Այս ո՞ւր ենք հասել...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախաձեռնությամբ քվեարկված բանաձեւը, որ մարտի 14-ին դարձավ իրականություն, սեփական կուրծքը ցցելու եւ դիվանագիտական «հաղթանակի» դափնիներով հիանալու հնարավորություն է ընձեռել Ադրբեջանին: Այն, ինչ հայտարարել է «Ինտերֆաքս» գործակալությանը տված իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ավելի շուտ կարելի է որակել որպես տառացիորեն այլ իրականության խոսակցություն:
Ամենապարզ համադրությունն իսկ հայաստանյան ղեկավարության մատուցած տեսակետների հետ ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանական եւ հայկական կողմերը բանակցություններում չգիտես ինչ են քննարկում, բայց այդ առնչությամբ հայտարարություններում տրամագծորեն հակառակ բաներ են պնդում: Ավելին, ոչ միայն հակառակ, այլեւ իրարամերժ:
Խոսելով ՄԱԿ-ի ԳԱ-ում ընդունված բանաձեւից եւ ընդհանրապես բանակցային գործընթացից ու մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների կեցվածքից, ի թիվս այլ հայտարարությունների, Ալիեւը նշել է. «Եթե նրանք (Մինսկի խմբի համանախագահները - Ա.Հ.) ցանկանում են բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները, ապա թող դա անեն մինչեւ վերջ: Երբեք այն հարցը, թե երբեւէ 5 տարի, 10 տարի, 100 տարի հետո թեկուզ պլեբիսցիտի կամ ազգային այլ քվեարկության ճանապարհով, կամ որեւէ այլ կերպ Լեռնային Ղարաբաղը կառանձնացվի Ադրբեջանից, չի դրվել ու չի դրվի»:
Եվ նման հայտարարություն արվում է Բուխարեստում ապրիլի սկզբին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ամենայն հավանականությամբ կայանալիք հանդիպման նախօրեին, ընդ որում այնպիսի մեկնաբանությամբ, թե ՄԱԿ-ում քննարկված ու ընդունված բանաձեւը, որ ընդգրկում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության դրույթներ եւ ադրբեջանական տեսակետի այլ տարրեր, «լիովին համահունչ» է բանակցությունների ընթացքում քննարկվող փաստաթղթի տարբերակին:
Մյուս կողմից, ակնհայտորեն ավելի զգալի են դառնում ադրբեջանական այն տրամադրությունները, որոնց համաձայն Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը կարող է անցանկալի դառնալ: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը շոշափում է «բանակցային գործընթացում ներգրավված երկրների վստահության խնդիրը», եւ այդ վստահության պակասելուն նպաստել է ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկությունը:
Ալիեւի դիրքորոշմամբ, ՄԱԿ-ում բանաձեւին դեմ քվեարկելու փոխարեն Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը պետք է գոնե ձեռնպահ մնային: Առավել հետաքրքրական է, որ Ալիեւը չի մոռանում հիշատակել դեմ քվեարկող երկրներից Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Դրանում Ադրբեջանի նախագահը չի զլանում տարանջատել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղը չճանաչելու դրույթները, այն դեպքում, երբ չի նշում նույն այդ հայտարարության մեջ ընդգծված այն արտահայտությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը բանակցությունների քննարկման առարկա է:
Առավել ցավալի են Ալիեւի դատողությունները Ղարաբաղի հարցում Հայաստանի հասարակության դիրքորոշումների առնչությամբ: Դրանց ծանոթանալն ուղղակի մատնացույց է անում այն հանգամանք-փաստը, որ ներքին անհարթությունները, խնդրահարույց իրավիճակները ոչ միայն ներսում են տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալիս, այլեւ անմիջականորեն օգտագործվում են սեփական երկրի «ժողովրդավարության բազմաթիվ կարկատաններով իրականության» մասին չհիշող Ադրբեջանի կողմից, որտեղ առավել քան խանական իրողություններ են:
«Որքան մենք ենք հասկանում, հայկական հասարակությունը մասնատված է, այնտեղ միասնություն չկա, այդ թվում` հակամարտության կարգավորման հարցում»: Սրանք Ադրբեջանի ներկայիս առաջնորդի խոսքերն են, որոնք պարզորոշ ակնարկում են, թե ադրբեջանական մոտեցմամբ` պահն է ճնշում գործադրելու Հայաստանի վրա, հատկապես որ, Ալիեւի կարծիքով, հակամարտության կարգավորման վճռորոշ պահն իսկապես եկել է:
Ավելին, հորից երկիրը ժառանգած ու ամենայն վստահությամբ էլի մի երկար ժամանակ իրենը համարելուն պատրաստված Ալիեւ կրտսերը, մոռանալով սեփական երկրում տիրող իրավիճակը, հայտարարում է հետեւյալը. «Պատերազմը չի ավարտվել: Ավարտված է առաջին փուլը: Բայց զինադադարը, որում ապրում ենք 1994-ից, ցույց տվեց, թե ով է կարողացել իրապես պահպանել անկախությունը եւ կանգնել առաջընթացի ու զարգացման ուղու վրա, եւ ով է երկիրը տարել դեպի քաոս, քաղաքացիական պատերազմ...»:
Ալիեւյան հետեւություններն առավել քան պարզունակ են, բայց դրանք կարող են միակը չլինել: Մասնավորապես, ըստ Ալիեւի, Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները որոշ առումով էլ «հետեւանք են Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիվ, օկուպացիոն քաղաքականության»:
Հարցազրույցի ավարտին ասված Ալիեւի խոսքերը թեեւ ցնդաբանությանը շատ մոտ են, բայց, այնուամենայնիվ, մեծապես խորհելու տեղիք են տալիս: Այդ մտորումները չպետք է թույլ տան հանգիստ քնելու ոչ միայն հայրենի իշխանություններին, այլեւ ընդդիմության ցցուն ներկայացուցիչներին` անկախ այն բանից, թե որ ճամբարում են «ընդդիմանում»` լեւոնական, թե մեկ այլ: «Եթե Խոջալուում նրանք իրագործեցին ցեղասպանություն ընդդեմ ադրբեջանական ժողովրդի, ապա ընտրություններից հետո Երեւանում հանցանք գործեցին հայ ժողովրդի դեմ», համահարթեցնում է Ալիեւը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Tuesday, March 25, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment