Wednesday, March 19, 2008

ՔԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՆԳԱՂԱՓԱՐ, ԱՆՓՈՒՅԹ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՆԴԵՊ, ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ԿՌՏԱԾՆԵՐԻՆ

«Կարո՞ղ է լինել մի սերունդ, որ նախորդ սերնդից հանկարծ չունենա ոչինչ ժառանգած իբրեւ ջիղ, արյուն ու ավյուն, օ՜, այդ ի՞նչ բացիլ էր, ոգու ցեց, որ սղոցեց անգամ նաիրյան երգի սաղմը ազատ, սաղմը զրահավոր եւ որդի նման մտավ ներս», Չարենցի այս եւ բազում այլ տողեր մեր այսօրվա իրականության ամենաճշգրիտ արտացոլանքն են: Դրանց այժմեականության մասին խոսելիս դերասան, ասմունքող Ազատ Գասպարյանը ցավով շեշտեց, որ հայերս երբեք դասեր չենք քաղում պատմությունից, մեզ թողնված գրական մասունքներից, չենք մտածում մեր մեջ սողոսկող որդի ու բացիլի մասին: «Մենք անփույթ ազգ ենք, ինչպես Չարենցն է ասում, պատմության քառուղիներում քայլել ենք անսկզբունք, անգաղափար, ու մինչեւ հիմա շարունակում ենք այդպես քայլել: Անփույթ մեր հանճարի, մեր շնորհքի հանդեպ, հավաքվում ենք կռտած դատողությունների շուրջը, մինչդեռ մեզ ավանդվել է հեռու մնալ կռտածներից», ասաց Ազատ Գասպարյանը: Չարենցագետ Դավիթ Գասպարյանի հետ երեկ նա հրավիրվել էր «Հայելի» ակումբ, պատասխանելու լրագրողներին հուզող հարցերին, սակայն բախվեցին միտինգային տրամադրությունների, ներքաշվեցին քաղաքական խոսակցությունների մեջ: «Չարենցյան ընդվզումը, բողոքը հայհոյանքով չէ, այլ գաղափարախոսությամբ: «Ձեր խավարի հանդեպ, հոգիս ընդմիշտ կրակ է», գրել է բռնապետությունից վիրավորված բանաստեղծը: Այսօր մենք չունենք ստեղծագործող այդպիսի լիդեր: Ես կարող եմ ստեղծագործողի թիկունքին կանգնել, այլ ոչ կուսակցական տգետ, անգրագետ լիդերների: Աթոռապաշտների հետ ես գործ չունեմ, չեմ կարող նրանց պաշտպանել: Կյանքս կտամ արվեստագետի համար, բայց այդ քաղաքական գործիչների համար ես չկամ», ասաց Գասպարյանը: Լրագրողներին շատ էր հուզում այն հարցը, թե արդյո՞ք մասնակցել է մարտի 1-ի հանրահավաքին: «Այո, ցանկացա ժողովրդի կողքին լինել, բայց սադրանքի ենթարկվեցի: Մեկը բղավեց վրաս ասելով՝ «Դուք չէի՞ք, որ պաշտպանում էիք...»: Անմիջապես հեռացա այնտեղից, քանի դեռ չէի ծեծվել»:
Չարենցի մշտարթուն պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», մեզանում անգիր գիտեն գրեթե բոլորը: Չարենցագետ Դավիթ Գասպարյանը կարծում է, որ ժամանակն է այդ պատգամը մտցնելու կյանք, իրագործելու: «Քաղաքական ահավոր լարված մթնոլորտ է ամենուրեք՝ մեքենաներում, սրճարաններում, ընտանիքներում, գյուղերում ու քաղաքներում, այս ահավոր լարվածությունը պետք է մեղմել, պետք է խաղաղեցնել: Սա ամենամեծ չարիքն է, որ մենք կարող էինք բերել մեր ժողովրդին, այսպես չի կարող լինել, որովհետեւ այս ամենը տանում է դեպի ազգի մանրացում, թշնամացում, փոշիացում»: Նա առաջարկում է լարվածությունը թուլացնելու տարբեր ճանապարհներ. նախ պետք է ունենալ ուժեղ եւ առողջ ընդդիմություն, այլ ոչ թե ուղղորդվող ու ծախու, ստեղծել իդեալական նախագահի մոդել, իսկ ամենակարեւորը՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտ: Չարենցի «Գիրք ճանապարհինը» նրա բնորոշմամբ, մեր պատմության խտացումն է, մեր անցյալը, նաեւ ապագան, հատկապես «Պատմության քառուղիները», «Մահվան տեսիլը»: Երկրին ու մեզ պատած ցավն ու մորմոքը նա արտահայտեց Չարենցի տողերով՝ «Որպես ձգված թավջութակի ձգված մի լար, դողում է սիրտս կարոտով մի ահարկու»: Չարենցի որ տողն էլ հիշեմ, այսօրվա համար ճիշտ է: Չարենցի պես մտավորականն այսօր ժողովրդի մեջ պիտի լիներ, դժբախտաբար, մեր այսօրվա մտավորականությունը փոշիացած է, բաժան-բաժան: Այն հզոր ուժը, որ կոչվում է մտավորականություն, չկա, եւ միշտ չէ, որ այդ անվան տակ հանդես եկողները մտավորականներ են, դրանք խանութպաններ են, ծախվածներ, կեղծվածներ: Մեզ մոտ այդ ամենը չպիտի լիներ, ամենաբարբարոս ձեւերով կատարվեց, եղբայրը եղբոր դեմ էր, ուրիշ կերպ պիտի լիներ, մի քիչ մեղմ, հանգիստ, բայց ամենաբիրտ ձեւով եղավ: Մթնոլորտը լի է տագնապով, վախով, մորմոք ու ցավ կա», ասաց Դավիթ Գասպարյանը:
Երկու մտավորականներն ասելու շատ բան ունեին, բայց նրանց ամենամեծ ցանկությունն այն էր, որ մեր երկրում լինի առողջ մթնոլորտ, ամուր ընդդիմությամբ՝ առանց բախումների եւ առճակատման: Իսկ մտավորականությունը պետք է հեռու լինի կուսակցականությունից, մտավորականի կուսակցությունը պիտի լինի Չարենցի, Կոմիտասի, Մաշտոցի կուսակցությունը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

No comments: