Thursday, December 13, 2007

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԱԿՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ

Ինչ ներկայացնում եմ ստորեւ, գրել եմ շուրջ տարիուկես առաջ, երբ պաշտոնավարում էի Սիրիայում Հայաստանի դեսպանությունում` կատարելով հյուպատոսի պարտականությունները: Գրել ու կողքի եմ դրել, որովհետեւ չեմ սիրում խորհուրդներ եւ առավելապես խորհուրդ տվողներին, ուրիշի կյանքին խառնվողներին ու սովորեցնողներին:
Թեմային կրկին անդրադառնալուս պատճառը հեռուստահաղորդման ժամանակ մի երիտասարդ հայուհու հպարտորեն արված հայտարարությունն էր, որ ինքն ամուսնացել է այլադավան երիտասարդի հետ ու դավանափոխ եղել: Անշուշտ իր գործն է, սակայն նրա եւ նման քայլի պատրաստվող հայուհիների համար ուզում եմ պատմել այս պատմությունը:
Դամասկոս, Հայաստանի դեսպանություն: Կեսօր էր, մոտեցավ քարտուղարուհին եւ ասաց, որ մի կին ուզում է ինձ տեսնել:
- Ծանո՞թ է, - հարցրեցի, - անձամբ ի՞նձ է ուզում տեսնել, թե գործով է եկել:
- Չգիտեմ,- պատասխանեց օրիորդ Ցոլարը,- ասաց՝ հայաստանցի եմ, ուզում եմ խոսել հյուպատոսի հետ:
Տարօրինակ էր, ընդհանրապես, դեսպանություն այցելելիս մարդիկ քարտուղարուհուն տեղեկացնում են, թե ում ինչ գործով են ուզում հանդիպել, եթե անձնական ժամադրություն չէ, իսկ հյուպատոսին հանդիպելու ցանկությունը լինում է միայն այն դեպքում, երբ օրիորդը չի կարողանում հարցին պատասխանել, իսկ այսպես, առանց հարցը ներկայացնելու... Թողեցի գործս ու գնացի սրահ, ուր սովորաբար ընդունում էինք այցելուներին: Միջին տարիքի մի համակրելի տիկին հուզված հետ ու առաջ էր անում սրահում: Առաջարկեցի նստել, աղջկան խնդրեցի սուրճ բերել , ես էլ նստեցի ու սպասեցի, որ սկսի: Կինն ուղղակի նայում էր աչքերիս մեջ` ինձ համար ոչ հասկանալի հայացքով: Նայում էր անթարթ, երկար, հետո սկսեց խոսել.
- Հայաստանցի եմ,- ասաց,- Երեւանում եմ ծնվել, հայրս զինվորական էր, դեռ դպրոցական էի, տեղափոխվեցինք Ռուսաստան, քաղաքից քաղաք, մինչեւ հանգրվանեցինք Լենինգրադում: Ուսումս շարունակեցի ճարտարագիտական համալսարանում: Համակուրսեցիս` Ահմադը, շատ ուշադիր էր իմ նկատմամբ, ես էլ սիրահարվեցի, ամուսնացանք: Երիտասարդ տարիներին չէի զգում տարբերությունը, չէի հասկանում, որ ես օտար եմ, շատ օտար բոլոր այն երկրներում, որտեղ ապրել եմ. ամուսինս բիզնեսով է զբաղվում, հաճախ ենք ստիպված եղել երկրից երկիր տեղափոխվել, բայց դրանք բոլորն էլ մուսուլմանական են եղել:
Կինը, որի անունը Գայանե էր, անհասկանալի հոգեվիճակում էր, խոսում էր ու խոսում, պատմում էր ու պատմում, իսկ ես չէի հասկանում, թե ուր է տանում իր խոսքը, ինչու է եկել դեսպանություն, ինչ է ուզում ինձանից: Րոպեներն արդեն ժամ էին դառնում, ես շատ գործ ունեի, բայց չէի կարողանում ընդհատել նրան: Ուղիղ 45 րոպե խոսելուց հետո մեկ էլ շրջվեց, թե՝ Դուք գործ չունե՞ք, որ այսքան ժամանակ ինձ հատկացրիք:
- Ունեի,- ասացի,- ունեմ եւ շատ գործ, դրա համար էլ հիմա բացատրեք, թե ինչ խնդիր ունեք:
- Խնդիր,- թախծալի ժպտաց Գայանեն,- խնդիրս սա էր, հայի կարոտ ունեի, հայաստանցու հետ խոսելու անհրաժեշտություն ունեի, արդեն քանի տարի Դամասկոսում եմ ապրում, բայց ոչ մեկի հետ շփում չունեմ, հայ համայնքի հետ կապ չեմ էլ փնտրում, գիտեմ, անցանկալի եմ իրենց համար, եթե ամուսինս քրիստոնյա արաբ լիներ, գուցե վերապահումով ինձ ներեին, մեկ-երկուսը մոտ թողնեին, բայց մուսուլմանի հետ, այն էլ հայաստանցու ամուսնութունը ոչ մի կերպ չի ներվում: Գնացել էի եկեղեցի, հայ կանայք մտնում, դուրս էին գալիս, չհամարձակվեցի որեւէ մեկին մոտենալ:
Վաղուց եմ ամուսնացել, այն ժամանակ խորհրդային երկրում մեզ համար ոչ մի կրոն չկար, ոչ էլ հավատ, ամոթ էր անգամ այդ մասին խոսել: Ես էլ Ռուսաստանում էի մեծացել, ի՞նչ իմանայի: Ամուսնուս հիմա էլ եմ սիրում, հրաշալի անձնավորություն է, բայց որքան տարիներն անցնում են, այնքան հեռանում ենք իրարից: Նա ավելի է մոտենում իր սովորույթներին, ես էլ խորանում եմ իմ մենակության մեջ: Երբ զավակներս փոքր էին, զբաղված էի, չէի զգում, որ ապրում եմ Բահրեյնում, հետո Քաթարում, Հորդանանում, Սիրիայում: Տղաներս հիմա մեծ են եւ իսկական մահմեդական, իրենք իրենց կյանքն ունեն: Ամուսինս թերեւս միակ մարդն է, որ ինձ հասկանում է: Նա էլ ամիսներով բացակայում է, ես ուղղակի խենթանում եմ: Դե ասեք, ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ապրեմ: Հարազատներ չունեմ, ամուսնուս կողմն ինձ չի ընդունում, ծնողներս վաղուց մահացել են, ոչ ոք չունեմ: Այսքան, այսքան մենակ ես ու՞ր գնայի: Եկել եմ ձեզ պատմեմ այս բոլորը, որ մի քիչ հանգստանամ, եկել եմ ձեզ մոտ, ինչպես միակ հույսի, միակ փարոսի, օգնեք ինձ, խնդրում եմ:
Ես պարզապես շվարել էի, ի՞նչ ասեմ այդ տառապող կնոջը: Ի՞նչ խորհուրդ կարող եմ տալ նրան կամ դրա իրավունքն ունե՞մ: Միակ բանը, որ կարող էի անել` բարեկամությունս առաջարկելն էր, այն էլ մի քանի ամսով, քանի դեռ այստեղ եմ, հետո՞:
Դուրս գալուց Գայանեն մի նախադասություն ավելացրեց.
- Խնդրում եմ ոչ ոքի թույլ չտաք կրկնել իմ սխալը, նրանք չեն հասկանում, թե մինչեւ ուր կարող են հասնել:
Իսկ մի քանի օր անց գործով դեսպանատուն եկան մի երիտասարդ արաբ մուսուլման եւ մի գեղանի հայաստանցի տիկին, որոնք հայտարարեցին, թե ամուսիններ են, ներկայացրին իրենց ամուսնական վկայականը, որը մուսուլմանական երկրներում «օրֆի» է կոչվում: Դա ժամանակավոր թուղթ է, որն ամուսնուն ոչինչ չի պարտավորեցնում, որը ամեն պահի կարելի է պատռել կամ դրանից ունենալ մի քանի կանանց հետ միաժամանակ: Իմ բացատրությունները երիտասարդ հայրենակցուհիս ընդհատեց մի կարճ խոսքով` գիտեմ:
Այսպիսի քանի~ դեպքեր կարող ենք պատմել արաբական երկրներում գործող դեսպանությունների ներկա ու նախկին աշխատակիցներս, այսպես կտրուկ պատասխանողներից քանի՜-քանի՜սն են կարճ ժամանակ հետո արցունքախառն մի կերպ իրենց գցում դեսպանություն «ինձ փրկեք» աղաղակելով, քանիսն են վախենում անգամ այդ քայլին դիմելուց, քանիսի ճակատագրերն են խաթարվում, ու էլի շատ ու շատ բաներ:
Այս մասին պատկերացում ունե՞ք, սիրելի օրիորդներ, մտածեք, խնդրում եմ, մինչ կարեւորագույն որոշումն ընդունելը: Հիշեք, չկա այս հարցը կարգավորող օրենք, որով մենք կարողանանք հետ պահել ձեզ այդ քայլից: Մեր օրենքը շատ ժողովրդավարական է ու մարդասիրական, յուրաքանչյուրս մեր կյանքն ապրում ենք, ինչպես ուզում ենք, ուրեմն ինչո՞ւ չուզենալ արժանապատվորեն ապրել այդ կյանքը: Իսկ խաթարված ու խաթարվող երիտասարդ ճակատագրերի, հայ աղջիկներից ծնվող ոչ հայազգի անընդհատ շատացող մանուկների, ու էլի շատ ու շատ նման լուրջ հարցերին եմ ուզում բեւեռել Հայ առաքելական եկեղեցու ուշադրությունը:
Եվ վերջում, իբրեւ սփյուռքի հետ աշխատող անձ, որ լավ ծանոթ եմ հատկապես մերձավորարեւելյան երկրների հայ համայնքների նիստուկացին, ուզում եմ մեկ անգամ էլ ընդգծել Գայանեի այն միտքը, որ հայերն իրեն արհամարհում են: Այդպես է, խառն ամուսնություններն այստեղ դժվար են ընդունվում ընդհանրապես, այլ կրոն ունեցողների հետ ամուսնությունը բացառվում է, իրենք այդ խնդրի առաջ չեն էլ կանգնում, իրենց զավակներին այնպես են դաստիարակում, որ այդ միտքը նրանց գլխում չի էլ ծագում, իսկ հայաստանցի կանանց նման արարքը ոչ միայն անընդունելի, այլեւ ձաղկելի են համարում:
ՆԵԼԼԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի գործակալության խորհրդական

No comments: