Tuesday, October 07, 2008

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

ՀՀ 1998-2008 թթ. արտաքին քաղաքականության ոլորտո՞ւմ

ՀՀ-Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը համատեղ դիտելու նպատակով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը Երեւան հրավիրեց Թուրքիայի նախագահ Ա. Գյուլին: Վերջինիս ժամանումը Երեւան քաղաքական եւ լրատվական դաշտում շատ հարցեր առաջացրեց, այդ թվում եւ՝ որքանո՞վ է այս այցը տեղավորվում 1998 թվականից ցեղասպանության ճանաչումը որպես պետական քաղաքականություն (որի առաջին քայլն էր նախագահ Ռ. Քոչարյանի` ցեղասպանության վերաբերյալ 1998 թ. սեպտեմբերյան ելույթը ՄԱԿ-ի լիագումար նիստում) հռչակած ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության համատեքստում: Իսկ արդյոք ցեղասպանության ճանաչումը դինամիկորեն եղե՞լ է ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում. փորձենք պատասխանել:

Հարցի պատասխանը պահանջում է որոշակի հստակեցումներ եւ պարզաբանումներ:


--------------------------------------------------------------------------------


«Ցեղասպանության միջազգային ճանաչում» արտահայտությունը

«Ցեղասպանության միջազգային ճանաչում» արտահայտությունը հստակություն չի պարունակում, քանզի ճանաչումը կարող է լինել երեք տեսակի՝ բարոյական, քաղաքական եւ իրավական: Ճանաչման յուրաքանչյուր տեսակ հետապնդում է ուրույն նպատակ եւ խնդիրներ, ունի միմյանցից տարբերվող «թիրախ» ու, ըստ այդմ, կատարվելիք աշխատանքային-քաղաքական միջոցառումներ եւ այլն: Մասնավորապես, եթե ՀՀ իշխանությունների նպատակը ցեղասպանության միջազգային բարոյական ճանաչումն է, ապա պետք է աշխատանք տարվի տարբեր երկրների ինտելեկտուալների եւ մշակութային կազմակերպությունների հետ, իսկ եթե իրավական ճանաչումն է, ապա՝ խորհրդարանների եւ դատական ատյանների հետ («թիրախների» տարբերություն): Առարկայացնելով վերոշարադրյալը, նշենք, որ աշխարհի շատ երկրների ինտելեկտուալներ, որոնց թվում` ազգությամբ թուրք պատմաբաններ եւ գրողներ (Օրհան Փամուքը եւ այլք) ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, ինչը կարելի է գնահատել որպես բարոյական հաղթանակ: Արդյոք սա բավարարո՞ւմ է ՀՀ իշխանություններին: Ինչպես արդեն նշեցինք, ճանաչման յուրաքանչյուր տեսակ հետապնդում է ուրույն նպատակ, մասնավորապես՝ ցեղասպանությունից տուժածները բարոյական ճանաչումից տնտեսական փոխհատուցում չեն կարող ակնկալել, իսկ իրավականից՝ այո: Ճանաչման յուրաքանչյուր տեսակի համար ՀՀ իշխանությունները պարտավոր էին պատրաստել համապատասխան փաստաթղթեր եւ նյութեր: Եթե ՀՀ իշխանություններն իսկապես ձգտում էին հասնել ցեղասպանության իրավական ճանաչմանը, ապա պարտավոր էին վերջին 10 տարվա ընթացքում պատրաստել ցեղասպանությունից տուժածների, ինչպես նաեւ վերջիններիս իրավահաջորդների փոխհատուցման պահանջները բավարարող անհրաժեշտ փաստաթղթեր: Այդ գործը հնարավոր չէ նույնիսկ մեկ տարում անել, քանզի այդ փաստաթղթերը ցրված են աշխարհով մեկ եւ պահպանվում են տարբեր երկրների պետական մարմիններում (արխիվներում եւ այլն), հասարակական-քաղաքական կազմակերպությունների արխիվներում, ինչպես նաեւ տասնյակ հազարավոր հայաստանցի եւ սփյուռքահայ անհատների մոտ: Հետաքրքրական է իմանալ, թե ՀՀ իշխանությունները 1998-2008 թթ. ընթացքում պատրաստե՞լ են Թուրքիայի տարածքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ավերման (մշակութային ցեղասպանություն) վերաբերյալ համապատասխան նյութեր:

Կարող ենք փաստել, որ ՀՀ իշխանությունները 1998-2008 թթ. բազմիցս հայտարարելով ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, այդպես էլ չհստակեցրին, թե ճանաչման ո՞ր տեսակն է ընդգրկված ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում:

Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի համակարգման խնդիրը

Որքան մեզ հայտնի է, ՀՀ արտաքին քաղաքականության յուրաքանչյուր ուղղություն համակարգում է ԱԳ նախարարի համապատասխան տեղակալը: Սակայն, մինչ այժմ, մեզ հայտնի չէ, թե տեղակալներից ո՞վ է համակարգում ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ մինչ օրս էլ նրանցից չենք լսել որեւէ հաշվետվություն կատարված աշխատանքների մասին: Ավելին, մեզ հայտնի չէ նաեւ, թե վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ բյուջեից գումար հատկացվե՞լ է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հողային պահանջատիրության հարցը

Ինչպես ցույց են տալիս մեր դիտարկումները, հայ հասարակության մեջ տարածված է այն թյուր տեսակետը, թե ցեղասպանության միջազգային (անգամ Թուրքիայի կողմից) ճանաչումն ինքնըստինքյան ենթադրում է հայկական հողերի, մասնավորապես՝ Արեւմտյան Հայաստանի հանձնումը ՀՀ-ին: Սակայն.

ա) Արեւմտյան Հայաստանը մեզ համար ոչ թե իրավական, այլ աշխարհագրական հասկացություն է, այն էլ՝ առանց հստակ վարչական սահմանների: Ավելին, Թուրքիայի կազմում է գտնվում նաեւ հայկական պատմական տարածք Կարսի շրջանը, որն իր աշխարհագրական պատկանելությամբ եղել է ոչ թե Արեւմտյան, այլ՝ Արեւելյան Հայաստանի մասը: Ուստի, չնշելով հողային պահանջատիրության կոնկրետությունը, Արեւմտյան Հայաստանը ՀՀ-ին հանձնելը, ըստ էության, վերածվում է վերացական հասկացության:

բ) պահանջատիրության իրավական փաստաթղթերը

Ինչպես արդեն նշեցինք, Արեւմտյան Հայաստան հասկացությունը չի կարող լինել պահանջատիրության հիմք: Սակայն չպետք է մոռանալ, որ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի` ՀՀ-ին առաջադրած նախապայմաններից մեկը ՀՀ-ի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն է: Վերոնշյալից բխում է, որ, այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ ցեղասպանության միջազգային ճանաչումից հետո ՀՀ-ն կարող է տարածքային պահանջատիրության հարց դնել Թուրքիայի առջեւ: Եվ այս տեսակետից հետաքրքրական է դիտարկել, թե վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ իշխանություններն ի՞նչ քայլեր են կատարել հստակեցնելու համար իրենց դիրքորոշումը ՀՀ-Թուրքիա տարածքային խնդիրների նկատմամբ: Իսկ որ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ տարածքային վիճելի խնդիրներ կան, կարծում ենք, ընդունում են նաեւ ՀՀ իշխանությունները, քանզի, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ-ն ցայսօր չի հայտարարել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

ՀՀ-Թուրքիա տարածքային վիճելի խնդիրներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մի հայացք ուղղել մեր համատեղ պատմության՝ 1915-1921 թթ. էջերին: Բնավ նպատակ չհետապնդելով մանրամասնել այդ թվականների իրադարձությունները, նշենք միայն, որ այդ թվականներին ստորագրվել են հայ-թուրքական, հայ-ռուսական եւ ռուս-թուրքական մի քանի պայմանագրեր, մասնավորապես՝ Սեւրի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերը, ինչպես նաեւ՝ ԱՄՆ կառավարության իրավարար վճիռը, որոնք առնչվում են ՀՀ-Թուրքիա տարածքային մերօրյա վիճելի խնդիրներին: Այս տեսանկյունից դիտարկելով հարցը, վստահաբար կարող ենք նշել, որ վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները որեւէ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել վերոնշյալ պայմանագրերի (այդ թվում եւ՝ իրավարար վճռի) մասին: Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները (միջազգային համապատասխան մասնագետների օգնությամբ) անգամ չփորձեցին պարզաբանել այդ պայմանագրերի մերօրյա իրավական ուժը: Սակայն այդ պարզաբանումն էլ բավարար չէ, քանզի անհրաժեշտ է եւս մեկ պարզաբանում: Նշված պայմանագրերը կնքվել են ՀՀ (1915-1920 թթ.) եւ ՀՍԽՀ (մինչ ԽՍՀՄ-ի կազմավորումը) ժամանակահատվածում: Այս իսկ առումով էլ անհրաժեշտ է պարզաբանել, թե այսօրվա ՀՀ-ն իրավական ինչպիսի կապերով է առնչվում այնօրյա ՀՀ-ի եւ ՀՍԽՀ-ի հետ: Կարծում ենք, պարզաբանելիս անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ Անկախության հռչակագիրը, ըստ որի, 1990 թ. անկախության ուղին բռնած ՀՀ-ն իրեն համարեց ոչ թե 1918-1920 թթ. ՀՀ-ի իրավահաջորդը (ինչպես, օրինակ, իրենց պարագայում հայտարարեցին Մերձբալթյան հանրապետությունները, Վրաստանը եւ Ադրբեջանը), այլ հռչակեց նոր` անկախ պետություն, ըստ էության գիծ քաշելով նախորդ ժամանակահատվածում (1918-1921 թթ.) կնքված պայմանագրերի վրա:

Այսպիսով, ՀՀ իշխանությունները վերջին 10 տարվա ընթացքում փաստորեն չճանաչելով Թուրքիայի ներկա սահմանները, պարտավոր էին հստակ պարզաբանումներ տալ վերոնշյալ պայմանագրերի եւ հայկական պետականությունների իրավահաջորդության մասին, ինչը չեն արել:

Մեր կարծիքով, ՀՀ իշխանությունների այն տեսակետը, թե վիճելի հարցերը պետք է լուծվեն ՀՀ-Թուրքիա բանակցությունների միջոցով, ըստ էության, ընդունելի չէ: Բերենք Ադրբեջանի օրինակը: Թեեւ վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանի նախագահները Ղարաբաղի հարցի կապակցությամբ բանակցում էին ՀՀ նախագահների հետ, սակայն դա չէր խանգարում Ադրբեջանի ղեկավարությանը Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն, միջազգային տարբեր ատյաններում քննարկման հարց դարձնելուն: Հետեւաբար ՀՀ իշխանությունները 1998-2008 թթ. կարող էին իրենց վերաբերմունքն արտահայտել պայմանագրերի եւ իրավահաջորդության հարցի վերաբերյալ, առավել եւս, որ տարածքային վիճելի խնդիրների կապակցությամբ Թուրքիայի հետ երբեւէ բանակցություններ չեն վարել՝ գոնե բացահայտ:

Արդեն 14 տարի հրադադար է եւ ԼՂՀ սահմանակից տարածքները, այդ թվում եւ պատմական հայկական Քարվաճառի շրջանը, գտնվում են հայկական ուժերի վերահսկողության ներքո: Վերոնշյալ ժամանակաշրջանում ՀՀ-ն անգամ պաշտոնական տեսակետ չարտահայտեց նույնիսկ այս տարածքի ապագա իրավական կարգավիճակի մասին: Ավելին, կարելի է ասել, որ ոչինչ չարվեց այդ շրջանը հայկական պետականությանն ինտեգրելու գործին՝ ո՛չ տնտեսական, ո՛չ ժողովրդագրական եւ ո՛չ էլ քաղաքական տեսակետից: Առավել եւս, որ Քարվաճառի շրջանը պատերազմի ավարտին ամբողջությամբ դատարկվել էր ադրբեջանցիներից: Ի դեպ, Արեւմտյան Հայաստանը վաղուց լիովին բնակեցված է քրդերով, թուրքերով եւ այլն: Եթե Քարվաճառի խնդիրն է նման անտարբերության արժանանում, ապա արժե՞ արդյոք զարմանալ, որ մեր պատմության ոչ այնքան վաղ անցյալի պայմանագրերն են (տարածքային խնդիրները) նման վերաբերմունքի արժանանում:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ Թուրքիայում բնակվող քրդերի պայքարի հարցը

Ինչպես արդեն նշեցինք, հայերը ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան կայսրության հիմնականում արեւելյան շրջաններում (Արեւմտյան Հայաստան պատմաաշխարհագրական տարածքում), որտեղ այսօր բնակվում են միլիոնավոր քրդեր եւ ովքեր պայքարում են այդ տարածքում պետականություն ստեղծելու համար: Կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները, տվյալ տարածքների հետ կապված խնդիրների առկայության պարագայում, պարտավոր էին պաշտոնական տեսակետ արտահայտել քրդական պայքարի եւ վերջիններիս կողմից պատմական հայկական տարածքների նկատմամբ դրսեւորած հավակնությունների մասին:

Այսպիսով, ըստ մեզ, կարելի է ասել, որ 1998-2008 թթ. ՀՀ իշխանությունները ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որեւէ էական գործ չկատարեցին եւ սահմանափակվեցին միայն այդ հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելու վերաբերյալ հայտարարություններով: Մեր կարծիքով, ՀՀ իշխանությունները 1998-2008 թթ. բավարար ձգտում չեն դրսեւորել հասնելու հարցի իսկական լուծմանը: Գիտակցելով այդ հարցի կարեւորությունը սփյուռքահայության մեջ եւ ձգտելով ստանալ վերջիններիս աջակցությունը, ՀՀ իշխանություններն այդ հարցը օգտագործել են որպես PR քաղաքականություն:

Հ.Գ. 1. Տասը տարի շարունակ հայտարարելով, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություններից մեկն է, ՀՀ-Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի ժամանակ ՀՀ հավաքականի խաղացողների մարզահագուստի վրայից «անհետացավ» Արարատ սարը: Կարծում եմ, որ վերոնշյալ հանգամանքը (էլ չենք խոսում հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի մասին) լավագույն ապացույցն է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ-ի համար եղել է ոչ թե պետական քաղաքականություն, այլ, քաղտեխնոլոգիս կարծիքով, էժանագին PR:

Հ.Գ. 2. Հայ հասարակությունը 1990-1991 թթ. ձգտելով անկախության, կարծում էր, թե առանց վերադաս (ԽՍՀՄ) ղեկավարության կկարողանա հասնել. 1) ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ տարածքային վիճելի հարցերի կարգավորմանը եւ 2) ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծմանը: Սակայն այսօր, երեւի թե վստահաբար, կարող ենք փաստել, որ անկախության հռչակումից 17 տարի անց համազգային այս երկու խնդիրներում ՀՀ իշխանությունները որեւէ էական առաջընթաց չգրանցեցին. առաջին հարցն օգտագործվեց որպես PR, իսկ մյուսի, հաշվի առնելով վրաց-հարավօսական պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, հայանպաստ ապագան էլ ավելի մշուշոտ է: Հարց է առաջանում, եթե անկախությունը չնպաստեց համազգային այս երկու խնդիրների լուծմանը (էլ չենք խոսում ժողովրդավարության մասին), ապա պե՞տք է արդյոք հայ հասարակությանը նման անկախություն: Միգուցե արժե ավելի ու ավելի մեծ ուշադրությամբ դիտել օրեցօր հզորացող Ռուսաստանին, նրանում ժողովրդավարության (արդարության) ավելի բարձր աստիճանը, Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու նրա վճռականությանը (ազգային շահերի գերադասելիություն) եւ Ռուսաստանի բնակչության բարձր կենսամակարդակը ու անկախությունն առաջ տանելու փոխարեն համապատասխան եզրակացություններ անենք...

Առայժմ այսքանը:

ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: