Այս դեպքում «ինչուն» անիմաստ հարցադրում է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայերիս մասին այնքան տարբեր ու այնքան խայտաբղետ կարծիքներ կարելի է հայտնել, որ մեզանից ամեն ինչ հավատալու է: Բայց կան հարցեր, որոնց դեպքում գոնե տողերիս հեղինակը մի որոշ ժամանակ առաջ հաստատապես կփորձեր ուզածդ այլակարծիք մեկին տարհամոզել, թե դրանք ազգային հարցեր են, ազգային շահեր, արժեքներ, որ սուրբ ու ընդունելի են բոլոր հայերի, առանց բացառության բոլոր հայերի համար: Սակայն հանգամանքները ցույց տվեցին, որ անհիմն են նման պնդումները, անբովանդակ են համոզելու բոլոր փորձերը եւ սին` վեհության բոլոր դրսեւորումներին հավատալու ձգտումները:
Ամենայն դժվարությամբ ու երկար ժամանակահատվածի կտրվածքով են միայն ստեղծվում այնպիսի հասկացությունների բովանդակային ձեւակերպումներն ու ընկալումը, ինչպիսիք են հարգանքը, հպարտությունը, արժանապատվությունը եւ այլն: Մինչդեռ այդ ամենի առ ոչինչ դառնալու համար մի քանի վայրկյանն իսկ բավարար է, որ հիասթափության ձեւով ավերում է ժամանակի ընթացքում կերտված արժեքներն ու դրանց ընդհանրությունը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոչ մի կերպ այլ ընկալումներ չէր առաջացնում, իսկ հիշատակի օր էր դարձել միայն մոռացության դեմ հիշողությամբ պայքարելու նպատակին ծառայելու համար: Եվ եթե տարիներ առաջ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին վրդովմունքի առիթ էին դառնում արեւածաղկային տրամադրություններով հայրենակիցների խմբերն ու արդեն հուշահամալիրից ներքեւ խոտածածկին պիկնիկային հաճույքներին տրվող մարդկային զանգվածը, ապա մեր օրերում սրանք միայն չարիքի «ծաղիկներ» են գնահատվում:
Ապրիլի 23-ին դաշնակցական նախաձեռնությամբ ջահերով երթը ի պատիվ երիտասարդ դաշնակների կարող էր տարեցտարի ավանդույթ դարձող այս միջոցառմանն ավելի մեծ բովանդակություն հաղորդել, եթե երթի «պոչին» հայտնված երիտասարդների մի զգալի մասը միաբջիջ դատողություն չունենար: Այն, ինչ տեղի էր ունենում երթի սկզբում, ոչ մի առնչություն չուներ միջնամասի ու հետնամասի հետ:
Եթե սկզբնամասում խրոխտության կոչող երաժշտություն էր ու ճանաչման կոչերով երիտասարդություն, ապա նրանց հետեւից եկողները հստակ պատկերացում չունեին ո՛չ օրվա միջոցառման, ո՛չ էլ ընդհանրապես Ծիծեռնակաբերդի խորհրդի մասին: Սուլում էին գրեթե համատարած, հայհոյախոսում թուրքերի հասցեին, ոռնում (ներողություն կոպտորեն արտահայտվելու համար):
Դիտարկմանը, թե սուլելով ու «թուրքերի մաման» ձայնարկելով վարկաբեկում են միջոցառման գաղափարը, հնչած պատասխաններն առավել հիասթափեցնող եղան պարզունակությամբ, իբր ժամանակն է այդպիսի կեցվածք ընդունելու: Պատասխանները ծիծաղելի ու մանր էր դարձնում այն գիտակցությունը, որ, Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում էդ սուլողներից ու հայհոյողներից ոչ մեկին զենք բռնելուց չես տեսնի... Օրբելի փողոցում ի լուր քույրերի, մայրերի հայհոյանքներ նետող երիտասարդը, առավել եւս հայ, ավելին, քան տխմար կոչվելու արժանի չէ:
Իսկ երբ արդեն Կիեւյան կամրջի հարեւանությամբ բարձրախոսով մեքենայից հնչող երգի նախերգանքում լսվեցին քոչարի հիշեցնող նոտաներ, այդ նույն ոչ դաշնակցական եւ ոչ էլ դաստիարակված երիտասարդները սկսեցին պարել... Դա արդեն վերջն էր... ու օրվա եւ երթի խորհրդին անհարիր հնչեցին փռթկոցները. մնում էր ծիծաղել կամ լալ:
Ամեն դեպքում, ժամն արդեն շատ ուշ էր ու գիշերվա մթությունը ծածկեց մնացյալը, ինչն ասելու չէ արդեն ապրիլի 24-ին տերպետրոսյանական համախոհների երթի մասնակիցների առնչությամբ, որ մեկնարկեց ժամը 15-ին հենց Թումանյան փողոցից, քանի որ հայրենի ոստիկանությունն, արտակարգ դրության օրերի նման, սեղմ օղակով փակել էր օպերայի հրապարակը, չկար այնտեղ թափանցելու ոչ մի հնարավորություն:
Ամեն դեպքում, հավաքված ամբոխը, որ թվային առումով գնահատվելու մեծագույն դժվարություն ուներ, շարժվեց դեպի Բաղրամյան փողոց ու մի պահ կանգ առավ Սարյանի արձանի հարեւանությամբ գտնվող այգում: Առաջնորդներից երեւում էին Արամ Զ. Սարգսյանը, հնչակ Լյուդմիլա Սարգսյանը եւ Դավիթ Շահնազարյանը, որոնց նկատելուց հետո ամբոխի մի զգալի հատվածը սկսեց ծափ տալ: Հարեւանությամբ կանգնած տարեց մարդու խոսքերին, թե օրն ու տեղը դրա համար չեն, պատասխանեցին. «Ի՞նչ ես հասկանում»: Զարմանալի էր, որ նման պատասխան հնչեցնողները կարող էին անգամ ենթադրել, թե իրենք ինչ-որ բան են հասկանում ընդհանրապես:
Ինչեւէ, առաջնորդները շարժվեցին, զանգվածն էլ հետեւից` տրորելով այգու ողջ կանաչը, որի առնչությամբ էլ ամբոխից դիտողությանը արձագանքեցին, թե ինչ ժամանակն է կանաչի մասին մտածելու: Մի կերպ զսպվեց մեծագույն ցանկությունը պարզաբանում խնդրելու, թե տերպետրոսյանական համախոհների համար ի՞նչն է դեռ մնացել կարեւոր...
Բաղրամյան փողոցում արդեն խոչընդոտվեց երթեւեկությունը, իսկ միակ ոստիկանական «Գազելը», որ ընթանում էր ամբոխին զուգահեռ, բարձրախոսով երթեւեկությունը չխանգարելու հայտարարություններին արժանանում էր մարդկանց ձայնարկություններին: Այդպիսիք հնչեցին նաեւ Սահմանադրական դատարանի, նախագահական նստավայրի հարեւանությամբ, իսկ մինչ այդ եւ այդուհետեւ, պետք չէ զարմանալ, ապրիլի 24-ի օրով կրկին ձայնարկում էին «Լեւոն, Լեւոն»: Ի դեպ, ճանապարհի մի երկու հատվածում էլ երթի մասնակիցներից ոմանք իրենք փորձեցին ոստիկանների հետ վեճ սարքել, բայց այս անգամ հայրենի ոստիկանությունը բարեկրթության ուղղակի մարմնացում էր, ինչն էլ, անկեղծորեն, սակավ պատահող է:
Ինչեւէ, արդեն Կիեւյան կամրջից հետո երթին միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ու դեպի Ծիծեռնակաբերդ բարձրանալու ընթացքում տարօրինակ թվացողների բացականչություններն ու վանկարկումները դադարեցին, որ շարունակվեն, երբ երթին հրաժեշտ տվեց Հայաստանի առաջին նախագահը իր առանձնատան մոտ:
Ինչպես ասում են. այսպիսին է կյանքը: Բայց մի՞թե էլ ոչինչ հայերին միավորող ու համախմբող չունենք, երբ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրն իսկ սուլելն ու վանկարկումներն են բնութագրում հային, իբր «ազատություն» ձեռք բերելու նպատակով:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment