Պատմում են, որ ականավոր կենսաբան Ալֆրեդ Կյունը Ավստրիայի գիտությունների ակադեմիայում իր զեկույցը մի անգամ ավարտեց Գյոթեի խոսքերով. «Մտածող մարդու գերագույն երջանկությունն է՝ ըմբռնել ըմբռնելին եւ անվրդով հարգել անըմբռնելին»։
Ասելով դա, գիտնականը մի պահ լռեց, հետո բողոքալից բարձրացրեց ձեռքն ու հնչեղ ձայնով, խլացնելով արդեն դղրդացող բուռն ծափահարությունները, բացականչեց. «Ո՛չ, պարոնայք։ Բնավ ոչ անվրդով, ո՛չ»։
Այդպես էլ «Շաբաթական վարկանիշի» պարագայում է։ Ի դեմս հայրենի քաղաքական գործիչների, մենք ցանկանում ենք ըմբռնել նաեւ անըմբռնելին։ Չենք վախենում զրկել նրանց աստվածային հատկանիշներից՝ ներթափանցելով էության խորքերը։ Եւ հայրենի քաղաքական գործիչներն իրենց զարմանահրաշ հատկանիշներից որեւէ մեկի գիտական բացատրությունից հետո երբեք չեն հայտնվում տոնավաճառային մերկացված շառլատանի դրության մեջ, որը կորցրել է հրաշագործի հեղինակությունը։ Քանզի յուրաքանչյուր մանրէ հայոց աշխարհում գիտի, որ իրենք կատարելության մարմնացում են։
Գիտնականները ժամանակին չափազանց հետաքրքիր գիտափորձ անցկացրին գետածածանի նկատմամբ։ Նրանք հեռացրին ձկնիկներից մեկի ուղեղի այն մասը, որը պատասխանատու է վտառային միավորման ռեակցիաների համար։ Գետածածանը դրանից հետո միանգամայն նորմալ տեսք ուներ, սովորականի պես ուտում էր ու լողում, եւ նրա պահվածքի միակ առանձնահատկությունն այն էր, որ բացարձակապես ուշադրություն չէր դարձնում. լողո՞ւմ է իր հետեւից ընկերներից մեկնումեկը, թե՞ ոչ։
Եթե ծածանը կեր էր տեսնում կամ որեւէ այլ պատճառով ցանկանում մի կողմ թեքվել, ապա վճռականորեն անում էր դա՝ ոչ մեկի վրա ուշադրություն չդարձնելով։ Եւ ահա թե ինչ էր այդ ժամանակ կատարվում. ամբողջ վտառը հետեւում էր նրան։ Փաստորեն վիրահատված կենդանին հենց իր արատի շնորհիվ դարձավ անվիճելի ֆյուրեր։
Կարծում ենք, գրեթե համանման ձեւով է ազատագրական շարժման առաջնորդ դարձել նաեւ նախկին նախագահ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Մեր պահանջները չկատարելու դեպքում, օգոստոսի 1-ից սկսած շարժման գլխավոր կարգախոսը կլինի հայտարարել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»։
Դե՞։ Եւ ինչո՞վ է տարբերվում սույն ֆյուրերը վիրահատված գետածածանից։ Համենայն դեպս՝ ներկայացված վերջնագիրը վկայում է նեոբոլշեւիկների պարագլխի մտավոր ծայրահեղ դեգրադացիայի մասին, ինչի համար ավազակապետության ոչ մի արատն արդեն արդարացում չէ։ Եւ դեռ դժգոհում են, որ ընդդիմությունը կրում է մի պարտությունը մյուսի հետեւից։ Անառականոցի մասին հին անեկդոտում համանման իրավիճակում խորհուրդ էր տրվում փոխել ոչ թե կահույքը, այլ աղջիկներին։
Ինչեւէ, մարդիկ, ինչպես հայտնի է, բաժանվում են իրենց մեղսագործ համարող արդարակյացների եւ իրենց արդարակյաց համարող մեղսագործների։ Միանշանակ երկրորդ խմբին պատկանող եւ -4 միավոր ստացած Տեր-Պետրոսյանն իր ներկայիս ողջ գործունեությունը խարսխում է ցինիկ ստի վրա, եւ դրա փայլուն ապացույցն էր վերջին միտինգը։
Հիշո՞ւմ եք, թե ինչպես է Մեծ ինկվիզիտորը Դոստոեւսկու վեպում ասում. «Ոչ, մեր սրտին թանկ են նաեւ թույլերը։ Նրանք արատավոր են ու խռովարար, բայց ի վերջո հենց նրանք կդառնան խոնարհ ու հնազանդ։ Նրանք կզարմանան՝ մեզ նայելով, եւ աստվածներ կհամարեն մեզ այն բանի համար, որ առաջնորդելով իրենց, համաձայնվել ենք դիմանալ ազատությանը եւ իշխել իրենց նկատմամբ։ Բայց մենք կասենք, թե հնազանդ ենք Քեզ եւ իշխում ենք հանուն Քեզ։ Մենք նորից կխաբենք նրանց։ Հենց այդ ստի մեջ էլ ամփոփված կլինի մեր տառապանքը, քանզի մշտապես ստիպված կլինենք ստել»։
Ժամանակին Վլադիմիր Մայակովսկին գրում էր. «Եթե հանկարծ / թանգարանում / որպես նմուշ ցուցադրվի / արտասվող բոլշեւիկ, / ապա ամբողջ օրը / թանգարանը լի կլինի / պարապ-սարապ մարդկանցով։ / Հարկավ. / նման բան / դարերով էլ չես տեսնի»։
Չգիտեմ՝ արտասվող բոլշեւիկների առումով ինչպես, բայց հիրավի լավ քաղաքական գործիչն իսկապես հազվագյուտ ապրանք է, որը կարիք ունի եթե անգամ ոչ թանգարանի, ապա թանգարանային վերաբերմունքի՝ հաստատ։ Այժմ խոսենք հենց այդպիսի մեկի մասին։
Իրենց վերջին միտինգում ազատագրական շարժման առաջնորդները տառապագին փորձում էին հասկանալ, թե ովքեր են իրենք եւ ինչ են անելու հիմա այդ երջանկության հետ։ Ինչպես միշտ, մտավոր ջանքերի կենտրոնում հայտնվեց ՀԺԿ փոխնախագահ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Մտքի արիությունն այդ մարդու մեջ մրցակցում է միայն իր իսկ բարոյական կատարելության հետ, ինչը երեւում է հենց թեկուզ հետեւյալ հայտարարությունից. «Մեկ անգամ եւս փաստում ենք. գոյություն ունի այսօր մեկ ճանապարհ՝ տվեք հրաժարական ու հեռացեք։ Սա է միակ ճանապարհը, սա է միակ փրկությունը»։
Ճանաչելով նախկին պատգամավորին՝ որպես ծայրաստիճան ազնիվ ու սկզբունքային մարդու... այսինքն՝ ես չեմ ճանաչում նրան ո՛չ որպես ազնիվ, ո՛չ էլ սկզբունքային մարդ, բայց կարո՞ղ է այդպիսին չլինել Դեմիրճյանի տեղակալը. ահա ուրեմն, չեմ կասկածում, որ կհասնի ողջ հանցավոր վարչախմբի հրաժարականին։ Այո... կարծես թե հասակն առած մարդ է այդ -2 միավոր ստացած Գ.Հարությունյանը, մինչդեռ իրականության ընկալման թարմությամբ ասես ծծկեր լինի։
Լավ, հրաժարականի հարցը համարենք լուծված, բայց ի՞նչ է լինելու հետո։ Մենք, բնականաբար, ամեն կերպ ողջունում ենք ազատարարների զարմանահրաշ բազմազանությունը, բայց լեզու կգտնե՞ն արդյոք նրանք միմյանց հետ հաղթանակից հետո։
Մասնագիտական գրականության մեջ նկարագրված է մի չափազանց հետաքրքիր գիտափորձ, որը կարող է տալ սույն հարցի պատասխանը։ Գիտնականները տարբեր տեղերից բռնած առնետներին միասին փակում էին ընդարձակ վանդակում, որտեղ նրանց համար ստեղծված էին միանգամայն բնական պայմաններ։ Սկզբում առանձին կենդանիները կարծես թե վախենում էին իրարից։ Հարձակվելու տրամադրություն նրանք չունեին։
Իսկապես ագրեսիվ նրանք դառնում էին միայն այն ժամանակ, երբ սկսում էին վարժվել միմյանց եւ յուրացնել տարածքի հատվածները։ Այդ ժամանակ սկսում էին զույգեր ձեւավորվել տարբեր տեղերից վերցրած, իրար անծանոթ առնետներից։ Եթե միաժամանակ առաջանում էր մի քանի զույգ, ապա դրան հաջորդած մարտերը կարող էին չափազանց երկար շարունակվել։ Իսկ եթե զույգերից մեկը ձեւավորվում էր մյուսներից քիչ ավելի շուտ, ապա ամուսինների միավորված ուժերն այն աստիճան էին ճնշում վանդակում նրանց դժբախտ հարեւաններին, որ զույգերի հետագա ձեւավորումն անհնար էր դառնում։
Միայնակ առնետներն ակնհայտորեն իջեցվում էին ստորին դասի, եւ այդուհետ զույգը հետապնդում էր նրանց անդադար։ Նույնիսկ չափազանց մեծ վանդակում նման զույգին, որպես կանոն, երկու-երեք շաբաթն էլ բավական էր, որպեսզի վերացներ մնացած բոլոր բնակիչներին, այսինքն՝ 10-15 ուժեղ, հասուն առնետների։
Ողջ աշխարհում երեխաները, ընդօրինակելով մեծերին, խաղում են տուն-տունիկ եւ կռիվ-կռիվ։ Անտիկ հասարակություններում նրանք խաղում էին սրբազան ծիսակատարություններ ու առասպելական հերոսներ, միջնադարյան Եվրոպայում երեխաները տարված էին դատարան, դատավճիռ ու մահապատիժ խաղալով։ «Մեծական» խաղը մանկական ենթամշակույթի «մշտակայություններից» մեկն է, աշխարհի պես հին ու անսահման բազմադեմ։ Մեծահասակները սյուժեներ են հուշում երեխաներին իրենց խաղերի համար։ Երբեմն նրանք անում են դա միանգամայն գիտակցաբար։
«Հանրապետության» քաղխորհրդի փոքրիկ անդամ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ զօր ու գիշեր խաղում է «հեղափոխություն» ուշագրավ խաղը։ Ահավասիկ անցած շաբաթ էլ նա հայտարարեց. «Այն նույն հետեւողականությամբ, որ մենք արդեն երկրորդ անգամ ոստիկանությունից եւ այս ավազակապետությունից ազատում ենք Մատենադարանը, նույն հետեւողականությամբ պետք է Հայաստանը դարձնենք ազատ, անկախ երկիր»։
Այո... Պետք է կողքից եւս մի գլուխ աճեցնես, որպեսզի հասկանաս, թե ինչ է ուզում -2 միավոր ստացած Ս.Սուրենյանցը։ Նույնիսկ չգիտենք, թե ինչ ախտորոշում տալ սրան։
Թեպետ, ամերիկացի նշանավոր հոգեբույժ Կարլ Մենինգերը հավաստիացնում է, որ իրականում գոյություն ունեն ոչ թե տարբեր հոգեկան հիվանդություններ, այլ միայն մեկը, եւ որ յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հակված է դրան այս կամ այն չափով։ «Մենք պնդում ենք,- գրում է Մենինգերը,- որ գոյություն ունեն վիճակներ, որոնց առավել համապատասխանում է «հոգեկան հիվանդություն» անվանումը։ Բայց հիվանդության տարբեր տեսակներին եւ կլինիկական պատկերներին այդչափ մեծ կարեւորություն տալու փոխարեն, առաջարկում ենք իմաստավորել հոգեկան հիվանդության բոլոր դրսեւորումները որպես միասնական ինչ-որ բան, որն իր էությամբ տարբերակվում է լոկ քանակապես»։
Դե իսկ ընդհանուր առմամբ՝ ինչո՞վ այս Գավրոշը հերոս չէ, ընդօրինակման ինչո՞վ նմուշ չէ։ Ես նույնիսկ հուշարձան կկանգնեցնեի նրա պատվին. միանգամից, առանց նախնական քննարկումների։ Որպեսզի մարմարե կամ բրոնզե տեսքով վեր խոյանար ավազակապետությունից ազատագրված Մատենադարանի տարածքում։ Եւ պարզած ձեռքով մատնացույց աներ մնացյալ բոլորին ճշմարտության, արդարության եւ ազատության կանխադրույթները։
ՊԱԿ-ի նախկին ղեկավար ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ մենք օրերս անդրադարձել ենք, բայց սյուժեն սրընթաց զարգանում է, եւ ամենահետաքրքիրն այդ նոր շրջադարձում այն է, որ մեր հերոսը հանկարծ խոսեց օրենքի մասին։ Քանզի դա, եթե խորը մտածենք, չափազանց ծիծաղելի է։ Շահնազարյան եւ օրենք։ Սուրբ ինկվիզիցիային կից հակահրդեհային կոմիտեի պես մի բան։
Թեպետ, դատեք ինքներդ։ Անցած շաբաթ նա հայտարարեց. «Իշխանությունները թող հասկանան, որ այն օրենքները, որոնք իրենց համար այսօր գոյություն չունեն, այդ նույն օրենքներով իրենք կանգնելու են դատարանի առաջ՝ մեղադրյալի աթոռին»։
Մի կողմ թողնենք գործի տեխնիկական կողմը, թեեւ, անշուշտ, հետաքրքիր կլիներ տեսնել մեղադրյալի աթոռին կանգնածին։ Այստեղ ուրիշ բան է կարեւոր։ Այն, որ այսօր օրենքի մասին դատողություններ են անում -3 միավոր ստացած Դ.Շահնազարյանի պես անձնավորությունները, մեղավոր են ոչ թե իրենք, այլ Ֆիլիպ Պինելը, որը 1793 թվականին փարիզյան Բիսետր հիվանդանոցում աշխարհում առաջին անգամ արգելեց խցերում կատաղի հոգեկան հիվանդներին գամող շղթաները։ Եւ հիմա մենք սրանց ձեռքը կրակն ենք ընկել։
Ի դեպ, ուշադրություն դարձրեցի՞ք Շահնազարյանի տոնի կտրականությանը։ Այնինչ դեռ Պողոս Առաքյալը, դիմելով նրանց, ովքեր ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքն ու կապրենք այնտեղ մեկ տարի, եւ կզբաղվենք առեւտրով ու եկամուտ կստանանք», ուսուցանում էր. «Փոխանակ ասելու՝ «Եթե Աստված կամենա եւ ողջ լինենք, ապա կանենք այս կամ այն», դուք՝ լինելով ամբարտավան, սնապարծ խոսքեր եք ասում. այդօրինակ ցանկացած սնապարծություն չարիք է»։
Կազատագրվի՞ երբեւէ հայոց աշխարհն այդ ինքնասիրահարված ու ինքնավստահ խելագարներից։ Դժվար թե։ Մեզանում տարածքն օդափոխելու ցանկացած փորձ ավարտվում է «փակե՜ք պատուհանը, փչո՛ւմ է» ճիչերով։
Ասենք, ամեն ինչ կախված է Աստծո կամքից։ Այո, հենց այդպես է որ կա։ Համենայն դեպս՝ մերօրյա Հայաստանում։ Քանզի պետության կամքից երկրում գրեթե ոչինչ կախված չէ։ Հակառակ դեպքում հայրենի հեռուստաալիքները ամերիկյան անվերջանալի մարտաֆիլմերի փոխարեն վերջապես կցուցադրեին վավերագրական քրոնիկայի կադրեր. ձախողված պետական հեղաշրջման կազմակերպիչ Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը։
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Tuesday, July 08, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment