Wednesday, January 16, 2008

ՀԱՏՈՐԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱՆԵՐԻՆ

Կանադայում լույս տեսնող «Ապագայ» եռալեզու շաբաթաթերթի դեկտեմբերի 17-ի համարը տեղեկացնում է, որ Չիկագոյի եւ Հարվարդի համալսարաններից երկու դասախոսների` Ջ. Միրսհայմերի եւ Ս. Ուոլթի հեղինակած «Իսրայելական լոբբին եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը» հատորը զայրացրել է հրեաներին եւ աշխույժ վեճերի առիթ դարձել: Գրքում հեղինակները խիստ քննադատության են ենթարկել ԱՄՆ-ի իսրայելյան եւ միջինարեւելյան քաղաքականությունը, շեշտելով մանավանդ, որ Իսրայելին տրված օժանդակությունը հակասում է նույնիսկ ԱՄՆ-ի շահերին: Այդ օժանդակությունը չի կարելի բացատրել ո՛չ ռազմավարական, ո՛չ էլ բարոյական ազդակներով: Դա արդյունք է միայն հրեական ազդեցիկ լոբբիի եւ սիոնիստական համակրանքի տեր նոր պահպանողականների ճնշումի, որն անհավասարակշիռ քաղաքականություն է վարում Մերձավոր Արեւելքում ու անվտանգության տեսակետից անապահով իրավիճակ ստեղծում ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան երկրների համար:
«Իսրայելը դադարել է ԱՄՆ-ի համար ռազմավարական արժեք ներկայացնելուց եւ արդեն վերածվել է ահագնացող խոչընդոտի», գտնում են հեղինակները, որոնք գրքում առաջարկում են Մ. Նահանգների կառավարական շրջանակներին` վերանայել եւ անհապաղ փոփոխություններ կատարել այդ տարածաշրջանի նկատմամբ որդեգրված քաղաքականության մեջ: Իր հակահայկական դիրքորոշումով հայտնի «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության նախագահ Ա. Ֆոքսմանը «կողմնակալ եւ նենգամիտ» է որակել հատորը եւ հայտնել, որ պատրաստվում է հակադարձել վերոհիշյալ հեղինակներին:
Հ. Ծ.

No comments: