Monday, April 07, 2008

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ


ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ապագա նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարում էր. «Իմ ծրագրի ողնաշարը համայն հայության ողջ ներուժը հայտնաբերելն ու օգտագործելն է»: Մեր հոդվածաշարը միտված է հայտնաբերելուն՝ ներկայացնել հայության մեկ հատվածի՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանում բնակվողների տնտեսական ներուժը: Ուսումնասիրել ենք Ռուսաստանի 57 բնակավայրերում ապրող 205 անձանց կենսագործունեությունը: Ընդ որում, ընտրել ենք առաջին դեմքերին՝ ընկերությունների, ձեռնարկությունների, ֆիրմաների, կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ որոշ մարդկանց, որոնք անվանապես զբաղեցնելով նվազ պաշտոններ, այդուհանդերձ արձանագրել են աներկբա հաջողություններ: Ցանկի թվաբանական պարզ համադրումը ի ցույց է դնում հայկականե բիզնես-նախասիրությունների 6 հիմնական խումբ. ա) բանկային եւ ֆինանսավարկային (36 հոգի), բ) շինարարություն (կառուցում, շինանյութերի արտադրություն եւ վաճառք՝ 17 հոգի), գ) նավթային եւ գազային բիզնես (արդյունահանում, վերամշակում եւ վաճառք՝ 14 անձ), դ/տեղեկատվական տեխնոլոգիաներ (17 հոգի), զ) ապահովագրություն, որը չնայած ներկայացված է ընդամենը 9 անձով, սակայն ֆինանսական հատույցի ցուցանիշով զիջում է միայն առաջին խմբին եւ ե) զանգվածային լրատվամիջոցների ոլորտ (11 հոգի): Մյուսները տնտեսության գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչներ են:
Հավելենք նաեւ, որ 77 հոգի ծնունդով Հայաստանից է, 17-ը՝ Վրաստանից, 9-ը՝ Ադրբեջանից, մյուսները ծնվել են Ռուսաստանում:
Հոդվածաշարը, բնականաբար, սկսում ենք ամենանշանավոր հայով:


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ
Այս տարվա մայիսի 25-ին կբոլորի Ռուսաստանի բիզնես-սերուցքի ներկայացուցիչներից մեկի՝ «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Կարլենի Վարդանյանի 40-ամյակը: Նա ոչ միայն անկախ Ռուսաստանի արդյունք է, այլեւ այդ երկրի նոր տնտեսության հենասյուն-կառուցողներից , եւ նրա մասին ցանկացած լրագրային հրապարակում դատապարտված է լինելու սոսկ մի հպանցիկ, աղոտ ակնարկ:
Էրզրումցի պապ Համո Վարդանյանը 7-ամյա հասակում փրկվել էր ցեղասպանությունից, գաղթել Երեւան ու դարձել պատմագիտության պրոֆեսոր: Ճարտարապետության պրոֆեսոր հայրը երկար տարիներ դասավանդել էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Մայրական ճյուղը թիֆլիսյան արմատներ ունի. մեծ պապը լեռնային ճարտարագիտություն էր ուսանել Սորբոնի համալսարանում, պապը իշխան Մելիք-Մինասովն էր, իսկ տատը սերում էր Ղարաբաղից: Եվ ահա իր երակներում հայի հավաքական արյուն կրող Ռուբենը 1985թ. ոսկե մեդալով ավարտեց Երեւանի թիվ 20 միջնակարգ դպրոցն ու, որպես «ազգային կադր», գործուղվեց Մոսկվայի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Ավարտեց 1992-ին, որովհետեւ ստիպված եղավ 2 տարի ծառայել բանակում: Բայց դեռեւս 1991-ին աշխատանքի անցավ «Տրոյկա դիալոգ» ընկերությունում, իսկ մեկ տարի անց դարձավ ֆիրմայի գլխավոր տնօրենը: Ի դեպ, Ռ.Վարդանյանի դիպլոմային աշխատանքը ճանաչվեց լավագույնը շրջանավարտների մեջ, եւ նրան գործուղեցին Իտալիա՝ «Banca CRT»-ում պրակտիկա անցնելու:
«Ես հասկացա, որ հայտնվել եմ միանգամայն այլ երկրում»:
Նոր Ռուսաստան, նոր մարտահրավերներ, նոր հնարավորություններ: Նախկին կայսրության ամենախոշոր բեկորը պետք է հիմնովին վերափոխվեր, դիմակայեր ծանր փորձությունների:
Մինչ 1991 թ. Ռուսաստանում գոյություն չուներ ֆոնդային շուկա, եւ Ռ.Վարդանյանն առաջիններից մեկն էր, որ ձեռնամուխ եղավ դրա ձեւավորմանը: Այսօր, 16 տարի անց, կարելի է փաստել, որ նա ոչ միայն հաջողել է, այլեւ ռուսաստանյան ֆոնդային շուկա հասկացությունը նույնացվում է Ռ. Վարդանյանի անվան հետ: Տնտեսագիտական բարդ եզրաբանությունից, տարաբնույթ բիզնես-ըմբռնումներից խուսափելու համար փորձենք պարզունակ պատկերացում տալ, թե ինչով է զբաղվում Ռ. Վարդանյանը. նա շահութաբերության հենքի վրա կառավարում-տնօրինում է ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների ու քաղաքացիների ֆինանսները, ինչպես նաեւ ամերիկյան ներդրումները Ռուսաստանում: Դա անելու համար նա ինքն է անվրեպ որոշում այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ նպատակահարմար է ֆինանսական ներդրում կատարել: 2006 թ. «Տրոյկա դիալոգի» դրամաշրջանառությունը կազմեց 160 մլրդ դոլար, իսկ զուտ եկամուտը՝ 200 միլիոն: 2007 թ. ընկերության անմիջական կառավարման ներքո գտնվող միջոցները գերազանցեցին 4,5 մլրդ դոլարը: «Տրոյկա դիալոգի» սեփականատերերն են ավելի քան 70 մենեջերներ, իսկ Ռ.Վարդանյանի փայաբաժինը կազմում է 65%: Հավելենք նաեւ, որ ընկերությունը կառավարում են 10 տնօրեններ, որոնց թվում առաջնակարգ դերակատարություն ունեն նախկին ֆրանսահայ Ժակ Տեր-Մկրտչյանն ու նախկին երեւանցի Գոռ Նահապետյանը:
Բարձր պրոֆեսիոնալիզմի համար «Տրոյկա դիալոգը» նվաճել է շուրջ վեց տասնյակ մրցանակներ, իսկ Ռ. Վարդանյանն անձամբ արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսի՝ «Ներդրումայն բանկատեր-2003» անվանակարգում, «Դարին» ազգային մրցանակի՝ «Բիզնես-ռազմավարություն» անվանակարգում (2004 թ.), «Ernst&Young» միջազգային մրցանակի՝ «Ռուսաստանի 2004թ. ձեռնարկատեր» անվանակարգում, «Արիստոս-2006» մրցանակի՝ «Ռուսաստանյան բիզնեսի զարգացման գործում ունեցած առանձնակի վաստակի համար» անվանակարգում: Ի վերջո, նա միակ հայն է, որ վերջին երկու տարում տեղ է գրավում Ռուսաստանի 22 առաջատար ձեռնարկատերերի ցանկում (ամենահեղինակավոր այդ վարկանիշային աղյուսակը գլխավորում է Օ. Դերիպասկան՝ շուրջ 40 մլրդ դոլար անձնական ունեցվածքով):
Դժվար է ասել՝ Ռ. Վարդանյանը ծանոթ է հայոց ազգային կապիտալի բազմադարյա ավանդույթներին, թե՝ ոչ, բայց նա ճիշտ ու ճիշտ կրկնում է նախնյաց ուղին՝ բիզնեսի արդյունքը ծառայեցնելով երկու հիմնական նպատակի՝ կրթական-լուսավորչական եւ բարեգործական:
Ռ. Վարդանայանի համար կրթությունն առաջնային նշանակություն ունի, նա իրավացիորեն համարում է, որ բիզնեսում ետ չմնալու, մրցակցությանը դիմակայելու, բարձր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է տիրապետել ժամանակակից համաշխարհային տնտեսագիտական մտքի նվաճումներին: Դա է պատճառը, որ իր բուռն գործունեությանը զուգընթաց նա անընդհատ կրթություն է ստացել՝ ավարտել է «Մերիլ Լինչի» (Նյու Յորք) զարգացող շուկաների դասընթացները, 2000 թ.՝ «Value Based Managment» եւ «Negotiations Dynamics» ուսումնական ծրագրերը (Ֆոնտենբլո, Ֆրանսիա), 2001 թ.՝ Հարվարդի բիզնես-դպրոցի՝ բարձրագույն ղեկավարության համար նախատեսված «The General Manager Programm» կրթական ծրագիրը: Եվ հենց արտասահմանում կրթություն ստանալու փաստը Ռ. Վարդանյանին դրդեց հանդես գալու նոր նախաձեռնությամբ. գիտակցելով, որ անհրաժեշտ են երկրի տնտեսության առանձնահատկություններին համապատասխանող նոր սերնդի երիտասարդ մասնագետներ, նա դիմեց Ռուսաստանի 13 խոշորագույն ձեռնարկատերերին՝ առաջարկելով հիմնել բիզնես-դպրոց: Եվ ահա 2006 թ. սեպտեմբերի 21-ին մերձմոսկովյան Սկոլկովո վայրում տեղի ունեցավ «Կառավարման մոսկովյան դպրոցի» հիմնարկեքը. զետեղվեցին 14 հիմնադիրների անվանական թափանցիկ հիմնաքարերը, իսկ 15-րդը ստորագրել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինը: «Սկոլկովո» բիզնես-դպրոցում, որի նախագահն է Ռ. Վարդանյանը, ուսուցումն արդեն սկսվել է 2007 թ. աշնանից, իսկ առաջին ընդունելությունը կկատարվի այս տարի:
Բացի այդ, բանիմաց կադրեր պատրաստելու համար «Տրոյկա դիալոգը» սերտորեն համագործակցում է Պետական համալսարան-Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հետ եւ աջակցում է «SIFE-Russia» կրթական ծրագրին:
Արդի համաշխարհային բիզնեսի նվաճումներին հաղորդակից դարձնելու համար «Տրոյկա դիալոգը» հրատարակել է օտարերկրյա առաջատար մասնագետների 21 անուն գիրք, որոնցից շատերի ռուսերեն հրատարակությունների առաջաբանները գրել են Ռ.Վարդանյանն ու Ժ.Տեր-Մկրտչյանը:
Մեր ազգակցի ու նրա ընկերության գործունեության մեջ առանձնակի տեղ է գրավում բարեսիրությունը. «Տրոյկա դիալոգում» ստեղծվել է Բարեգործական կոմիտե, որը մշակում է ծրագրեր ու մեկենասությամբ ֆինանսական միջոցներ հատկացնում: Այսպես, ավելի քան 7 տարի ընկերությունն օժանդակում է Մոսկվայի թիվ 11 մանկատանը, ընդ որում՝ ընկերության աշխատակիցներն իրենց անձնական միջոցների հաշվին ամեն տարի կրկնապատկում են հատկացվող գումարի չափը: Բացի այդ, «Տրոյկա դիալոգի» աջակցությամբ 30 առավել տաղանդաշատ երաժիշտ-երեխաներ կատարելագործում են իրենց վարպետությունը, երեխաների համար խաղահրապարակներ են կառուցվել Նիժնի Նովգորոդ եւ Զավոլժիե քաղաքներում եւ այլն, եւ այլն:
Կուզենայինք անդրադառնալ Ռուբեն Վարդանյանի՝ անարդարացիորեն լռության մատնված եւս մեկ նվիրվածությանը՝ հայաստանանպաստ, ազգասիրական գործունեությանը:
Մենք հիմա բացառիկ հնարավորություն ունենք՝ դարեր անց մենք, որպես հայ ազգ, հայկական պետություն կարողենք մտածել մեր ապագայի մասին, ոչ թե օտար լծի տակ մի կերպ ինքնապահպանվելով, այլ իրատեսորեն մտածելով, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել: Մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմում եւ այժմ պետք է սովորենք ապրել հաղթածի, այլ ոչ պարտվածի մտայնությամբ, այդ իսկ պատճառով հիմա մեզ պետք է զարգացման նոր տեսլական:
Ահա այս տեսլականը նախանշելու համար Ռ.Վարդանյանը նախաձեռնեց «Հայաստան-2020» հիմնադրամի ստեղծումը, դարձավ Ազգային մրցակցային խորհրդի եռանդուն անդամ, հիմնովին ուսումնասիրեց Հայասատանի ողջ տնտեսությունը եւ մատնացույց արեց գերակայությունները՝ Սփյուռքի ներուժ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, զբոսաշրջություն: Սրանք են այն ճյուղերը, որոնք մեր երկրին հնարավորություն կտան ոտք մեկնել աշխարհի առաջատար պետությունների հետ:
Մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում մշտապես եղել են դրամատերեր, ովքեր ազգ են պահել՝ եկեղեցի ու դպրոց են կառուցել, գիրք են հրատարակել ու զենքը ձեռքին կռվել: Ռուբեն Վարդանյանն այդ փաղանգից է: Նա XXI դարի նոր հայն է, որը բոլոր հնարավորություններն ունի շարունակելու Հովսեփ Ամիրխանյանի, Հարություն Պեզճյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Պողոս Նուբարի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քըրքորյանի, Արշակ Կարագյոզյանի, Լուիզ Մանուկյան-Սիմոնի, Արա Աբրահամյանի եւ հազարավոր այլ նվիրյալների ավանդույթները եւ մնալու մեր ժողովրդի պատմության մեջ:
Հ.Գ. Ըստ ռուսական հեղինակավոր «Ֆինանս» շաբաթաթերթի, 2007 թ. Ռ.Վարդանյանի անձնական ունեցվածքը կազմել է 1,5 միլիարդ դոլար:

No comments: