Wednesday, March 05, 2008

«...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ Ե՛Ւ ԺՈՂՈՎՐԴԻ, Ե՛Ւ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ»


«Ցավոք, չհաջողվեց խուսափել ընդհարումներից: Կան մարդկային զոհեր», ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին` երեկ իր մամուլի ասուլիսն սկսեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ արտակարգ դրություն մտցնելը անհրաժեշտություն էր, եւ համոզմունք ունեմ, որ եթե այդ միջոցը չկիրառվեր, ապա կորուստները շատ ավելի մեծ կլինեին եւ հետեւանքները շատ ավելի ծանր Հայաստանի համար», ներկայացրեց Քոչարյանը: Իրադարձությունների ամբողջական պատկերը վերականգնվելու է րոպե առ րոպե, ինչը հնարավորություն կտա ճիշտ գնահատական տալու իրադարձություններին եւ իրավական համապատասխան գործունեություն իրականացնել:
Իրադարձությունների մասնակիցներին, Քոչարյանի մատուցմամբ, կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խումբը հենց կազմակերպիչներն են, որոնք կազմակերպել են ժողովրդի հավաքը քաղաքապետարանի դիմացի հրապարակում, որի արդյունքում հրահրվել են լուրջ ընդհարումներ:
Այս խումբը Քոչարյանը բաժանեց երկու մասի. մարդիկ, ովքեր շատ ագրեսիվ հրահրել են բախումներ, կարկառուն դեմքը Նիկոլ Փաշինյանն է, եւ մարդիկ, ովքեր հասկանալով, որ իրավիճակը դուրս է գալիս իրենց վերահսկողությունից, փորձել են հանգստացնել մարդկանց, օրինակ, Դավիթ Շահնազարյանը:
Մասնակիցների երկրորդ խմբում են նրանք, ովքեր կազմակերպել են հարձակումներ ոստիկանության վրա, օգտագործել են զենք եւ պայթուցիկ նյութեր: «Զոհվածների մեղքը հիմնականում այս խմբի վրա է, քանի որ նրանց գործունեության հետեւանքով են եղել զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ: Ընդ որում, այդ հարձակումները ոստիկանության դեմ կազմակերպված բնույթ էին կրում», մանրամասնեց նախագահը:
«Երրորդ խմբում ցույցի այն մասնակիցներն են, որոնց մասին չի կարելի ասել, թե հարձակումներ էին գործում, բայց հետո ակտիվորեն մասնակցել են թալանին»: Այս երեք խմբերը տարբեր աստիճանի մեղք են գործել, եւ մոտեցումը կլինի տարբերակված: «Բայց շատ մեծ անարդարություն կլինի, եթե իրավապահ մարմինները, չպատժելով կազմակերպիչներին եւ հրահրողներին, միայն զբաղվեն այն մարդկանցով, որոնք, կարծում եմ, իրենք նաեւ զոհ դարձան այս հանրահավաքներին», ավելացրեց Քոչարյանը:
«Լուրջ վնասվեց երկրի վարկանիշը», նշեց Քոչարյանը եւ հիշեցրեց, որ Հայաստանը տարածաշրջանում դեռեւս մեկ ամիս առաջ համարվում էր ամենից կայուն, արագ զարգացող երկիրը: «Երբ նայում եմ այդ դեպքերի տեսանյութերը, ամոթի զգացում եմ ունենում... Պետք է բոլորս համարձակություն ունենանք շատ սթափ գնահատելու տեղի ունեցածը եւ միասին աշխատել վերականգնելու ե՛ւ երկրի վարկանիշը, ե՛ւ մեր ժողովրդի հանդեպ աշխարհում ձեւավորված վերաբերմունքը», ասաց Հայաստանի նախագահը:
Արտակագ դրության ժամկետը կարճելու հարցի առնչությամբ նախագահ Քոչարյանն ասաց. «Հայտարարված է 20 օրով: Այսօր ես չեմ տեսնում այդ ժամկետը ոչ երկարաձգելու, ոչ էլ կարճացնելու անհրաժեշտություն, եւ առաջին հերթին պետք է փորձենք կազմակերպիչների վայրը ճշտել եւ ցանկը: Արտակարգ դրությունը հանելուց առաջ պետք է վստահ լինենք, որ այն կարգի անօրինականություններ չեն կրկնվի: Այսօր այդ վստահությունը լիարժեք չէ, քանի որ դրսում են այն մարդիկ, ովքեր զենք ու պայթուցիկ են կիրառել զինվորականների դեմ»:
Լեռնային Ղարաբաղում, ըստ հայկական լրատվության, եղել է հարձակում հայկական պահակակետի վրա` ականանետերի օգտագործմամբ: Պահակակետը ադրբեջանական զինուժը գրավել է, բայց պատասխան վճռական գործողություններից հետո պահակակետը վերադարձվել է եւ վերականգնվել է ստատուս քվոն: Հայկական կողմն ունի միայն երկու վիրավոր: «Ես կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք հարթելու այս միջադեպը», նշեց Քոչարյանը, հավելելով, որ հավանական է` Ադրբեջանում մտածել են, թե իրավիճակից ելնելով, ղարաբաղյան ուժեր են տեղափոխվել Հայաստան: «Ես կարող եմ ասել, որ նման բան չկա, մարտունակությունը պատշաճ մակարդակի վրա է եւ կարծում եմ, որ քաղաքական առումով կոռեկտ չէ օգտագործել նման իրավիճակները բացարձակապես այլ նպատակների համար», նկատի ունենալով Ադրբեջանի պահվածքը` պարզաբանեց նախագահը:
Ինչ վերաբերում է իշխանություն-Տեր-Պետրոսյան երկխոսությանը, ապա Քոչարյանն ասաց. «Երկխոսությունն ընդդիմության այդ հատվածի հետ մերժվել է հենց իրենց կողմից: Նորընտիր նախագահն էլ հայտարարեց երկխոսության պատրաստակամության մասին: Գրեթե բոլորը, բացի Տեր-Պետրոսյանից, արձագանքել են, եւ, որքան ես գիտեմ, ընթանում են ակտիվ բանակցություններ ապագա կոալիցիոն կառավարության համար»:
Տեր-Պետրոսյանի պատճառաբանությանը, թե ցանկացել է գնալ երկխոսության եւ հանդարտեցնել հանրահավաքի մասնակիցներին, Քոչարյանը արձագանքեց, թե կարող էր գնալ` միայն թե առանց թիկնազորի, քանի որ վերջինս ապօրինի միջոցառումների չէր կարող մասնակցել: «Եթե նա վախ ուներ սեփական անվտանգության, պետք է նաեւ մտահոգություն ունենար հավաքված զանգվածի անվտանգության: Եվ տղամարդկություն պետք է ունենար, եթե ուներ այդ մտահոգությունը, գնալու ու մասնակցելու հանրահավաքին, բայց նպատակներն ուրիշ էին»:
Տեր-Պետրոսյանն իրադարձությունների օրը անվտանգության աշխատակիցների միջոցով տեղեկացրել է, թե կցանկանար գնալ եւ հանգստացնել ժողովրդին, բայց եւ պայման է դրել, որ գնալով այնտեղ մարդկանց տանելու է օպերայի հրապարակ` այնտեղ շարունակելու երաշխավորված 15-օրյա հանրահավաքը: Ընդ որում, առաջարկի պահին վիճակը քաղաքապետարանի դիմաց արդեն բախումնային էր՝ այրված մեքենաներով ու ոստիկանների վրա հարձակումներով: «Պատկերացնո՞ւմ եք, եթե թույլ տայինք այդ վիճակում ամբոխը (Մաշտոցի պողոտայով) հասներ մինչեւ օպերա»: Պատասխանը եղել է, թե նման առաջարկն ուշացած է, բայց կարելի է գնալ եւ ամբոխին տանել «Դինամո» մարզադաշտի մոտ: Դրան էլ վերջնագրային ձեւով հակառակվել է Տեր-Պետրոսյանը:
«Եվ ընդհանրապես ինձ համար ուղղակի զարմանալի է, թե մարդ ոնց է կարողացել տանը նստել այդ ամբողջ գիշեր... Ավելի անհասկանալի կլիներ, եթե պետական թիկնազորով գնար այնտեղ. ոստիկանության հետ բախումների ժամանակ թիկնազորի զինված սպաները պետք է մասնակցեին այն կողմից: Ուղղակի անբարոյական է ուսադիրներով մարդուն դնել նման վիճակում», նշեց Քոչարյանը, ավելացնելով, որ ցայսօր Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել թիկնազորից:
Մարտի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոսի` ԼՏՊ-ին հանդիպելու ցանկության առնչությամբ Քոչարյանը ասաց, որ տեղյակ է եղել կաթողիկոսի մտադրությանը` ողջունելով եւ, սակայն, թերահավատություն արտահայտելով: Ավելի ուշ Հայաստանի նախագահը տեղեկացել է, որ Վեհափառին չեն ընդունել: «Ինձ համար ապշելու հանգամանք է, որ աշխարհի որեւէ կետում որեւէ հայ կարող է Վեհափառին իր դռան մոտից հետ ուղարկել»: Ըստ Քոչարյանի տպավորության, հավանաբար ԼՏՊ-ն մտածել է, թե իշխանությունները խուճապի մեջ են եւ խնդրել են Վեհափառին գնալ տեսության, բայց դա եղել է Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությունը: «Վեհափառի հետ չհանդիպելով, նա կորցրեց հնարավորությունը այս վիճակից դուրս գալու՝ իր երեսը փրկելով», եզրակացրեց նախագահը:
20-օրյա ժամկետից հետո հանրահավաքների հավանական վերականգնման առնչությամբ նախագահ Քոչարյանը նշեց, որ արդեն իսկ Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունք է եղած խայտառակությունը, որ ստացվեց նորմալ մարդկանց պսիխոզի մեջ մտցնելով: «Դրա համար Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է պատասխան տա ե՛ւ ժողովրդի, ե՛ւ իրավապահ մարմինների առջեւ... Եվ եթե ներեն նրան, պետք է ների սեփական ժողովուրդը»:
Ապօրինի գործողությունների նախապատրաստման մասին ոստիկանական տեղեկություններով հանդերձ, ինչո՞ւ իշխանություններն ավելի շուտ կանխարգելիչ քայլեր չձեռնարկեցին հարցին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ մինչեւ մարտի 1-ը իրավապահները զենք ու զինամթերք էին առգրավում: «Արդյոք թույլատրելի՞ էր 9 օր շարունակ հանդուրժել չարտոնված հանրահավաքները: Եթե 2-րդ կամ 3-րդ օրը ցրեինք այդ հանրահավաքները, հետեւանքները կլինեին ավելի մե՞ղմ, թե ոչ: Իմ տպավորությամբ` կլինեին ավելի մեղմ, քանի որ 9 օրվա ընթացքում պսիխոզային իրավիճակը կարողացան փաթաթել հավաքվող ժողովրդի գլխին: Նույնիսկ մարտի 1-ին ցրելու խնդիր չկար, այլ փորձ՝ համոզելու, որ վրաններ չլինեին, քանի որ դրանք փակում էին տեսադաշտը եւ օպերատիվ ծառայություններով հնարավոր չէր պարզել` ի՞նչ կա վրաններում: Չէինք ցրում, որովհետեւ մտածում էի, որ վերահաշվարկի ու բողոքարկման գործընթաց էր գնում եւ մեր ակտիվ գործողությունները կարող էին դիտվել որպես դրա խանգարմանն ուղղված քայլեր: Մտածում էի, որ ավելի ճիշտ կլինի Սահմանադրական դատարանի որոշումից հետո ավելի կոշտ միջոցներով փորձել կայունացնել վիճակը... Այն ժամանակ ե՛ւ դիտորդները, ե՛ւ Հայաստանում հավատարմագրված դեսպանները, պատվիրակությունները, բոլորը մեկ բան էին ասում՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ո՞րն է հանդուրժողականության սահմանը: Երբ ասում էի, թե, օրինակ, իրենց երկրներում քանի՞ օր կհանդուրժեին, ասում էին, թե այդքան չէինք հանդուրժի, բայց ինձ խորհուրդ էին տալիս ուժ չկիրառել»:
Վերջին 3 օրվա ընթացքում դրսի պատվիրակությունների հետ հանդիպումներից Քոչարյանը մի դրվագ պատմեց: «Շատերն են ասում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է պատժվի: Կազմակերպիչները պետք է պատժվեն: Ես ապրիլի 9-ից հետո նախագահ չեմ լինելու, բայց եթե այս իրավիճակից Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձի քաղաքական կապիտալով դուրս գալ, ո՞ւր են երաշխիքները, որ ես 5-10 տարի հետո չեմ մտածելու նույն ճանապարհով վերադառնալ իշխանության: Ուրեմն հիմա պետք է այնպիսի միջոցառումներ ձեռնարկել, որ երբեւէ որեւէ մեկի մեջ այդպիսի ցանկություն չլինի»:
Մարտի 21-ից հետո հանրահավաքների հնարավոր շարունակման տարբերակի պարագայում Քոչարյանի մոտեցումն ավելի խիստ կլինի: «Իմ կարծիքով` քաղաքային իշխանությունները չպետք է արտոնեն որեւէ հանրահավաք մինչեւ վիճակն ամբողջովին չխաղաղվի: Այս անգամ չենք սպասելու երկու, երեք, հինգ օր, հենց առաջին օրն արձագանքը լինելու է կտրուկ, որ նույն վիճակում չհայտնվենք»: Ավելին, ըստ նախագահի, գուցե լինի հանրահավաքների օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, որի միջոցով հնարավոր կլինի սահմանափակել մեկ տեղում անընդմեջ նույն քաղաքական ուժի հավաքները:
Լրագրողների հարցին, թե ինչպես է նախագահը վերաբերվում Հայաստանի օմբուդսմենի հայտարարությանը, Քոչարյանը պատասխանեց, որ նա չի տիրապետում եւ չի տիրապետել իրավիճակին: Նախագահի տպավորությամբ, Արմեն Հարությունյանի թեկնածությունն այդ պաշտոնում իր կադրային առաջարկներից ամենից անհաջողն է:

No comments: