Tuesday, January 29, 2008

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿՆԵՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Սերգեյ Մովսիսյանը «B» խմբի հաղթող

Հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարում` երկրորդ տարին անընդմեջ բաժանելով 1-ին տեղը: Նշենք, որ ի տարբերություն այլ մրցաշարերի, Վեյք ան Զեեում հավասար միավորների դեպքում լրացուցիչ գործակիցները հաշվի չեն առնվում եւ շախմատիստները բաժանում են տեղերը: Եթե անցած տարի Արոնյանն առաջին տեղը բաժանել էր Թեյմուր Ռաջաբովի եւ Վեսելին Թոփալովի հետ (8,5-ական միավորով), ապա այս անգամ նա 8 միավորով 1-2-րդ տեղերը բաժանեց մրցաշարի ամենակրտսեր մասնակից, 16-ամյա նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:
Հիշեցնենք, որ ավարտական երկու տուրերից առաջ Արոնյանը 7 միավորով կրկին ստանձնել էր միանձնյա առաջատարի դերը` հաղթելով Լյուկ վան Վելիին: Նրանից կեսական միավորով հետ էին մնում Ռաջաբովը, Կառլսենն ու Անանդը: Նախավերջին տուրում Լեւոնը ոչ-ոքի ավարտեց պարտիան իր համար անհարմար մրցակցի` Վասիլի Իվանչուկի հետ: Իսկ ահա Կառլսենը սեւերով պարտության մատնեց Կրամնիկին եւ միավորներով հավասարվեց Արոնյանին: Մյուս հետապնդողները` Անանդն ու Ռաջաբովը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները համապատասխանաբար վան Վելիի եւ Լեկոյի հետ:
Ավարտական տուրում ուշադրության կենտրոնում էին Պոլգար-Արոնյան, Կառլսեն-Ռաջաբով եւ Անանդ-Կրամնիկ պարտիաները: Այս եռյակից առաջինն իր մրցավեճն ավարտեց Լեւոն Արոնյանը` ոչ-ոքի ավարտելով պարտիան Պոլգարի հետ: Այդ պահին Կառլսենը Ռաջաբովի հետ մրցավեճում առավելություն ուներ: Սակայն նրան չհաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ եւ 65-րդ քայլին հաշտություն կնքեց: Այսպիսով, Արոնյանն ու Կառլսենը վաստակեցին 8-ական միավոր: Նրանց միավորներով կարող էր հավասարվել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, սակայն վերջինս չկարողացավ հաղթել Կրամնիկին` բավարարվելով ոչ-ոքիով: Անանդը 7,5 միավորով Ռաջաբովի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը: Մյուս պարտիաներում Գելֆանդը հաղթեց Էլյանովին, Լեկոն առավելության հասավ Մամեդյարովի նկատմամբ: Հաշտություն կնքեցին Իվանչուկն ու վան Վելին, Թոփալովն ու Ադամսը: Այսպիսով, 7-ական միավորով 5-6-րդ տեղերը բաժանեցին Իվանչուկն ու Լեկոն: Այնուհետեւ գալիս են Կրամնիկն ու Ադամսը` 6,5-ական, Մամեդյարովը, Պոլգարը, Թոփալովը` 6-ական, Էլյանովը, Գելֆանդն ու վան Վելին` 5-ական:
Վեյք ան Զեեում զուգահեռաբար անցկացվում էր «B» խմբի մրցաշարը, որի 14 մասնակիցների թվում էին Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Վերջինս պարզապես հիացրեց իր ելույթներով` հասնելով շատ բարձր արդյունքի: Նա 13 հնարավորից վաստակեց 9,5 միավոր եւ վստահորեն արժանացավ գլխավոր մրցանակին` իրավունք ստանալով հաջորդ տարի մասնակցելու Վեյք ան Զեեի «A» խմբի մրցաշարին: Մովսիսյանը մեկ միավորով առաջ անցավ Էթիեն Բաքրոյից ու Նայջլ Շորթից: 12-րդ տուրում Մովսիսյանը հաղթեց Լ՛Ամիին, իսկ ավարտական խաղում իրեն անհրաժեշտ կես միավորը վաստակեց Համփի Կոներուի հետ կարճատեւ պարտիայում (16 քայլ):
Իսկ ահա Գաբրիել Սարգսյանն անհաջող հանդես եկավ: Նա միայն ավարտական տուրում անդրանիկ հաղթանակը տոնեց` պարտության մատնելով Սպիլմանին: Գաբրիելը 5 միավորով 12-13-րդ տեղերը բաժանեց Միխալ Կրասենկովի հետ: Իսկ աղյուսակը 4 միավորով եզրափակեց Սպիլմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

No comments: