Ի՞նչը միավորեց այդքան մարդկանց փետրվարի 19-ին
Նախագահական ընտրությունների արդյունքները եւ հաջորդող իրադարձությունները դեռ երկար ժամանակ կքննարկվեն: Թե ինչո՞ւ զարգացումները գնացին այդ ուղղությամբ, ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչը թվում էր, թե Հայաստանում չէր կարող տեղի ունենալ, եւ բազմաթիվ այլ ինչուների պատասխանները դեռ պետք է տրվեն: Սակայն այսօր արդեն տեղի ունեցածի որոշ պատճառներ կարելի է տեսնել: Ընդ որում, դրանք շատ ավելի խորքային են, քան ներկայումս շրջանառվող սոցիալական, գործող իշխանություններից դժգոհ լինելու, հոգեբանական դիվերսիայի ենթարկվելու եւ այլ պատճառները, որոնք թեեւ նույնպես առկա են, բայց հիմնականները չեն:
Այն, որ 2008-ի փետրվարի 19-ին ընտրողների ձայները բաշխվեցին նախագահի 4 հիմնական թեկնածուների միջեւ, տարօրինակ կամ արտառոց համարել չի կարելի: Տարօրինակ չէր նաեւ, որ 270 հազար մարդ իր ձայնը տվեց ժողովրդին պոպուլիստական խոստումներով իր կողմը գրավող ընդդիմադիր թեկնածու Արթուր Բաղդասարյանին, 100 հազարը՝ իշխանության մաս կազմող, բայց նույն իշխանության հանդեպ քննադատական կեցվածք ընդունած ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին եւ վերջապես 862 հազարը՝ իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանին: Տարօրինակ էր, որ քաղաքական համակարգը փոփոխելու լոզունգով հանդես եկող Վազգեն Մանուկյանը ստացավ միայն 21 հազար ձայն: Առավել արտառոց էր նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած 21 տոկոս կամ ավելի քան 350 հազար ձայները:
Բազմիցս է ասվել, թե ովքեր են նախկին նախագահին ձայն տվել՝ նրա թիմակիցները եւ համախոհները, որոնք եղել են իշխանության ղեկին, քաղաքական որոշ ուժեր, որոնք սպասելիքներ ունեին նախկին նախագահի իշխանության գալու դեպքում, տարբեր տրամաչափի նախկին պաշտոնյաներ, որոնք այս իշխանությունների ժամանակ զրկվել էին պաշտոններից, սոցիալապես վատ վիճակում գտնվող մարդիկ, որոնք հոգնել են վատ ապրելուց, բայց մոռացել են, թե ում իշխանության տարիներից են սկսել վատ ապրել, նաեւ փոքր ու միջին բիզնեսով զբաղվող մարդիկ, որոնք չնայած կայացել են վերջին 5-6 տարիներին, բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժգոհություններ ունեն կապված հարկային եւ պետական այլ կառույցների հետ, եւ մարդիկ, որոնք անկախ սոցիալական կամ այլ կացությունից, պարզապես դժգոհ են իշխանություններից: Սակայն չի կարելի չնկատել նրանց միավորող մեկ ընդհանրություն: Նրանք բոլորը ձայն էին տվել մի անձի, որը խոստանում էր քանդել, ոչնչացնել, նստեցնել, որը երկրի հետագա զարգացման իր պատկերացումների մասին ոչինչ չէր ասում: Սակայն քանդելու եւ ոչնչացնելու խոստումը բավարար եղավ, որպեսզի նա իր շուրջը հավաքի նման պատկառելի ընտրազանգված: Ի՞նչ է սա նշանակում:
Դժբախտաբար, մեր ժողովրդի մի զգալի հատվածի մեջ շարունակում է ապրել «քանդելու» եւ «ոչնչացնելու» մտայնությունը եւ դրանով կողմնորոշվելը: Սա միայն սոցիալական վիճակով չի կարելի բացատրել, քանզի սոցիալապես վատ վիճակում գտնվողներն ամենեւին էլ միաձայնորեն Լեւոն Տեր-Պետրոսյանին չընտրեցին: Մյուս թեկնածուները եւ հատկապես սոցիալական կյանքի անմիջական բարելավումներ խոստացող Արթուր Բաղդասարյանն ու թոշակների կամ աշխատավարձերի բարձրացում իրականացրած Սերժ Սարգսյանը նույնպես ստացան նույն խավի ձայները: Սակայն այդ ընտրողները տարբերվում են նախկին նախագահին ընտրողներից, որովհետեւ իրենց վիճակից դուրս գալու ելքը տեսնում են ոչ թե ինչ-որ բան քանդելու կամ ինչ-որ մեկին ոչնչացնելու կամ, ծայրահեղ դեպքում, հեռացնելու, այլ կայունության, զարգացման, կառուցելու մեջ:
Հետընտրական շրջանի իրադարձությունները եւ հատկապես մարտի 1-2-ի դեպքերը փաստացի ապացույց էին, որ նախկին նախագահին ընտրել էին «քանդելն» ու «ոչնչացնելը» որպես խնդիրների լուծման տարբերակ տեսնողները: Նրանք, որպես կանոն, չեն էլ պատկերացնում եւ չեն ցանկանում մտածել, թե ի՞նչ է լինելու, եթե իրենց թեկնածուի հաղթանակից հետո հաջողվի «քանդել» ու «ոչնչացնել», ի՞նչ են ստանալու իրենք: Մինչդեռ պատմությունից հայտնի է, որ գալու է խոր հիասթափության պահը, որ մի քանի տարի հետո արդեն այդ նույն մարդիկ եւ նրանց ավելացած բազում ուրիշներն են հրապարակներ ու փողոցներ դուրս գալու «քանդելու», «ոչնչացնելու», «նստեցնելու» հերթական կոչ անողների հետեւից գնալու համար: Իսկ որ դա վաղ թե ուշ անխուսափելիորեն բերելու է պետականության կորստի, միանշանակ է: Հարց է առաջանում, որտեղի՞ց է գալիս «քանդելու»՝ սեւեռուն գաղափար հիշեցնող թաքցված կամ անթաքույց մոլուցքը եւ ինչպե՞ս կարելի է դրա դեմ պայքարել:
Գլխավոր պատճառը դարեր շարունակ պետականության բացակայությունն է: Եթե, օրինակ, Ռուսաստանում իրենց պաշտոնավարման ավարտից 10 տարի հետո փորձեին նախագահ ընտրվել, ենթադրենք Միխայիլ Գորբաչովը կամ Բորիս Ելցինը, որոնք նույն՝ պետություն քանդողի համարումն ունեն Ռուսաստանում, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում, եւ եթե նրանք խոստանային քանդել Վլադիմիր Պուտինի «ստեղծած ավազակապետությունը», պատկերացնո՞ւմ եք, թե ինչ արձագանք կստանային ռուսական հասարակության կողմից: Ոչ թե 21 տոկոս, նրանցից եւ ոչ մեկը 1-2 տոկոսից ավելի ձայն չէր հավաքի, քանզի, ի տարբերություն մեզ՝ հայերիս, ռուսները պետություն են ունեցել դարեր շարունակ եւ ոչ միայն պետություն, այլեւ կայսրություն, որը նրանց ազգային հպարտության գլխավոր բաղադրիչներից է: Եվ ամեն մեկը, ով կփորձի ձեռք բարձրացնել այդ պետականության վրա, կարժանանա Ռուսաստանի բնակչության ընդգծված բացասական եւ անհանդուրժող վերաբերմունքին: Ավաղ, հաճախ ավելորդ ինքնագովությամբ տառապող հայերս, գոնե մեր մի հատվածը դեռ շատ հեռու է նման գիտակցություն ունենալուց: Թեեւ պետք է նշել, որ այն սկսել է ձեւավորվել: Դրա ապացույցն է այն, որ հազարավոր ընտրողներ, անձնական համակրանք չունենալով Սերժ Սարգսյանի հանդեպ, չընդունելով նրա քաղաքական հայացքներն ու սկզբունքները, ընտրեցին նրան՝ հանուն երկրի կայունության եւ պետականության պահպանման, հնարավորություն չտալով Լեւոն Տեր-Պետրոսյանին իրականացնելու պետականության հիմքերը քանդելու ծրագրերը: Այսինքն, կարող ենք փաստել, որ մեր բնակչության գերակշիռ մասը, այդ թվում նաեւ մյուս թեկնածուներին ընտրողները, չեն աջակցում «քանդելու» կոչով հանդես եկողներին: Մնում է միայն տարեց տարի ավելացնել կառուցման կողմնակիցների թիվը, որոնք նկատի ունենալով այս կամ այն թեկնածուի, քաղաքական ուժի անցած ուղին, իրենց եւ երկրի ապագան կտեսնեն նրանց քաղաքական ծրագրերի եւ գործողությունների մեջ:
Սարսափելի չէ եւ ավելին` բնականոն է, որ գործող իշխանությունները ներկայացնող Սերժ Սարգսյանին դեմ է արտահայտվել մոտ 750 հազար մարդ: Սարսափելին այն է, որ դրանցից 350 հազարը իր ձայնը տվել է «քանդող» ուժին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ ոչ թե, ասենք, «վերափոխող» կամ «բարեփոխող» Վազգեն Մանուկյանին կամ Վահան Հովհաննիսյանին: Մինչդեռ եթե այդ 350 հազար կամ թեկուզ դրանից ավելի ձայները ստանային վերջիններս կամ նրանցից որեւէ մեկը, դա, թերեւս, ավելի զգոն կդարձներ ընտրված նախագահին, որն իր թիկունքում կզգար կառուցողական քաղաքական ուժի շնչառությունը, եւ պետականությանը սպառնացող վտանգի դեմ հավելյալ ջանքեր պահանջող պայքարի փոխարեն, իր քաղաքական վարկանիշը պահպանելու համար ավելի նպատակասլաց կգործեր այդ նույն պետության զարգացման ծրագրերի իրագործման ուղղությամբ: Սակայն, ցավոք, 2008-ի նախագահական ընտրությունները փաստեցին, որ դեռ ճանապարհ ունենք անցնելու:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
No comments:
Post a Comment