Friday, June 20, 2008

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ-ՕՐՎԱ ԿԱՐԳԱԽՈՍԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Սա թերեւս այսօր սպասվելիք հավաքի հիմնական կարգախոսը լինի: Զարմանալու կամ վախենալու ոչինչ չկա: Նորություն չէ, որ թշնամությունն ու ատելությունը դարձել են Հայաստանում առկա քաղաքական պայքարի հիմնական զենքը: Այսօր թե՛ իշխանություններն իրենց գործողություններով եւ թե՛ լեւոնական ընդդիմությունն իր քարոզներով միմյանց հանդեպ քարոզում են մի սկզբունք` անհանդուրժողականություն ու ատելություն: Միմյանց ոչնչացնելու, դիմացինի կարծիքը չհարգելու եւ չընդունելու ձեւաչափը ամենատարածվածն է մեր օրերում, մեկը դա քարոզում է, մյուսը՝ իրագործում: Իսկ Հայաստանի սովորական քաղաքացին, որն այս ամենին միայն կողքից է նայում ու առանձնապես վստահություն չունի թե՛ մեկի եւ թե՛ մյուսի հանդեպ, չի իմանում, թե ինչ անի: Կամ էլ վարակվում է ատելության նույն մոլուցքով եւ ուզում միայն մի բան՝ կա՛մ, այսպես կոչված, հեղափոխություն, թքած, թե դա քանի մարդու կյանք կարժենա, կա՛մ, որ ջարդեն այդ հեղափոխականների քիթմռութները, նույնպես առանց երկար մտածելու դրա հետեւանքների մասին: Բոլորն էլ խոսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, մամուլի ազատության մասին, բայց իրականության մեջ այս հասկացությունները հավասարապես ատելի են նրանց համար: Սակայն այսօր ստեղծված իրավիճակի պարադոքսը այն է, որ ներկա իշխանությունների եւ լեւոնական ընդդիմության համար միմյանց գոյությունը հույժ անհրաժեշտ է: Ատելության քարոզով եւ գործունեությամբ վերջիններիս հաջողվել է հնարավորինս բեւեռացնել քաղաքական դաշտը, որտեղ բարիկադների տարբեր կողմերում հավաքվել են միմյանց նկատմամբ ատելություն «շնչող» քաղաքական ուժեր: Այսինքն՝ երկու կողմերին էլ ձեռնտու է քաղաքական դաշտը մաքրել այլ կուսակցություններից եւ ուժերից ու սեփական գոյությունը փորձել արդարացնել միմիայն դիմացինի գոյությամբ: Հանդուրժողականությունը, դիմացինի կարծիքը լսելը կամ, առավել եւս, նրան տեղ տալը, բեւեռներում գտնվող քաղաքական ուժերի միայն քմծիծաղն է առաջացնում: Հասկանալի է, որ նորմալ քաղաքական զարգացումների պայմաններում Հայաստանում չէին կարող երկար գոյություն ունենալ թե՛ այսօրվա իշխանական «պսեւդոնժդեհականները» եւ թե՛ Լեւոնի գաղափարական կողմնակիցներն իրենց հայատյացության հասնող ապազգային գաղափարաբանությամբ:

Սակայն իրականությունը այն է, որ հակահայ քարոզչություն տանող քաղաքական ուժը, որ քարոզում է ընդդեմ ազգային արժեքների` միասնության, պետական մտածելակերպի, Հայ առաքելական եկեղեցու, եւ այսպես շարունակ, բավականին լուրջ աջակցութուն ունի բնակչության մի զգալի հատվածի մեջ: Կարծում եմ, նման աջակցության համար նրանք` լեւոնականները, պետք է շնորհակալ լինեն Հայաստանում տարիներ շարունակ թայֆայական քաղաքականություն վարող իշխանավոր կոչվածներին, որոնք, նկատենք, իրականության մեջ նրանց (լեւոնականների) սանիկ-աշակերտներն են, որոնց նրանք են առաջ քաշել, սեփական քաղաքական մակաբույծ լինելը արդարացնելու համար: Ու հիմա, տարիներ անց, ցանկանում են «ընդամենը» հետ վերադարձնել ժամանակին ստիպողաբար ուրիշին տվածը` իշխանությունը, եւ այս ամենը արվում է այնպիսի լկտիությամբ, որ պարզ չէ, թե այսօր Հայաստանում կա՞ մեկը, որ հաշվի առնի՝ բնակչությունը ցանկանո՞ւմ է մեկին կամ մյուսին, կամ թե արդյոք ժողովուրդը չի՞ հոգնել այս ամենից եւ ընդամենը ցանկանում է արդարություն ու աշխատելու հնարավորություն, մի բան, որ այդպես էլ չստեղծվեց մեր նորանկախ պետությունում նրա գոյության 17 տարիների ընթացքում: Ու այսօր համառորեն վերադառնալ ցանկացող հինը, որն այդպես էլ չստեղծեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության թեկուզ եւ տարրական պայմաններ, խոսում է նույն այդ մարդու իրավունքներից, ու համոզում, թե ինքն է միակ ուժը, որը կարող է ինչ-որ բան փոխել: Ու քանի դեռ հայրենի իշխանությունները շարունակում են ոչինչ չանել լուրջ գաղափարական ու քաղաքական բարեփոխումների ուղղությամբ, հասկանալի է, որ այս պայմաններում կլինեն շատերը, որ ստիպված լինեն հավատալ նրանց` լեւոնականներին, իսկ մյուս մասը կնախընտրի հեռանալ երկրից:

Ինչեւէ, պարզ է մի բան, առկա ճգնաժամը կամ բարոյալքումը Հայաստանում կտեւի դեռ երկար, իսկ սա այն է, ինչ ձեռնտու է Հայաստանը բեւեռացրած քաղաքական երկու ուժերին էլ: Վերջիններս կշարունակեն միմյանց գոյությունը արդարացնել դիմացինի առկայությամբ եւ իրար վրա ցեխ շպրտել, ամեն անգամ վկայակոչելով միջազգային այս կամ այն ատյանն ու նրա այս կամ այն որոշումը Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին: Ու ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ միմյանց կոկորդ կրծող քաղաքական երկու բեւեռները Հայաստանը վաղուց արդեն վերածել են ԵԱՀԿ-ի կամ ԵԽԽՎ-ի համակարգում ինչ-որ չինովնիկի անձնական օգտագործման տարածքի, որտեղ վերջինս տիրոջ իրավունքով գալիս է ստուգելու, թե արդյոք վասալները իր հրամանները կատարո՞ւմ են եւ ի՞նչ ճշտությամբ: Իսկ վասալները իրենց հերթին մեկը մյուսից առաջ ընկնելով՝ տիրոջ առաջ արդարանում կամ բողոքում են միմյանցից, իսկ չինովնիկի օգնականի տեղակալը քթի տակ քմծիծաղ տալով թփթփացնում է նրանց ուսերին՝ ամեն մեկին խոստանալով, որ վերադառնալուն պես նրանց համար ընդունելի որոշում կհրապարակի: Հայաստանի վասալական կախվածությունը մեծանում է, մեր երկիրը օր օրի կորցնում է իր ինքնիշխանությունը եւ վերածվում հերթական գվինեաբիսաուի, միայն թե հարավկովկասյան լցոնմամբ:

Իսկ ատելությունը դեռ երկար ժամանակ կշարունակի մնալ մեր քաղաքական դաշտի հիմնական կարգախոսը, ինչն առաջ կմղի այս կամ այն կողմին իշխանազավթման կամ այն ամեն գնով պահպանելուն, սակայն ներկա պայմաններում վտանգավորը դա չէ, այլ այն, որ ատելությունը սպառնում է Հայաստան պետությա՛ն գոյությանը:

No comments: