Գրում է հայտնի թուրք լրագրող Յասիմին Չոնգարը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ԱՄՆ կատարած այցը արդյունքների առումով մեծ ոգեւորություն էր առաջ բերել Անկարայում: Համենայն դեպս այդպես էին ներկայացնում թուրքական հանրային հեռուստատեսությունն ու մամուլը, համարելով դա պատմական, հատկապես PKK-ի դեմ պայքարում համագործակցելու, ռազմավարական բնագավառում երբեմնի դաշինքը վերականգնելու առումներով: Այլ կերպ` տպավորություն էր ստեղծվում PKK-ի, Քիրքուքի կարգավիճակի, Իրաքի միասնականության պես Թուրքիայի համար չափազանց կարեւոր հարցերում Վաշինգտոնն ընդառաջել է Անկարային:
Միջպետական հարաբերություններում, որպես կանոն, ընդառաջումը միակողմանի չի լինում, այլ ենթադրում է որոշակի պահանջներ: Այցի ավարտին թուրքական որոշ թերթեր գրել էին, որ Վաշինգտոնը Անկարայից պահանջել է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Չի բացառվում, որ PKK-ի դեմ համատեղ պայքարը շարունակելու դիմաց ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջի ընդառաջ քայլեր կատարել, հաստատելով անմիջական շփումներ ինչպես Իրաքի ծագումով քուրդ նախագահ Ջալալ Թալաբանիի, այնպես էլ Քուրդիստան շրջանի վարչակարգի հետ:
Համենայն դեպս «Թարաֆ» թերթի հունվարի 11-ի համարում Յասիմին Չոնգարը, որը Վաշինգտոնից թղթակցում է թուրքական կենտրոնական թերթերին, այդ քայլերի անհրաժեշտության վրա է հրավիրում վարչապետ Էրդողանի կառավարության ուշադրությունը: Նա միաժամանակ ընդգծում է, որ դրանց հետաձգումն այլեւս չի կարելի պատճառաբանել բանակի բացասական վերաբերմունքով: Չոնգարի հոդվածը, որը Վաշինգտոնում անմիջականորեն հետեւել է Գյուլի հանդիպումներին, ուշագրավ է: Ահա թե ինչ է գրում նա.
«Աբդուլլահ Գյուլի նախորդ այցը Վաշինգտոն իրականացվել էր մինչ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, նախքան թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի ապրիլի 27-ի հայտնի հայտարարությունը, Հրանտ Դինքի սպանությունից մի քանի շաբաթ հետո: Այցի ընթացքում Գյուլը դեռեւս արտգործնախարարի կարգավիճակով ոչ միայն առանձնազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ, այլեւ Սպիտակ տանը հանդիպել էր փոխնախագահ Դիկ Չեյնիին եւ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Սթիվն Հեդլիին:
Այդ օրերին ամերիկացիների հաշվարկներով նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուն վարչապետ Էրդողանն էր, ուստի նրանք Գյուլին համարում էին երկրի ապագա վարչապետ: Այցի օրակարգում ընդգրկված էին PKK-ի, Հայոց ցեղասպանության բանաձեւի, Իրանի պես կարեւոր խնդիրներ: Ինքս Գյուլի երկկողմ հանդիպումներին եւ ելույթներին ուշադիր հետեւում էի եւ զրուցելով իր հետ, գրառումներ անում:
Նախագահ Բուշի խորհրդական Հեդլին Գյուլին ասում էր. «Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցում դուք նախ ինքներդ պետք է օգնեք ձեզ: Փոխեք 301-րդ հոդվածը եւ կարգավորեք հարաբերությունները Հայաստանի հետ»: Թեեւ Գյուլը համաձայն էր 301-րդի փոփոխությանը, սակայն «բայց» էր ասում, ավելացնելով, որ Թուրքիայում բանակը դեմ է դրան:
ԱՄՆ պետքարտուղար Ռայսը քաջալերում էր Գյուլին, որ շփումներ հաստատի Հյուսիսային Իրաքի քուրդ առաջնորդների հետ, իսկ Գյուլը հիշեցնում էր, որ Ստամբուլ է հրավիրել Քուրդիստան շրջանի կառավարության ղեկավար Նաչիրվան Բարզանիին, պատրաստվում է հանդիպել վերջինի հետ, երբ վերադառնա Թուրքիա: Նա դեռեւս չգիտեր, որ գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթի հակազդեցությունը ստիպելու էր չեղյալ հայտարարել ծրագրված այդ հանդիպումը:
ԱՄՆ փոխնախագահ Չեյնին ցանկություն էր հայտնում, որ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հրավիրվի Անկարա: Գյուլի կարգավիճակը թույլ չէր տալիս ապահովել այդ այցը, ուստի նա ամերիկացիներին ասում էր. «Մենք էլ ենք կողմ դրան, սակայն նախագահ Սեզերի վերաբերմունքը բացասական է»:
Այլ կերպ, 2007-ի փետրվարին որպես արտգործնախարար ԱՄՆ ղեկավարությունների հետ հանդիպող Գյուլը ակամա խոստովանում էր, որ առաջադրվող քայլերի կատարումը, որքան էլ դրանք օգտակար լինեն, վեր է իր ուժերից: Իրականում կարեւոր չէ, թե ԱՄՆ-ը (ինչպես նաեւ 301-րդ հոդվածի, Իրաքի եւ Հայաստանի հարցերում ԱՄՆ-ի հետ համահունչ տեսակետներ արտահայտող ԵՄ-ը) ինչ է ներշնչել Գյուլին:
Մեր հոդվածը Գյուլի մեկ տարի առաջ Վաշինգտոն կատարած այցով ենք սկսել, որպեսզի հիշեցնենք նրան, որ ինքը արդեն հանրապետության նախագահի պաշտոնում է, ուստի չի կարող որեւէ հարցի առնչությամբ «ի վիճակի չենք, կցանկանայինք, բայց...» եւ այլ կարգի պատճառաբանություններ բերել: Ի վերջո խնդիրը ոչ թե երկրի նախագահի այս կամ այն մայրաքաղաքում արած հայտարարություններն են, այլ օգտավետ համարվող քայլերի կատարումը Անկարայում:
Հուլիսի 22-ի ընտրությունների տպավորիչ հաղթանակից հետո, որի շնորհիվ Գյուլը կարողացավ նախագահ դառնալ, երկրորդ անգամ կառավարություն կազմած վարչապետ էրդողանի «իշխելու» հնարավորություններն անհամեմատ մեծացել են: Կառավարությունը որ 301-րդի փոփոխության ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պահանջներին մինչ այդ տալիս էր «բանակը չի ցանկանում» պատասխանը, հիմա արդեն պատրաստվում է կատարել այդ փոփոխությունը, թեկուզ ոչ լիարժեք ձեւով, այն էլ Հրանտ Դինքի սպանության տարելիցի նախաշեմին:
301-ի ոչ լիարժեք, ուշացած փոփոխությունն անգամ «նորմալացմանն» ուղղված առաջընթաց քայլ համարելը թուրքական թերի ժողովրդավարության առանձնահատկությունն է: Ինչ խոսք, «նորմալացման» ավելի որոշիչ փուլը սկզբնավորվելու է երկրում նոր սահմանադրության ընդունումով: Սակայն կան քայլեր, որոնց կատարումը անկախ դրանից, անհրաժեշտություն է: Դրանցից երեքը, այսինքն՝ քրդական եւ հայկական հարցերը, ներազդում են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա:
1. Հրավիրել Թալաբանիին, որքան էլ նախորդ նախագահ Սեզերը նրան Իրաքի նախագահ ճանաչելու հակումներ չունենար: Աբդուլլահ Գյուլը որպես պետության բարձրագույն ղեկավար, պետք է մերժի Սեզերի մոտեցումը եւ Անկարայում ամենաբարձր մակարդակով ընդունի Ջալալ Թալաբանիին, որը 3 պաշտոնական այց է կատարել Իրան, հյուրընկալվել է ԱՄՆ-ի եւ ԱՄ-ի մայրաքաղաքներում, ինչպես նաեւ արաբական աշխարհում, այն էլ որպես Իրաքի ամբողջականությունն ու միասնականությունը խորհրդանշող նախագահ:
2. Հանդիպել Բարզանիի հետ: Թեեւ մեկ տարի առաջ Իրաքի Քուրդիստան շրջանի կառավարության ղեկավար Նաչիրվան Բարզանիին չհաջողվեց գալ Ստամբուլ եւ հանդիպել Գյուլին, սակայն ժամանակն է, որ այդ հանդիպումը վերջապես կայանա: Պետք է ճանաչել PKK-ի հարցում առանցքային դեր ունեցող Էրբիլի վարչակարգին: Վերջերս Իրանը վարչապետի կարգավիճակով ընդունեց Նաչիրվան Բարզանիին եւ նրա հետ ստորագրեց առեւտրական պայմանագիր:
3. Բացել Հայաստանի հետ սահմանը: Փակ պահելով այս սահմանը Թուրքիան Բաքվին է ենթարկում իր արտաքին քաղաքականությունը եւ հայտնվում է Հարավային Կովկասում խնդիրների լուծման դերակատարությունից կանխավ հրաժարվողի դիրքերում: Հայաստանի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, անկախ արդյունքներից, Անկարան նոր եւ հանդուգն քայլեր պետք է կատարի Երեւանին ընդառաջ: Հայաստանի հետ դիվանագիտական նորմալ հարաբերությունների հաստատումը, երկխոսության շարունակումը, համագործակցության ուղիների բացումը միանգամայն հնարավոր է, անկախ ցեղասպանության հարցի նկատմամբ կողմերի հակադիր դիրքորոշումից: Ակնհայտ է, որ համանման շփումների հաստատումը կմեծացնի պատմական խնդիրների շուրջ խոսակցություն ծավալելու հնարավորությունը:
Ինչ խոսք, հնարավոր է նաեւ, որ Գյուլն ու Էրդողանը, ելնելով «պետականության ռեֆլեքսից կամ ազգայնական հակազդեցությունից» շարունակեն հետաձգել վերոհիշյալ 3 քայլերի կատարումը: Այդ դեպքում ինքնաբերաբար կհետաձգվի նաեւ «նորմալացումը» երկրում, որի հետեւանքով Թուրքիան ավելի շատ կտուժի»:
Հ. Չ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment