Friday, April 18, 2008

«ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՐԹԻ»

Այդ մասին, ըստ կենտրոնական գրասենյակն ԱՄՆ-ում գտնվող «Turkish-NY» գործակալության, հայտարարել է Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն: Նրա հայտարարությունն առիթ է տվել գործակալությանն ընդգծելու, որ Ֆրանսիայի մասոնները վերստին պատրաստվում են աջակցել «ցեղասպանության հայկական պնդումներին»:

Ինչո՞ւ վերստին: Պարզվում է մեծ վարպետ Քիյարդեն փետրվարին թուրքական մամուլին տված հարցազրույցում տվել է հարցի պատասխանը, ասելով. «Երկու տարի առաջ այցելել էինք Թուրքիայի ազատ մասոնների օթյակը, որտեղ, ամենայն քաղաքավարությամբ, թուրք եղբայրներից պահանջեցինք լրջորեն մտածել ցեղասպանության հարցի շուրջը եւ դրանում չքողարկել թուրք ժողովրդի պատասխանատվությունը: Թեեւ մեր խոսքերը հակազդեցություն առաջացրին, սակայն հետագայում թուրք եղբայրներից ոմանք մոտեցան ինձ եւ ասացին. «Դուք իրավացի էիք, որովհետեւ այս երկրում ոչ ոք չի արտահայտվում ցեղասպանության մասին»: Ապա կարգավորվեցին երկու օթյակների հարաբերությունները»:

Նույն հարցին ապրիլի 14-ի համարում անդրադարձել է նաեւ թուրքական «Վաթանը», որի տեղեկությամբ, մեծ վարպետ Քիյարդեն «թուրք եղբայրներին» ասել էր, որ Ֆրանսիան թեկուզ ուշացումով ճանաչեց Հոլոքոսթը, նույն մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում մենք ակնկալում ենք նաեւ Թուրքիայից:

Մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն ապրիլի 24-ին ելույթ կունենա Փարիզում Մեծ եղեռնի զոհերին խորհրդանշող Կոմիտասի հուշարձանի մոտ, ապա իր մասոն եղբայրների հետ կմասնակցի ֆրանսահայերի կազմակերպած երթին: Երթն, ըստ «Վաթանի» կավարտվի Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանին առընթեր գործող զբոսաշրջության եւ մշակույթի ներկայացուցչության առջեւ նախատեսվող բողոքի ցույցով:

«Վաթանը» միաժամանակ գրում է, որ մինչեւ ապրիլի 27-ը կազմակերպվող միջոցառումներին, որոնք կսկսեն 23-ին, հրավիրված է նաեւ «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ղեկավար, հայ հասարակությանը քաջածանոթ Ալի Էրթեմը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: