Friday, August 24, 2007

«1936-37 ԹԹ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒՆ ԱՌ ՏՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԷՐ ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԵԼ ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ»

Հայտարարում է Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն

Օգոստոսի 18-ին Կեսարիայում Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի «Քրդերն ունեն «թուրքմենական», իսկ քուրդ ալավիները՝ «հայկական» ծագում, TIKKO-ի եւ PKK-ի պես ահաբեկչական կազմակերպությունների շարքում, որոնք ձգտում են մասնատել երկիրը, մեծ թիվ են կազմում քրդացած հայերը» հայտարարությունը բուռն հակազդեցություն էր առաջացրել քրդերի, ալավիների, առաջադեմ թուրք մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների շրջանում, որոնք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունից պահանջել էին պաշտոնազրկել նրան:
Այս հակազդեցությունն ստիպել էր Հալաչօղլուին ճշգրտումներ կատարել, եւ նա «Ռադիկալի» օգոստոսի 20-ին հրապարակված հարցազրույցում ասել էր. «Ես չեմ հերքել քրդերի գոյությունը Թուրքիայում: Սակայն իրեն քուրդ համարողների 30 տոկոսը ծագումով թուրքմեն են, իսկ ալավիների՝ 99 տոկոսը: 1915 թ. տեղահանության ժամանակ որոշ հայեր սկսել են որպես ալավի քուրդ ներկայանալ: Օրինակ, Թունջելիի (նախկին Դերսիմ) Օվաջըք գավառի եւ Սվազի բնակավայրերի ալավի քրդերից ոմանք հայկական ծագում ունեն: Սակայն դա չի նշանակում, որ ծագումով հայ են ալավի բոլոր քրդերը: Առանց այդ էլ քրդացած հայերի մեծամասնությունը կրոնափոխության առումով անկեղծ չի: Հայտնի են նրանց եկեղեցի հիմնելու ջանքերը: 1936-37 թթ. պետությունը տուն առ տուն բացահայտել է կրոնափոխ հայերին եւ գրանցել նրանց հասցեները: Կարող եմ փաստաթղթերով ապացուցել ասածներս: Ձեռքիս տակ ունեմ կրոնափոխ հայերի ցանկը»:
Այս խոսքերով Հալաչօղլուն նոր բանավեճի պատճառ է դառնում, իսկ դա նույն թերթին ստիպում է, որ օգոստոսի 22-ին հեռախոսով վերստին դիմի Թուրքական պատմական ընկերության նախագահին «Ե՞րբ եք հրապարակելու ձեռքի տակ եղած կրոնափոխ հայերի ցանկը, քանի՞ հոգի են ընդգրկված դրանում» հարցով:
Նա պատասխանում է. «Չեմ հրապարակի: Ինչո՞ւ հրապարակեմ: Մամուլը խեղաթյուրում է հայտարարություններս: Մի՞թե ես ասել եմ, որ քրդերը թուրք են, կամ մեղադրել ալավիներին: Ո՛չ, պարզապես արձանագրել եմ ալավի դարձած որոշ հայերի փաստեր: Ի դեպ, Հրանտ Դինքը նույնպես արտահայտվել էր քրդական աշիրաթներից ոմանց հայկական ծագման մասին: Ինձ չի հետաքրքրում, թե ով է թուրք, ով՝ քուրդ: Չգիտեմ նաեւ, թե պետությունն այդպիսի ցանկ ունի: Իմն անձնական ուսումնասիրության արդյունքն է, որը հենվում է ԱՄՆ-ում կատարված հետազոտությունների վրա: Ցանկում կան այնտեղ տեղափոխված հայ ընտանիքների, նրանց՝ մեր երկրում մնացած հարազատների անուններն ու հասցեները: Չեմ ասի, թե քանի հոգի է ընդգրկված կրոնափոխ հայերի ցանկում: Թերթերը գրել էին 10 հազար, ես մամուլի ասուլիսում այդպիսի բաներ չեմ ասել: Իմացել եմ, որ ալավիներն ինձ դատի են տալիս, թո՛ղ տան: Ես ռասիստ չեմ, բայց գիտեմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալու իր ծագումը»:
Հալաչօղլուն համառորեն անպատասխան է թողնում «Ռադիկալի»՝ «առանց ցանկը հրապարակելու մարդիկ ինչպե՞ս են իմանալու իրենց ծագման մասին» հարցը: Նրա համառությունը հիմք է տալիս նույն «Ռադիկալին» օգոստոսի 23-ի համարում գրելու. «Չիմացողներին հիշեցնեմ, մինչեւ վերջերս երկրում գործում էր Փոքրամասնությունների հանձնաժողովը՝ կազմված ազգային հետախուզական կազմակերպության, ներքին եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներից: Դրա գլխավոր առաջադրանքը Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների կյանքը թունավորելն էր, որպեսզի վերջիններս փախչեն երկրից: Մինչեւ վերջերս եմ ասում, որովհետեւ այս հանձնաժողովի գոյությունը պաշտոնապես հաստատվեց ընդամենը 1-2 տարի առաջ, անվանափոխությունից հետո դրան տրվեց նոր առաջադրանք: Կարող ենք ասել, որ հանձնաժողովի անելիքներն այլեւս մեծ չեն, քանզի դրա գործունեության տարիներին Թուրքիայում խիստ նվազել է ոչ մահմեդական փոքրամասնությունների թիվը: Նվազումը, սակայն, չի խանգարել մեր պետությանը, որ հետապնդի 1915 թ.-ին եւ հաջորդ տարիներին տեղահանությունից կամ սպանությունից փրկվելու համար մահմեդականություն ընդունած հայ ընտանիքներին: Ահա թե ինչու Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Հալաչօղլուն մի կողմից նշում է 1936-ին կրոնափոխ հայերի վերաբերյալ պետության անցկացրած ուսումնասիրությունների մասին, իսկ մյուս կողմից ասում է, որ վերջերս իր ջանքերով թարմացրել է ցանկը: 1936-ին ի՞նչ նպատակով է կատարվել այդ ուսումնասիրությունը, ինչո՞ւ արդյունքները չեն հրապարակվել, ի՞նչն է պատճառը, որ մինչեւ վերջերս դա գաղտնի է պահվում: Գուցե այս հանգամանքը պայմանավորվա՞ծ է «պատասխանատու պաշտոններում նշանակումներ կատարելիս նշանակողների վստահելիությունն ըստ էթնիկ ծագման ճշտելու պետության մոտեցմամբ»:
Օգոստոսի 22-ին «Բիանեթ» գործակալության կայքէջում քննադատելով Հալաչօղլուին, հայտնի հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն նշել է, որ համանման ուսումնասիրություններ երկրում դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին անցկացրել է երիտթուրքերի Իթթիհադ վե թերաքքի կուսակցությունը, ճշտելու համար, թե միաձույլ ազգ կերտելու ճանապարհին ո՞ւմ կարելի է ձուլել:
Զարաքոլուն գրել է, որ Իթթիհադ վե թերաքքին հայ համայնքն ուսումնասիրելու հանձնարարական է տվել հետազոտող Էսաթ Ուրասին (1882-1952), որը «Հայերը պատմության մեջ եւ Հայկական հարցը» գրքի հեղինակն է: Ուրասը «Բանկ Օտոման» աշխատության մեջ ընդգծել է, որ քրդերին կարելի է ձուլել, իսկ հայերին անհնար է, այդ իսկ պատճառով պետք է չեզոքացնել նրանց:
«Ինչպես երեւում է, շարունակել է Զարաքոլուն, Հալաչօղլուն օգտվում է պետական աղբյուրներից: Երանի՜ թե Թուրքիայում այդ աղբյուրներից կարողանային օգտվել մյուս ուսումնասիրողները»: Ինչ վերաբերում է քրդերի թուրքմենական, քուրդ ալավիների հայկական ծագման վերաբերյալ Թուրքական պատմական ընկերության նախագահի հայտարարությանը, ապա դա Զարաքոլուն համարել է պաշտոնական պատմագրության կրախի դրսեւորում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: