Thursday, December 13, 2007

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ


ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը վերջին հանրահավաքում կանգնած էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եւ խելոք լսում էր Հայաստանի առաջին նախագահի բացատրությունները խորհրդային անմրցունակ տնտեսության պայմաններում շուկայական տնտեսության անցման դժվարությունների մասին, հավանաբար գնացել է տուն եւ ստացել տիկին Ռիմա Դեմիրճյանի հանդիմանանքները, թե՝ ա՛յ տղա, ախր հորդ ստեղծած ծաղկուն տնտեսությունն էին քննադատում, տեր լինեիր: Եվ ուշացումով Ս. Դեմիրճյանը համարձակվել է սխալ հանել Տեր-Պետրոսյանին: «Արմինֆո»-ին տված հարցազրույցում նա նկատել է, թե կարելի էր խուսափել տնտեսական ճգնաժամի այն ծանր հետեւանքներից, որոնք տեղի ունեցան անկախացման առաջին տարիներին դիլետանտության, փորձի պակասի, շուկայական հարաբերությունների այբուբենը չիմանալու պատճառով: Դրանք այդքան ծանր չէին լինի, եթե այդ հարաբերությունների հաստատումը տեղի ունենար դանդաղ եւ ոչ թե կայծակնային արագությամբ: Ս. Դեմիրճյանը գծել է նաեւ Խորհրդային Հայաստանի տնտեսության մի պատկեր, որտեղ գիտատար ճյուղերն էին սկսել աշխատել, քիմիական արդյունաբերությունն իր տեղը զիջել էր սարքաշինությանն ու էլեկտրոնիկային, կրթական համակարգը շատ բարձր մակարդակի էր, իսկ այսօրվա կրթական համակարգը պարզապես խորհրդայինի խղճուկ մնացորդն է:
Ինչպես տեսնում եք, իշխանության եւ ընդդիմության որեւէ գործիչ, ինչ էլ որ ասի, չի կարող նկարագրել Տեր-Պետրոսյան-Դեմիրճյան համագործակցության ողջ անհեռանկարայնությունն այնպես, ինչպես անում է ինքը` Ս. Դեմիրճյանը, տնտեսություն չիմացող Տեր-Պետրոսյանի սխալները բռնելով:
Ա. Վ.

No comments: