Wednesday, February 06, 2008

«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

Նման վերնագրով «Крымское Эхо» կայքի լրագրող Վիկտոր Կովալենկոն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին: Ըստ կայքէջի, Անգլիայում ապաստան գտած հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկին ակտիվորեն ներգրավված է հայաստանյան ընտրությունների մեջ: Այսպես, թերթը գրում է, որ մեկ տարի առաջ Կիեւում հանդիպում է տեղի ունեցել ՀՀՇ-ի առաջնորդների եւ Բերեզովսկու կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական ազատություններ» հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Գոլդֆարբի միջեւ: Հաղորդվում է, որ հանդիպումը կազմակերպվել է Դավիթ Ժվանիայի միջնորդությամբ: Հոդվածի հեղինակը գրում է, որ ըստ որոշ լուրերի, հանդիպմանը մասնակցել են նաեւ հայաստանյան ուժային նախարարությունների մի քանի ներկայացուցիչներ: Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որը ավարտվեց ընդդիմության ջախջախումով, ըստ հոդվածագրի, նորից ակտիվացան կապերը Բերեզովսկու մարդկանց եւ ՀՀՇ-ականների միջեւ: Վիկտոր Կովալենկոն պնդում է, որ այս անգամ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայում, որտեղ, ըստ հեղինակի, իբր գտնվում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթի «պալատը գոլֆի դաշտով»: Ըստ հոդվածագրի հանդիպումը այս անգամ կայացել է Ֆրանսիայի ափամերձ շրջաններից մեկում՝ մի հայ մեծահարուստի զբոսանավի վրա: Ըստ Վիկտոր Կովալենկոյի, Բերեզովսկին լավ հասկանալով, որ փետրվարյան ընտրությունները Հայաստանում իշխանությունը վերցնելու վերջին հնարավորությունն են, Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տվել փորձել ուժային տարբերակը` «բադրջանների հեղափոխությունը»: Հոդվածի հեղինակը պնդում է, որ փետրվարի 20-21-ին ՀՀՇ-ի առաջնորդությամբ Երեւանի փողոցներ դուրս կգան «կեղծված» ընտրություններից դժգոհ զանգվածները, որոնց հնարավոր է, որ աջակցեն զինվորական եւ ոստիկանական որոշ ստորաբաժանումներ: «Крымское Эхо»-ի լրագրողը պնդում է, որ ուժայիններին շահագրգռելու համար արդեն 7 մլն դոլար է փոխանցվել համապատասխան հաշվեհամարին, որի մասին իբր թե իր կողմնակիցներին հայտնել է առաջին նախագահի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը: Կայքէջը գրում է նաեւ, որ գումարը փոխանցվել է ինչ-որ «իսրայելական ճանապարհով», ոմն Լյուդմիլայի անունով:
Ինչեւէ, ներկայացնելով այս հոդվածը՝ «Ազգը» չի ընդունում այն որպես վերջին ճշմարտություն, սակայն իր պարտքն է համարում ընթերցողներին ներկայացնել նաեւ այս տեսակետը: Թերթը պատրաստ է հրապարակել այդ տեսակետը հերքող շահագրգիռ կողմերի կարծիքը: Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ http://www.kr-eho.info/index.php?name=News&op=article&sid=474 կայքէջում կամ «Ազգ»-ի կայքէջի ռուսերեն տարբերակում՝ http://www.azg.am/RU

No comments: