Ապացուցելու համար ցեղասպանության հայկական պնդումների «անհեթեթությունը»
Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան դյուրագրգիռ են դառնում Թուրքիայի կառավարական, քաղաքական եւ գիտական շրջանակները, իսկ դա նրանց ստիպում է դիմել անհավասարակշիռ քայլերի: Այդ քայլերից թերեւս անհավասարակշիռը հունվարի վերջերին կատարել էր Թուրքական պատմական ընկերության նախագահ պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն:
Նախ՝ նա թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից հայտարարել էր, որ ինքը պատրաստ է բարձրանալու կախաղան, եթե ապացուցվի Հայոց ցեղասպանության փաստը: Ապա եւ կարծիք էր հայտնել, թե տեղահանության ընթացքում հայերը մահացել են համաճարակներից եւ տարբեր հիվանդություններից:
Կախաղան բարձրանալու վճռականություն հայտնելիս Հալաչօղլուն քաջ գիտեր Թուրքիայում մահապատժի վերացման մասին: Իսկ համաճարակների մասին արտահայտվելիս նա փորձում էր ցեղասպանության թուրքական ժխտողականության դիրքերը պաշտպանել կատարվածի համար արդարանալու միջոցով, ինչն անհամատեղելի է ճշմարտության հետ:
Քայլի առումով ոչ պակաս անհավասարակշիռ պետք է համարել Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովի պատվիրակության Ֆրանսիայի Ազգային ժողովին եւ Սենատին Փարիզում արած առաջարկը: Տեղեկացնելով այդ մասին հունվարի 31-ի համարներում, թուրքական «Միլիեթ» եւ «Զաման» թերթերը նշում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ֆրանսիական օրենքը Հաագայի միջազգային քրեական դատարանում բողոքարկելու Անկարայի վերջին նախաձեռնության մասին:
Այդ նպատակով հունվարի 29-31-ը Փարիզ գործուղված թուրքական պատվիրակությունը փորձել էր համոզել ֆրանսիացի խորհրդարանականներին, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ համատեղ դիմի Հաագայի միջազգային դատարան՝ ճշտելու համար, թե 2001-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող ֆրանսիական օրենքը համապատասխանո՞ւմ է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի պահանջներին:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի ԵՄ-ի հետ ներդաշնակության հանձնաժողովի պատվիրակության անդամ Շյուրքրյու Էլեքդաղը հայտարարել է, որ Թուրքիան միջազգային դատարան կդիմի միայնակ, եթե Ֆրանսիան մերժի համատեղ դիմելու թուրքական առաջարկը: Այնուհետեւ նա կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին 2001-ին ընդունած օրենքով Ֆրանսիան խախտել է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի դրույթները, հետեւաբար Անկարան իր առջեւ խնդիր է դրել հասնելու ֆրանսիական վերոհիշյալ օրենքի հակաիրավական հռչակմանը Հաագայի միջազգային դատարանում, հենց այնտեղ էլ «ապացուցելու ցեղասպանության հայկական պնդումների անհեթեթությունը»:
Վերջում «Զաման» եւ «Միլիեթ» թերթերը նշում են, որ Էլեքդաղը թուրքական պատվիրակությունում ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, այդ իսկ պատճառով էլ նրա հայտարարություններն ավելի անկաշկանդ են: Հակառակ դրան, պատվիրակության ղեկավար Յաշար Յաքըշը վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչն է: Ինչի պատճառով նրա հայտարարությունները եղել են անհամեմատ զուսպ: Պատվիրակության նախագահ Յաքըշը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ֆրանսիական օրենքի առնչությամբ Հաագայի միջազգային դատարան դիմելու հարցը քննարկվել է Ֆրանսիայի ազգային ժողովում եւ Սենատում, իսկ քննարկումներում թուրքական առաջարկն արժանացել է ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքների:
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Monday, February 04, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment