Միություն ընդդեմ զրպարտության» օրինակին է հետեւում Ամերիկայի հրեական կոմիտեն
Օրերս ԱՄՆ-ի առաջնակարգ հրեական կառույցներից ADL-ը՝ «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը Հայոց ցեղասպանության ուրացումը բարոյական տեսանկյունից անտանելի համարելու պատճառով պաշտոնից ազատել էր Էնդրյու Թարսիին, որը կազմակերպության տարածաշրջանային կառույցի ղեկավարն էր: Սակայն օգոստոսի 21-ին նույն Ֆոքսմանը գրավոր հայտարարություն է տարածում. «Կազմակերպությունը վերանայեց հայերի ողբերգության նկատմամբ իր դիրքորոշումը եւ հանգեց Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձություններն իբրեւ ցեղասպանություն ճանաչելու եզրակացությանը»:
«Ազգն» այս ամենին անդրադարձել է օգոստոսի 21-ի եւ 23-ի համարներում: Օգոստոսի 23-ին «Սաբահը» ընդգծելով Ֆոքսմանի հայտարարությունը, հարկ է համարում նշել, որ «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպությունը ԱՄՆ-ում տարիներ շարունակ եղել է թուրքական թեզի գլխավոր պաշտպանը: Նույն օրը վերոհիշյալ կազմակերպությանն է միանում AJC-ն՝ Ամերիկյան հրեական կոմիտեն: Ի պատասխան դրա Թուրքիան չեղյալ է հայտարարում Վաշինգտոնում գործող լոբբիստական ընկերության հետ ստորագրած համաձայնագիրը, որին հետեւում է Անկարայի հակազդեցությունը, ինչի հետեւանքով սրվում են թուրքական պետության հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ:
Թուրքիայում Իսրայելի դեսպանության խորհրդականը հայտարարում է, թե ցեղասպանության հարցում իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ, իսկ ճանաչումն անընդունելի, նույնիսկ նա ընդգծում է, որ իրենք համամիտ չեն հրեական վերոհիշյալ կառույցների հետ: Այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարարությունն զգուշացնում է դեսպան Պինհասա Ավիվիին. «Հրեական կազմակերպության վերաբերմունքը բացասաբար է անդրադառնալու ոչ միայն թուրք-ամերիկյան, այլեւ թուրք-իսրայելական հարաբերությունների վրա»:
Թուրքիայի արտգործնախարարությունը դեսպան Ավիվիից պահանջում է նաեւ Անկարայի մտահոգությունները հաղորդել վարչապետ Եհուդ Օլմերտի կառավարությանը, որ նա հակաքայլերի դիմի, ստիպելու համար «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպությանը վերանայել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Այդ ընթացքում Թուրքիայի հրեական համայնքի ղեկավարությունը վերոհիշյալ կազմակերպության որոշման առնչությամբ ափսոսանք է հայտնում, ընդգծում է դրա առաջացրած տարակուսանքը եւ հայտարարում. «Տարիներ շարունակ հրեական համայնքը ոչ մի ջանք չի խնայել Թուրքիայի Հանրապետության շահերն ու թեզերը պաշտպանելու հարցում, ինչին քաջատեղյակ են պետական համապատասխան կառույցները»:
Ըստ «CNN-Turk»-ի, որոշման առնչությամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց կունենա Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, իսկ Թուրքիայում Իսրայելի դեսպանը կհանդիպի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Friday, August 24, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment