Պետական թողտվությունը թափահարելով
Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանի պատմական շենքը, որը գտնվում է Լեո եւ Սարյան փողոցների խաչմերուկում, եւս անցավ պատմության գիրկը: Անշուշտ համեղ պատառ էր, կուլումուլ անելու գայթակղությանը չէր դիմանա ոչ մի, թեկուզ ուսումնատենչ պաշտոնյա: Թե ո՞ր քաղաքապետի օրոք ծախվեց Թերլեմեզյանի անվան ուսումնարանի տարածքը, հավանաբար հույժ անհասկանալի «պետական հերթական կարիքի» համար, այս պահին դժվարանում ենք ասել, սակայն որ դրա փոխարեն բնակելի շենք է կառուցում «Անուր» նախագծային շինարարական ընկերությունը, փաստ է: Կառուցվում է հանգամանալից եւ մեզ համար արդեն սովորական դարձող սցենարով: Սկսում են ապամոնտաժել շենքն ու մի քանի ժամում (որ բնապահպաններն ու հարեւան բնակիչներն ուշքի չգան) հատում արդեն սեփականաշնորհած բակի ծառերը: Ի դեպ, «Անուրի» տնօրենի տեղակալ տիկին Սուսաննան հեռախոսային մեր խոսակցության ընթացքում շատ անկեղծ արտահայտվեց. «Մասնավոր բակ է, շինարարություն ենք անում, կարող ենք եւ հատել: Թույլտվություն ունենք քաղաքապետարանից»: Նա, իհարկե, խոսակցության վերջում փորձում էր համոզել, որ ես ու ինքը հեռախոսով չենք խոսել, բայց դա դեռ չի ապացուցում, որ շինարարական աշխատանքներ ծավալող կազմակերպություններում արդեն սովորել են սեփական ձեռքերով մեծացող էկոլոգիական աղետի հետեւանքները հասկանալ եւ գոնե լրագրողի հետ խոսելիս ընդունել Երեւանի էկոլոգիան փչացնողի իրենց ակնհայտ մեղավորությունը: Դրա փոխարեն մեր արտահայտած «դուք մեր թթվածինն եք խլում» մտքին ի պատասխան, տիկին Սուսաննան խորհուրդ տրվեց դիմել «չգիտեմ ում»:
«Ողջ կայնքումս պատուհանից տեսնում էի այդ 6 ծառերը, որոնց շուքի տակ ուսանողները բացօթյա ցուցահանդեսներ էին կազմակերպում: Շատ գեղեցիկ էր: Իսկ հիմա սիրտս մղկտում է, կարծես հարեւանիս կացնահարեցին աչքիս առաջ», հուզված պատմում է ուսումնարանին հարակից շենքերից մեկում ապրող բնակչուհին, որ ահազանգել էր խմբագրություն: Նա ցավով էր համաձայնում, որ մենք, բացի այս ոճրագործության մասին տպագրելուց, չենք կարող վերականգնել մեծ ու փարթամ, առողջ կաղնիներն ու հացենիները, որոնք արդեն փայտի են վերածվել ու Աստված գիտե, թե ո՞ր մեծահարուստի բուխարիում են ճրթճրթալով պատմելու իրենց մոտ 100-ամյա փառավոր կյանքի կանաչ պատմությունը` համեմված Մինասի եւ հայ գեղանկարչության մյուս երեւելիների շնչով, ու սովորական մահկանացուների համար ամոթաբեր ու տխուր այս վերջաբանը:
...Երանի ծառերն անիծել կարողանային ...
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment