախվածության մեջ:
Այդ նպատակներով պայքարի մեջ հայի ներգրավվածությունն ի վիճակի է նրան տալ էթնիկ դիմադրողականությունն ամրապնդող հույզերի, զգացմունքների ու գիտելիքների այնպիսի պաշար ու հարստություն, որ նրա մոտ ձգտում եւ պահանջարկ կառաջանա նաեւ յուրացնելու եւ կրողը դառնալու ազգային ինքնագիտակցության հիմնարար տարրերի՝ լեզվի, մշակույթի, ավանդական բարքերի ու սովորույթների:
Ընդհանրացնելով ասվածը, կարելի է եզրակացնել. քանի որ իբրեւ ազգ եւ պետություն Հայաստանը ներքաշված է երկարատեւ պայքարի մեջ թվաքանակով, նյութական պաշարներով ու տարածքով իրեն գերազանցող ուժերի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, ապա այդ պայմաններում հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է՝ անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով:
Արմեն Այվազյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
Monday, November 26, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment