Thursday, April 03, 2008

ՏԱԳՆԱՊ — ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

Ներմուծումն այդ երկրից կտրուկ ավելացել է
Թուրքական ապրանքների մի իսկական գրոհ է սկսվել դեպի հայկական շուկա։ Հունվար-փետրվարին Թուրքիայից 2,3 անգամ ավելի շատ ապրանք է տեղափոխվել հայաստանյան շուկա, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Եւ սա այն դեպքում, երբ երկու երկրների միջեւ չկան ինչպես քաղաքական, այնպես էլ առեւտրատնտեսական հարաբերություններ։
Թուրքիայի հետ Հայաստանը հարաբերվում է հիմնականում միջնորդ երկրների միջոցով, բայց սա չի խանգարում, որ տարեցտարի ավելանա այս երկրից ներմուծվող ապրանքների ծավալը։ Նախորդ տարվա արդյունքներով, Թուրքիայից Հայաստան է բերվել ընդհանուր առմամբ 130 մլն դոլարի ապրանք։ Աճը՝ 37 տոկոս։ Սա եւս շոշափելի ցուցանիշ է, բայց այս տարվա սկզբի միտումները պարզապես գերազանցեցին բոլոր սպասումները։ Հունվար-փետրվարին Թուրքիայից Հայաստան է ներկրվել շուրջ 23,5 մլն դոլարի ապրանք` նախորդ տարվա 10,3 մլն դոլարի դիմաց։
Հայաստանի ներմուծման կառուցվածքում սա լուրջ ցուցանիշ է։ Դրանից շատ ապրանք է ներմուծվում ընդամենը 6 երկրից։
Թե ինչով է պայմանավորված ներկրման նման ակտիվացումը, լուրջ վերլուծության կարիք ունի։ Մի բան պարզ է, որ այստեղ տեղի են ունեցել կտրուկ փոփոխություններ։ Թերեւս պատահական չէ, որ եթե նախորդ տարվա հունվար-փետրվարին Թուրքիայից ներմուծումն ավելացել էր ընդամենը 35 տոկոսով, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` գրեթե 7 անգամ։
Ընդ որում, դա նկատվեց դեռեւս տարեսկզբին։ Միայն հունվարին այս երկրից Հայաստան կատարված ներմուծումն ավելացավ շուրջ 345 տոկոսով՝ գերազանցելով 13,8 մլն դոլարը։ Այդ ամսվա ընթացքում Թուրքիայից Հայաստան բերվեց ավելի շատ ապրանք, քան նախորդ տարվա հունվար-փետրվարին միասին վերցրած։
Ինչպես վկայում են նշված ցուցանիշները, առեւտրատնտեսական հարաբերությունների բացակայությունը չի խանգարում, որ թուրքական ապրանքները հայկական շուկայում արագորեն ավելանան։ Մի բան պարզ է, որ անորակության պատճառով դրանք համեմատաբար էժան են եւ մրցունակ ցածր գնողունակություն ունեցող շուկաներում, այդ թվում` եւ Հայաստանում։
Պատահական չէ, որ երկու տարի առաջ պետական մակարդակով որոշում ընդունվեց թուրքական որոշ սննդատեսակների ներմուծումն ու իրացումը հայկական շուկայում արգելելու մասին։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երկու տասնյակից ավել թուրքական սննդամթերքներ չէին համապատասխանում սահմանված որակական չափանիշներին եւ վնասակար են մարդկանց առողջությանը։ Ի վերջո արգելվեց դրանց իրացումը։ Սակայն սա, ըստ էության, ունեցավ ժամանակավոր ազդեցություն։ Դրա հետեւանքով որոշ չափով նվազեց թուրքական ապրանքների հավելաճի տեմպը, որը սակայն այս տարի այլեւս չի նկատվում։
Պետք է ասել, որ Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքների տեսականին խիստ բազմազան է։ Այս երկրից ներկրվում է տարբեր տեսակի սննդամթերք, թեթեւ արդյունաբերական ապրանքներ, շինարարական նյութեր, ինչպես նաեւ սարքավորումներ։ Թե հատկապես ո՞ր ապրանքատեսակների հաշվին է տեղի ունեցել ներմուծման կտրուկ ավելացումը, առայժմ պարզ չէ։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ դա հազիվ թե պայմանավորված է միայն մեկ ապրանքախմբի ներկրման ավելացմամբ։
Մինչ կտրուկ աճել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան, զգալիորեն նվազել է հայկական ապրանքների մուտքը այս երկրի շուկա։ Հունվար-փետրվարին, արտահանման ծավալները կրճատվել են ավելի քան 52 տոկոսով։ Ընդհանուր առմամբ երկու ամսվա ընթացքում Հայաստանից Թուրքիա է տեղափոխվել ընդամենը 311 հազար դոլարի ապրանք, նախորդ տարվա 1 միլիոնի դիմաց։
Վիճակագրական ծառայության այս տվյալները ցույց են տալիս, որ հայ-թուրքական առեւտրային հարաբերությունների հաշվեկշիռը խիստ բացասական է` ի վնաս Հայաստանի։ Ավելին՝ գնալով արագորեն խորանում է։ Թուրքիայից առնվազն 75 անգամ ավելի շատ ապրանք է ներկրվում Հայաստան, քան հակառակը։ Եթե միտումները այսպես շարունակվեն, ապա չի բացառվում, որ թուրքական ապրանքների ներմուծման ծավալը մինչեւ տարեվերջ կհասնի գրեթե 250 մլն դոլարի։
Ակնհայտ է, որ միջնորդ երկրների միջոցով հայ-թուրքական առեւտրատնտեսական շփումներն այս պահին ունեն զուտ միակողմանի բնույթ։ Թուրքական անորակ եւ էժան ապրանքների համար Հայաստանը կարծես դառնում է մրցունակ շուկա, ինչը խիստ վտանգավոր է թե՛ սպառողների, թե՛ ներքին արտադրողների համար։
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ

No comments: