Wednesday, January 16, 2008

Turkish delight

Տարիներ առաջ մի հոդված կարդացի գիտական ամսագրերից մեկում, որտեղ խոսվում էր կենդանիների բնածին եւ ձեռքբերովի հիշողության մասին: Գիտնականներն այսպիսի փորձ էին արել առնետների հետ. ձկան մսի կտորը դրել էին մի մետաղալարի ծայրին, որի միջով հոսանք էր անցնում: Սոված առնետը մոտենում է միսն ուտելու, բայց հոսանքը խփում է: Նորից ու նորից է փորձում, հոսանքը դարձյալ խփում է: Յոթերորդ-ութերորդ փորձից հետո այլեւս չի մոտենում: Միսը մետաղալարի ծայրից հանում եւ գցում են նրա առջեւ: Առնետը չնայած քաղցած է, բայց մսին չի մոտենում: Եվ ընդհանրապես, ամեն անգամ ձկան հոտ առնելիս, փախչում, ապահով անկյուն է փնտրում: Փորձը կրկնում են մեկ ամիս հետո. միեւնույն սարսափն է «վտանգավոր» հոտի հանդեպ:
Ասելն ամոթ է, բայց անգամ երեխան գիտի, որ մարդ արարածն իր գիտակցությամբ եւ մտավոր կարողություններով անհամեմատ ավելի բարձր է առնետից:
Տեսականորեն այդպես է, բայց գործնականում...
Խոսքն ամբողջ մարդկության մասին չէ: Ես նկատի ունեմ վեց միլիարդի մի փոքրիկ մասը, հայ ժողովուրդը, իսկ ավելի ճիշտ՝ այդ ժողովրդի որոշ ներկայացուցիչներին, որոնց տարօրինակ պահվածքը վկայում է, որ իրենց մտավոր կարողություններով զիջում են փորձակենդանի դարձած առնետին:
Եթե ձկան մսից վճռականորեն խուսափող այդ առնետը երկու ոտքի վրա քայլեր, իրեն հայ համարեր, հայերեն խոսեր, մոտ տասը դար սելջուկ-օղուզ-թուրքի հարեւանությամբ ապրեր, կրեր այն ամենը, ինչ մյուս` մարդկային ուղեղ ունեցող հայերը կրեցին թուրքից, ապա այսօր, տասը դար հետո, իր առնետի ուղեղով, դանակը կոկորդին դնելուց հետո անգամ կհրաժարվեր Թուրքիա գնալ, եւ, ընդհանրապես, իրեն հեռու կպահեր այդ երկրին առնչվող ամեն ինչից:
Սակայն մարդկային ուղեղ ունեցող եւ առնետից անհամեմատ ավելի բարձրակարգ համարվող որոշ հայեր ուրիշ կերպ են մտածում: Փաստերն, ավա՜ղ, քիչ չեն... Ոմանք մետաղալարի ծայրին հագցված միսը վաղուց են կլլել, էլեկտրական հոսանքը նրանց համար հաճելի գրգիռ է` նյարդերը շոյող, եւ հիմա նոր էտապ է սկսվում, հիմա զբաղված են ձկան միսը փառաբանելով:
Հայկական օդանավերում հայտնվել է պատկերազարդ մի հանդես. «Flight magazine»: Նման հանդեսներ կարդում էինք օտար ընկերությունների չվերթերից օգտվելիս: Այժմ Հայաստանն էլ ունի: Հանդեսի երրորդ համարում, ուղեւորներին կամ զբոսաշրջիկներին հրապուրող տեքստերի եւ լուսանկարների կողքին ներկայացված է մի ցուցակ. «Ունիկալ գիշերային ակումբների լավագույն հնգյակ»:
Այդ հնգյակի մեջ տեղ է գտել նաեւ թուրքական «Հալիկառնաս» գիշերային ակումբը: Հեղինակը լորձնաշուրթ գովասանքներ է շռայլում հունական հին եւ փառահեղ քաղաքի անունը կրող այդ հաստատությանը, խոստանալով «անսանձ խրախճանքի գիշերներ»:
Նման հանդեսները որոշակի նպատակ են հետապնդում. 1. դյութական գույների մեջ ներկայացնել այն երկրները, ուր չվերթեր է իրականացնում տվյալ օդանավային ընկերությունը, 2. նպաստավոր լույսի տակ ներկայացնել սեփական երկիրը:
Հանդեսը, սկզբունքով, Թուրքիային պիտի անդրադառնար, քանի որ «Արմավիան» թռիչքներ է իրականացնում նաեւ այդ ուղղությամբ: Բայց ինչպե՞ս: Թուրքական «կայֆերը» գովազդելու փոխարեն հանդեսը կարող էր հոդվածաշար տպագրել, ասենք, հայկական Ստամբուլի, Իզմիրի եւ այլ քաղաքների մասին... Գուցե առանց հիշատակելու 1915 թվականը, բայց Երեւանից Ստամբուլ մեկնող հայ եւ օտարազգի ուղեւորներին հիշեցնելու եւ հայտնելու, թե հայերն ինչ ավանդ ունեն այդ երկրում... Կարող էին նաեւ մի հետաքրքրական հոդված պատրաստել թուրք ամենամեծ ճարտարապետ, ծագումով հայ Սինանի մասին... Կարող էին հունական, հռոմեական, բյուզանդական եւ քրիստոնյա այլ ազգերի մշակութային հետքերը ներկայացնել... Կարող էին, վերջապես, վերանորոգված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու մասին պատմել, սակայն ո՛չ թուրքական վայելքները փառաբանել...
Գուցե ասեն, թե եղածը մի բան չէ, ընդամենը ամսագրային մեկ էջ: Սակայն այդ մեկ էջը ոչ միայն վկայում է, որ հանդեսի խմբագրությունը շատ հստակ չի պատկերացնում իր առաքելությունը (մյուս նյութերի որակի, լեզվական մակարդակի մասին չենք խոսում), այլեւ, որ օդային ճամփորդությունը միշտ եղել է, իսկ այսօր առավելագույն չափով մնում է քաղաքականության ուղղակի շարունակությունը: Այս տարրական ճշմարտությունը մենք չպիտի հիշեցնեինք (գուցեեւ սովորեցնենք) այդ գործին ուղղակի առնչություններ ունեցող հանդեսի խմբագրությանը, քանզի հատկապես նրանք, հենց վերջերս, առավել քան կոպտութամբ տեսան ու զգացին թուրքական վայելքների մյուս` իսկական երեսը, երբ անհեթեթ պատճառներով հայկական օդանավերին արգելվեց Թուրքիայի տարածքով թռչել Բեյրութ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

No comments: