Thursday, January 10, 2008

ՈՒՄ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԻՆ ՏԵՍՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Հայաստանյան ընտրությունները մնում են ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս երկրի ամենահայտնի կայքէջերից Zerkalo.az-ը անդրադարձել է հայաստանյան նախընտրական իրավիճակին «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանում ժողովրդավարական համակարգ գոյություն ուներ» վերնագրով հարցազրույցում, որտեղ ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսովը նշում է, որ ԽՍՀՄ-ի քայքայումից հետո նա տարածաշրջանի միակ ղեկավարն էր, որը պահպանեց իր իշխանությունը ի տարբերություն Գամսախուրդիայի եւ Էլչիբեյի: Այս փաստը, ըստ Յունուսովի, բացատրվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պրագմատիզմով: Եվ հենց սա էր պատճառը, կարծում է ադրբեջանցի քաղաքագետը, որ նա չցանկանալով սրել ներքաղաքական իրավիճակը, հետագայում հեռացավ իշխանությունից, մի բան, որը երբեք չէր անի Հեյդար Ալիեւը: Խոսելով, թե ռազմավարական առումով ո՞ր թեկնածուի հաղթանակն է ավելի ձեռնտու Ադրբեջանին, Արիֆ Յունուսովը նշում է Տեր-Պետրոսյանի անունը, կարծելով, որ այդ դեպքում հնարավորություն կստեղծվի լուծելու ղարաբաղյան հարցը: Միաժամանակ հայտարարում է, որ հայաստանյան եւ ադրբեջանական հասարակությունները պատրաստ չեն փոխզիջման: Ըստ Յունուսովի, իրենք քարոզչական աշխատանք չեն տանում Ղարաբաղում եւ Հայաստանում, սա համարելով ադրբեջանական քաղաքականության թերությունը: Միաժամանակ Յունուսոֆը կարծում է, որ Ղարաբաղի հարցում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը էականորեն առանձնանում է հայ քաղաքական մյուս գործիչների դիրքորոշումից, որոնք պահանջում են «կամ ամեն ինչ, կամ ոչինչ»: Ըստ Յունուսովի, Հայաստանի առաջին նախագահը կողմ է, որ հարցը լուծվի հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի շահերը: Ադրբեջանցի քաղաքագետը մեջբերում է Հայաստանի առաջին նախագահի խոսքերը, որ ղարաբաղյան հարցը չպետք է լուծվի ի հաշիվ Հայաստանի շահերի:
Հարցազրույցում արծարծվում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թեման, ադրբեջանցի քաղաքագետը նշում է, որ ըստ Տեր-Պետրոսյանի չկա հավերժ բարեկամ հանձին Ռուսաստանի եւ հավերժ թշնամի հանձին Թուրքիայի, եւ կողմ է բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը Անկարայի հետ, իսկ «Ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն պատմաբանները»: Անդրադառնալով հայաստանյան ընտրությունների թեմային, Յունուսովը չի հավատում, թե մոտ ապագայում հնարավոր կլինի լուծել ղարաբաղյան հարցը, հետեւաբար ցանկություն է հայտնում, որ Հայաստանի նախագահ ընտրվի ոչ թե Տեր-Պետրոսյանը, որն, ըստ նրա, ժողովրդավարի իմիջ ունի Արեւմուտքում, այլ ծայրահեղական հայացքներ ունեցող առաջնորդ:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

No comments: