Wednesday, April 02, 2008

ՍՑԵՆԱՐԻՍՏԸ ԸՆՏՐՈՒՄ Է «3 ԽՆՁՈՐԸ»

Չե Գեւարայի պատանեկության մասին պատմող «Մոտոցիկլիստի օրագիրը» ֆիլմի համար «Օսկարի» թեկնածու առաջադրված սցենարիստ Խոսե Ռիվերան կանգ է առել Միշելին Մարկոմի «Երկնքից 3 խնձոր ընկավ» վեպի վրա, որում շոշափվում է Հայոց ցեղասպանության թեման:
«Հեղինակներ կան, որոնք սցենարի նման են գրում իրենց վեպերը: Միշելինի վեպում այդպես չէ: Նա գրական մի գոհար է պարգեւել, որը լուրջ մարտահրավեր է որեւէ մեկի համար, որն ուզում է ֆիլմի վերածել այն», ասել է Ռիվերան՝ գիրքն ընթերցելուց հետո: Նրա կարծիքով, դրա հիման վրա նկարահանված ֆիլմը կարող է հավասարազոր լինել «Շինդլերի ցուցակին»:
Միշելին Մարկոմը հայկական ծագում ունի, նրա վեպի ամենադժվար մասը ներքին ապրումներն ու մեկուսի արտասանված մենախոսություններն են մի երեխայի, որն ուրիշների հետ ականատես է լինում իր եւ հազարավոր ուրիշ ընտանիքների տեղահանությանն ու տարագրությանը՝ երկարաձիգ անապատի միջով:
Ռիվերան այնքան է տարվել գործով, որ Մալկոմի հետ բանավոր համաձայնությունից հետո, արդեն իսկ սկսել է գրել սցենարը: «Զգում եմ, որ դա մեր երկուսի համագործակցության արդյունքն է լինելու, սակայն ստեղծագործական տարբեր աշխարհներ են ընդգրկված այս գործում: Ես ամբողջովին վստահում եմ նրան, նա պետք է իր «մուսայի» ցուցմունքներին հետեւի: Հավատացած եմ, որ դա սիրով է արվելու», իր հերթին ասել է Միշելին Մարկոմը՝ «Լոս Անջելես թայմս» թերթին:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

No comments: