Thursday, February 07, 2008

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ, ԸՍՏ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԻ

Populus-ը հայտարարում է, որ ինքը շահեր չունի Հայաստանում
Երեկ տեղի ունեցավ սոցիոլոգիական հարցումներում մասնագիտացված բրիտանական Populus ընկերության Հայաստանում անցկացված հարցման արդյունքների շնորհանդեսը: Ըստ այդ ընկերության տնօրեն Էնդրյու Կուպերի, նմանատիպ հարցումներ նրանք անցկացնում են բրիտանական եւ միջազգային շատ հեղինակավոր լրատվամիջոցների ու մասնավոր ընկերությունների պատվերով: Հայաստանում այս կազմակերպությունը հարցում է անցկացրել Հայաստանի հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի պատվերով: Սա միակ հարցումը չէ, նախատեսվում է, որ այս կազմակերպությունը եւս մեկ հարցում ու Exit poll` ելքահարցումներ կանցկացնի Հայաստանում ընտրությունների օրը: Հարցումներն անցկացվել է հունվարի 21-29, Հայաստանի տարբեր շրջաններում, պատահական ընտրանքի միջոցով, մոտ 1500 բնակիչների շրջանում: Ըստ Կուպերի, այս թիվը բավարար է բնակչության տրամադրություններին ծանոթանալու համար: Սոցիոլոգիական հարցումների մշակումը կատարվել է Լոնդոնում, իսկ հարցումները կատարել է Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան, բրիտանացիների վերահսկողության պայմաններում: Էնդրյու Կուպերը նշեց, որ իրենք բարձր վարկանիշ ունեցող ընկերություն են եւ որեւէ շահ ու հետաքրքրություն չունեն Հայաստանում ընթացող ընտրություններում:
Հարցվածների մեծ մասը` 53%-ը գտնում է, որ զարգացումները Հայաստանում ճիշտ ուղղությամբ են ընթանում, հակառակ կարծիքին է 47%-ը: Populus-ի տնօրենը նշում է, որ ապրիլին եւ հոկտեմբերին կատարած հարցումների համաձայն, այստեղ լուրջ առաջընթաց կա: Ինչպիսի՞ն կլինի ձեր անձնական վիճակը մեկ տարի անց, այս հարցում լավատեսների թիվը կազմում է 47 %, հոռետեսների թիվը` 8%:
Երկրի ապագայի հարցում լավատեսները 51% են կազմում, իսկ հոռետեսները` 9 %:
Երիտասարդների մեջ 18-34 տարեկանների շրջանում լավատեսների թիվը ավելի բարձր է եւ կազմում է մոտ 61 %: 5%-ով աճել է նաեւ նրանց թիվը, ովքեր կարծում են, որ այս տարի ընտրություններն ավելի ազատ ու արդար կլինեն` 30%, հակառակ կարծիքին է 24%-ը: Ընտրություններում ամենամեծ ազդեցությունը, ըստ հարցումների, կունենան հեռուստատեսությունները` 93%, 88%-ի համար կարեւոր են հանդիպումները քաղաքական գործիչների հետ, 83 %-ի կարծիքով` ընտանիքում բարեկամների հետ քննարկումները, իսկ 80%-ի համար ամենաազդեցիկը տպագիր մամուլն է, ապա հետեւում է ռադիոն` 78%:
Թեկնածուների հարցում Populus-ին հետաքրքրել են հետեւյալ հարցերը, «Ո՞վ բոլորից լավ կլուծի գործազրկության հարցը Հայաստանում». Սերժ Սարգսյան` 43%, Արթուր Բաղդասարյան` 28%, հետո գալիս են Վահան Հովհաննիսյանը, Գեղամյանը, Տեր-Պետրոսյանը եւ այլն: Ո՞վ լավագույնս կամրացնի տնտեսությունը` Սերժ Սարգսյանը ստացել է 41%, Բաղդասարյանը` 26 %: Ղարաբաղյան հարցի լուծման հարցում գործող վարչապետն ունի բնակչության 54%-ի աջակցությունը, երկրորդ տեղում է Վահան Հովհաննիսյանը` 14%, ապա Տեր-Պետրոսյանը` 13%: Ցեղասպանության ճանաչման հարցում 40%-ը վստահում է Սերժ Սարգսյանին, 17%-ը` Վահան Հովհաննիսյանին, 12%-ը` Արթուր Բաղդասարյանին եւ 11%-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Անվտանգության ապահովման հարցում նույնպես առաջատարը Սերժ Սարգսյանն է, պնդում է Populus-ի տնօրենը` 46%, 18%` Արթուր Բաղդասարյան, 14%` Վահան Հովհաննիսյան եւ այլն: Սոցիալական եւ տնտեսական հարցերի լուծման խնդրում նույնպես առաջատարը գործող վարչապետն է: Կոռուպցիայի դեմ պայքարում թերեւս Սերժ Սարգսյանը ունի ամենացածր արդյունքը` 28%, 19%-ի կարծիքով այդ չարիքի դեմ կպայքարի Ա. Բաղդասարյանը, Գեղամյանը եւ Տեր-Պետրոսյանը ունեն 12%, իսկ Վահան Հովհաննիսյանը` 11%: Ամփոփելով հարցումների այս մասը` Էնդրյու Կուպերը նշեց, որ Սերժ Սարգսյանի առաջատարությունը միանշանակ է եւ հատկապես նկատելի է, երբ հարցը վերաբերում է երկրի անվտանգության խնդիրներին:
Կուսակցությունների մասին հարցումներում մասնակիցներից խնդրել են գնահատել կուսակցությունների վարկանիշը 1-ից մինչեւ 100 թվերի սահմաներում, ստացվել են հետեւյալ արդյունքները, Հանրապետական կուսակցություն՝ 56.89 միավոր, «Բարգավաճ Հայաստան»` 46.49, ՕԵԿ` 46.33, ՀՅԴ` 41.74, «Ազգային միաբանություն»` 34.04, ՀԺԿ` 32.57, ԺԿ` 32.21: Հարցվածների 56%-ը ասել է, որ մասնակցելու է ընտրություններին, 24%-ը նշել է, որ հավանական է իր մասնակցությունը ընտրություններին:
Եվ վերջապես օրվա կարեւորագույն հարցը` ում կողմը կքվեարկեիք, եթե հենց վաղը լիներ ընտրությունը: Ըստ Էնդրյու Կուպերի, այս հարցի արդյունքները ստանալու համար, հարցվածների թվից հանել այն պատասխանները, որոնք ասել են, որ չեն գնա կամ չգիտեն, թե ինչպես են քվեարկելու: Սերժ Սարգսյանը ստացել է 50,7% ձայն, Արթուր Բաղդասարյանը` 13,4%, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 12,6%, Վահան Հովհաննիսյանը` 7.6%, Արտաշես Գեղամյանը` 6,4%, Տիգրան Կարապետյանը` 4,5%, Վազգեն Մանուկյանը` 3.2%, մյուս թեկնածուները ստացել են շատ ավելի ցածր ձայներ: Ըստ Populus-ի, հոկտեմբերի համեմատ գործող վարչապետի վարկանիշը ավելացել է 8%-ով: Էնդրյու Կուպերը եզրակացրեց նաեւ, որ Հայաստանի բնակիչներն ապագայի վերաբերյալ դրական են տրամադրված եւ գտնում են, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում, հետեւաբար Populus-ի տնօրենը չի զարմանա, եթե Սերժ Սարգսյանը հաղթի նախագահական ընտրություններում «լավ արդյունքներով», քանի որ նրան ավելի շատ են սատարում, քան մյուս թեկնածուներին միասին վերցրած:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

No comments: