Արամ Հարությունյանը նախագահի թեկնածուներին առաջարկում է ԼՂՀ հարցի մասին փաստաթուղթ ստորագրել:
«Մենք՝ ՀՀ նախագահի ներքոստորագրյալ թեկնածուներս, հաստատագրելով նվիրվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդար կարգավորմանը, ընտրվելու դեպքում պարտավորվում ենք.
ա) նպաստել բանակցային գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով դրանցում արցախյան կողմի վճռորոշ մասնակցությունը,
բ) հասնել ղարաբաղյան հակամարտության հիմնական զոհի՝ ադրբեջանահայության քաղաքական իրավունքների վերականգնմանը եւ կրած տնտեսական կորուստների փոխhատուցմանը:
Ընդունելի ենք համարում արցախյան հիմնախնդրի կարգավորման հետեւյալ տարբերակները՝ անկախ, ինքնիշխան պետություն կամ վերամիավորում Հայաստանի Հանրապետության հետ:
Համոզված ենք, որ այլ լուծումների դեպքում երաշխավորված չեն ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքը եւ անվտանգությունը»,- երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Հայտարարության այս տեքստի կրկնօրինակն ուղարկվել է ՀՀ նախագահի մնացյալ թեկնածուների շտաբներ, բնօրինակը թեկնածուն թողել է «Փաստարկ» ակումբում: Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու մասին թեկնածուն ավելի վաղ էր հայտարարել:
Այն, որ իր մրցակիցներին թեկնածուն իր գրասենյակ չի հրավիրել սույն փաստաթուղթը ստորագրելու համար՝ «Առավոտի» հետ զրույցում բացատրեց այսպես. «Որպեսզի որեւէ մեկի ամբիցիաները չվիրավորեմ»: Երեկ ժամը 20.00-ի դրությամբ տեղեկացանք, որ փաստաթուղթը՝ եւ կրկնօրինակը, եւ բնօրինակը, ստորագրել է միայն ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ինչպես նաեւ՝ նախաձեռնության հեղինակը: Իսկ նման նախաձեռնությունը Արամ Հարությունյանն այսպես է մեկնաբանում. «Այլ հարցերում կարող ենք տարբեր մոտեցումներ ունենալ, բայց ղարաբաղյան հարցում պարտավոր ենք մեկ միասնական մոտեցում ունենալ: Դա է պահանջում ազգային շահը»: «Առավոտի» հետ զրույցում նախագահի թեկնածուն վերհիշեց, որ 1997-98 թվականներին իշխանության ներսում այս հարցի շուրջ բանավեճ կար, որն էլ հանգեցրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Այսօր Արամ Հարությունյանը առաջին նախագահի նախընտրական ծրագրում տեսնում է այն տարիների նրա մոտեցումները՝ «պարզապես փաթեթավորված»: Նա ասում է, որ ստորագրելով սույն փաստաթուղթը՝ թեկնածուները կկանխեն նաեւ մեր հակառակորդների սպասելիքները, թե իբր այս կամ այն թեկնածուի հաղթանակի դեպքում իրենք կշահեն եւ ԼՂՀ հարցը լուծում կստանա՝ ըստ իրենց պատկերացումների: Բացի դա, Արամ Հարությունյանը գտնում է, որ պետք է նաեւ սեփական ժողովրդի հետ ազնիվ լինել:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Tuesday, February 12, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment