Saturday, January 26, 2008

ԱՐՈՆՅԱՆՆ ՍՏԱՆՁՆԵՑ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ


Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարի մասնակիցները վերջին անգամ հանգստյան օրից օգտվելուց հետո կրկին նստեցին խաղասեղանների շուրջը՝ անցկացնելով 11-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի ավարտին մնացել էր 3 տուր, ուստի շախմատիստները, հատկապես առաջատարների խմբում գտնվողները, ձգտում են զերծ մնալ «սայթաքումներից», քանի որ դրանք կարող են ճակատագրական դառնալ:
Հուրախություն մեր շախմատասերների, Լեւոն Արոնյանը 11-րդ տուրի հանդիպումը հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ շատ վստահ անցկացրեց եւ 41-րդ քայլում գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ: Այդ պահին տեղի ունեցող մյուս վեց պարտիաներից ավարտվել էր միայն Լեկո-Կրամնիկ հանդիպումը, որում մրցակիցները 28-րդ քայլին հաշտություն էին կնքել: Այնպես որ, Լեւոնը հաղթելով մրցակցին, վաստակեց 7 միավոր եւ միառժամանակ շրջանցելով Կառլսենին, գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ինչպես պարզվեց որոշ ժամանակ անց, Արոնյանը դարձավ միանձնյա առաջատար, քանի որ Կառլսենը սպիտակներով պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից: Դա նորվեգացի գրոսմայստերի 2-րդ պարտությունն էր մրցաշարում: Առաջինը նա կրել էր 9-րդ տուրում, հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյից:
Տուրը հաջող էր նաեւ Թեյմուր Ռաջաբովի համար, որը սեւերով հաղթեց Բորիս Գելֆանդին: Իվանչուկը ոչ-ոքի խաղաց Ադամսի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Թոփալովն ու Մամեդյարովը:
Այսպիսով, մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Լեւոն Արոնյանը կրկին գլխավորեց աղյուսակը եւ լավ հնարավորություններ է պահպանում կրկնելու նախորդ տարվա հաջողությունը: Ճիշտ է, այսօր կայանալիք 12-րդ տուրում Արոնյանին բավական լուրջ փորձություն է սպասում ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ սպիտակ խաղաքարերով անցկացվելիք մրցավեճում: Վերջինս Արոնյանի համար անհարմար մրցակից է: Հուսանք, որ հայ շախմատիստը վերելքով կանցկացնի նաեւ այդ ծանր մրցախաղը: Իսկ ավարտական տուրում Արոնյանի մրցակիցը կլինի մրցաշարի միակ կին մասնակիցը՝ Հուդիթ Պոլգարը, որն այս տուրում զիջեց Էլյանովին: Այդ մրցախաղում Արոնյանը խաղալու է սեւերով:
6,5-ական միավորով հայ գրոսմայստերին հետապնդողների թվում են Թեյմուր Ռաջաբովը, Մագնուս Կառլսենը եւ Վիշվանաթան Անանդը: 6-ական միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը, Մայքլ Ադամսը եւ Վասիլի Իվանչուկը:
Ներկայացնենք վերջին երկու տուրերի զույգերին: 12-րդ տուր. վան Վելի-Անանդ, Կրամնիկ-Կառլսեն, Ռաջաբով-Լեկո, Մամեդյարով-Գելֆանդ, Էլյանով-Թոփալով, Ադամս-Պոլգար, Արոնյան-Իվանչուկ: 13-րդ տուր. Իվանչուկ-վան Վելի, Պոլգար-Արոնյան, Թոփալով-Ադամս, Գելֆանդ-Էլյանով, Լեկո-Մամեդյարով, Կառլսեն-Ռաջաբով, Անանդ-Կրամնիկ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

No comments: