Մինչդեռ Իսրայելը Թուրքիային հատկապես այդ հարցում էր պաշտպանում
Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը մարտի 26-ի նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու որոշում էր ընդունել: Սոցիալիստական «Մերեց» կուսակցության ղեկավար Հայիմ Օրոնի առաջարկին կողմ էին քվեարկել նիստի բոլոր 12 մասնակիցները, որոնց թվում Իսրայելում իշխող «Կադիմա» կուսակցության պատգամավորները, կառավարության ներկայացուցիչ, գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմհոնը, «Իսրայելա-հայկական բարեկամություն» միության նախագահ Զեեւ Էրկինը, իսկ վարչապետ Օլմերտի կառավարությունը չէր առարկել:
Դրան ի պատասխան Իսրայելում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն անձամբ ներկայացել է իսրայելական արտաքին գերատեսչություն, քննադատել Օլմերտի կառավարության ներկայացուցիչ Սիմհոնին, որ չի հակադրվել Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթի օրակարգում դնելու առաջարկին, իսկ Իսրայելի արտգործնախարարությունը հավաստիացրել է դեսպանին, թե հարցի նկատմամբ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Կանոնակարգի համաձայն, Քնեսեթի հատուկ գործերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու Օրոնի առաջարկը հեղինակի պահանջի համաձայն պետք է փոխանցի կրթության հանձնաժողովին, կամ հետեւի «Իսրայելը մեր տունն է» կուսակցության պատգամավոր Իոսիֆ Սագալին եւ դա ներկայացնի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովին: Մարտի 28-ի համարում, նշելով այդ մասին, թուրքական «Ռադիկալը» միաժամանակ նշում է, որ Քնեսեթի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի նիստերը դռնփակ են գումարվում:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթում քննարկելու առաջարկի հեղինակ «Մերեց» կուսակցության առաջնորդ Օրոնը ելույթում ասել է. «Իսրայելի խորհրդարանի համար պատշաճը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, ինչպես ճանաչեց Ֆրանսիայի խորհրդարանը»: Կառավարության ներկայացուցիչ, գյուղատնտեսության նախարար Սիմհոնը կարծիք է հայտնել, որ ցեղասպանությունը հայերի եւ թուրքերի միջեւ տարիներ շարունակ եղել ու մնում է քաղաքական հարց, այդ հարցում Իսրայելն աշխատում էր կողմ չլինել, սակայն ակնհայտ է հարցի նրբությունը հրեա ժողովրդի համար: Այդ ընթացքում «Իսրայելը մեր տունն է» կուսակցության պատգամավոր Շագալը զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Քնեսեթում բացասաբար կանդրադառնա Թուրքիայի հետ Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների վրա, միաժամանակ կխաթարի Ադրբեջանում բնակվող հազարավոր հրեաների անդորրը:
«Ազգը», Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկմանը Քնեսեթի օրակարգում անդրադարձել էր մարտի 27-ի համարում: Մարտի 28-ին նույն հարցին փորձագետ Յըլդըզ Դեւեջիի մեկնաբանությամբ ամենօրյա տեղեկագրում անդրադարձել է նաեւ Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը: Տկն Դեւեջին ցեղասպանության հարցը քննարկելու Քնեսեթի որոշումը թեեւ չի նույնացնում վարչապետ Օլմերտի կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, սակայն նշում է, որ դրա ընդունումը հայկական լոբբիի հաղթանակն էր, իսկ Թուրքիայի՝ ձախողումը:
Ինչո՞վ է դա պայմանավորված: Մինչ հարցին պատասխանելը, Դեւեջին հույս է հայտնում, որ հայկական բանաձեւերն իրենց ազդեցությամբ ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների խորհրդարանների օրակարգից դուրս մղող հրեական կառույցներն Իսրայելի կառավարության հետ ջանք չեն խնայի Հայոց ցեղասպանության ճանաչումը Քնեսեթում ձախողելու համար:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու Քնեսեթի որոշմանը, ապա նա դրա ընդունումը պայմանավորում է երկու հանգամանքով. առաջինն, ըստ Դեւեջիի, Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներն իբրեւ «պետական ահաբեկչություն» բնութագրելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտեցումն է, իսկ երկրորդը՝ ԱՄՆ-ի հրեաների մասնատվածությունը, որի պատճառն է դարձել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւը:
Օգտվելով առիթից նշենք, որ վարչապետ Էրդողանը պաղեստինցիների նկատմամբ պետական ահաբեկչություն իրականացնելու մեջ Իսրայելին մեղադրելուց բացի ընդգծել էր, որ այս պետությունը բացօթյա կալանավայրի է վերածել Պաղեստինը: Ավելին, Էրդողանի կառավարության նախաձեռնությամբ թուրքական հասարակական բազմաթիվ կազմակերպություններ Իսրայելի հարձակումներին ենթարկվող Գազայի հատվածին օգնելու համար մոբիլիզացրել էին իրենց ողջ կարողությունները, իսկ մարտի 26-ին Եգիպտոսում ապաստանած 59 պաղեստինցի վիրավորներին հատուկ ինքնաթիռով տեղափոխել Ստամբուլ, որպեսզի իրականացվի նրանց բուժումը:
Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու Քնեսեթի որոշման պարագայում խնդիրը սոսկ Պաղեստինի կամ պաղեստինցիների նկատմամբ թուրքական կառավարության դիրքորոշումը չէ, ոչ էլ թուրք-ամերիկյան տարաձայնություններն են: Եթե նույնիսկ Իսրայելի խորհրդարանը քննարկման արդյունքում չճանաչի Հայոց ցեղասպանությունը, միեւնույն է, ճանաչման հարցի քննարկումը Քնեսեթում ինքնին երեւույթ է: Այն առումով, որ դա ցեղասպանության հարցում խորացնում է Թուրքիայի միջազգային մեկուսացումը, միաժամանակ ցույց է տալիս, որ վերջինին խուսափում են պաշտպանել նաեւ ավանդական այնպիսի բարեկամ երկրներ, ինչպիսին է Հոլոքոսթի բացառիկության պահպանման առաջադրանք ունեցող Իսրայելը: Հակառակ դրան, Յաիր Օրոնի, Իսրայել Չարնիի պես հեղինակավոր գիտնականների կողքին Հայաստանն ի դեմս «Մերեց» կուսակցության նախագահ Հայիմ Օրոնի, բարեկամներ է ձեռք բերում Քնեսեթում, իսկ «Իսրայելա-հայկական բարեկամություն» միության ղեկավար Զեեւ Էլքիմը թիկունք է կանգնում նրանց հայանպաստ գործունեությանն ու աջակցում համանուն նախաձեռնությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Tuesday, April 01, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment