Իսկ Զեյնո Բարանի հեղինակած սցենարը՝ համարում Թուրքիայի համար միանգամայն
Օգոստոսի 23-ին Ստամբուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Զեյնո Բարանի ամուսնական արարողությունն է կատարվել: Հայաստանյան որոշ թերթեր, ինչպես նաեւ հեռուստաընկերություններ, Բարանին համարելով թրքուհի, իսկ Բրայզային՝ թուրքամետ, ամուսնության շուրջ աղմուկ են բարձրացրել, ընդհուպ պահանջելով... մեր իշխանություններից, որ միջոցներ ձեռնարկեն ծագումով հրեա, ամերիկացի այս գործչի դեմ: Ավելին, գործը հասել է նրան, որ այս ամուսնությունը վերագրվի Հայաստանի դիվանագիտական ձախողությանը:
Այս ամենը չէր վրիպել թուրքական մամուլի ուշադրությունից, եւ «Զաման» թերթն օգոստոսի 27-ին հրապարակել էր «Բրայզայի ամուսնությունն անհանգստացրեց հայերին» վերնագրով հոդվածը: Ձախողումից խուսափելու համար ամուսնության առնչությամբ ի՞նչ էր անելու հայկական դիվանագիտությունը, հայտնի չէ: Բայց որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցում ի պաշտոնե պարտավոր է առաջնորդվել Վաշինգտոնի, այլ ոչ թե անձնական տեսակետներով, ակնհայտ է:
Հատկանշական է, որ թուրքական մամուլը Բրայզային ամենեւին էլ թուրքամետ չի համարում, հիշեցնելով Մեջլիսի 2003 թ. մարտի 1-ի նիստի մասին, որտեղ մերժվել էր Թուրքիայի տարածքում զորքեր տեղակայելու ԱՄՆ-ի պահանջը: Դրան ի պատասխան, ինչպես նշում է «aktivhaber.com», Բրայզան հանդես էր եկել Թուրքիային խստագույնս պատժելու առաջարկով:
Ինչ վերաբերում է Զեյնո Բարանին, ապա նա, ըստ ulusal.com-ի, ծնվել է 1972 թ. հունվարի 31-ին: Հայրը լրագրող Ահմեդ Ուրան Բարանն է, որի մահից հետո նրա մայրը՝ Ֆյուսուն Մութլուն (նույնպես՝ լրագրող) ամուսնացել է «Վաթան» թերթի գլխավոր խմբագիր Զաֆեր Մութլուի հետ: 1991-ին ավարտելով Ստամբուլի օրիորդաց ավստրիական վարժարանը, ուսումը շարունակել է ԱՄՆ-ում Ստենֆորդի համալսարանում եւ մասնագիտացել միջազգային հարաբերությունների գծով: Սկսած 1996-ից Վաշինգտոնում աշխատել է Համաշխարհային բանկում, ապա «Նիքսոն» կենտրոնում, իսկ 2006-ից աշխատում է «Նոր պահպանողականների» հովանավորության տակ գտնվող «Հադսոն» ինստիտուտում եւ գլխավորում Թուրքիայի բաժինը:
Նախորդ համարում, անդրադառնալով Զեյնո Բարանի ազգային պատկանելիությանը, գրել էինք, որ նա չի կարող թրքուհի լինել, հավանաբար քրդուհի է: Թեեւ թուրքական կենտրոնական որոշ թերթեր նրան թրքուհի են համարում, սակայն ազգայնական մամուլը ճշտում է, ընդգծելով. «Բարանը նրանցից է, ովքեր նախընտրում են բնակվել Վաշինգտոնում եւ թուրքական անուն կրել»:
Հակառակ դրան, օրինակ՝ «antiulusul.com»-ում ելնելով Զեյնոյի հոր ալավիական ծագումից, ալավի են համարում նաեւ նրան, նշելով. «Ամեն քարի տակից ալավի է դուրս գալիս, ափսոս, մի ժամանակ ալավիներին Օսմանյան կայսրության դեմ Սաֆավյան Իրանն էր օգտագործում, իսկ հիմա՝ գերմանացին, ամերիկացին: Մեր ազգը վաղ թե ուշ մաքրելու է նրանց»: Իսկ քրդական «Վելաթփարեզ» կայքէջը նշում է, որ Բարանը դերսիմցի քուրդ է: Նկատի ունենալով, որ Դերսիմը (Թունջելին) բնակեցված էր զազաներով, որոնք ալավիներ են, կարելի է ասել, որ Զեյնո Բարանը հոր կողմից զազա է: Ըստ երեւույթին նրա մայրը՝ Ֆյուսուն Մութլուն ծագումով հրեա է, որ «turkishamericanjournal.com»-ը Զեյնո Բարանին համարում է «սաբաթայական», այսինքն՝ առերեւույթ կրոնափոխ հրեա: Այս կայքէջին լրացնում է «haber7.com»-ը, ընդգծելով. «Ինչպես մեր արտգործնախարարությունը, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարությունը, ծագումով հրեաների գերիշխանության տակ է: Հրեա է նաեւ Բրայզան: Քանի որ արգելված է հրեա տղամարդու ամուսնությունն այլազգի հետ, ուստի առերեւույթ կրոնափոխ հրեա պետք է համարել նաեւ Զեյնո Բարանին»:
Ի դեպ, թուրքական մամուլը Զեյնո Բարանի ամուսնությանն անդրադարձել է «Թուրքիային խառնող Բարանն ամուսնացավ», «Ամեն քարի տակից այս կինն է դուրս գալիս», «Ազգի դավաճանների դավադրական ծրագրերը» եւ նման կարգի վերնագրերով: Մինչ այդ պետծառայողների արհմիությունների կոնֆեդերացիան, ինչպես այդ մասին հունիսի 27-ի համարում նշել է «Գյունդեն» թերթը, դատական գործ էր հարուցել Զեյնո Բարանի նկատմամբ, նկատի ունենալով հունիսի 13-ին «Հադսոն» ինստիտուտում կազմակերպված միջոցառումը:
Այստեղ քննարկվել էր Բարանի հեղինակած Ստամբուլում ահաբեկչական երկու պայթյուն նախատեսող սցենարը, որի համաձայն սպանվում էր 50 մարդ: Ի պատասխան դրան թուրքական զորքերը ներխուժում էին Հյուսիսային Իրաք: Ավելին, 2006 թ. «Նյուսուիքում» Զեյնո Բարանը կանխատեսում էր արել, որ 2007-ին թուրքական բանակը հեղաշրջում կկատարի երկրում՝ տապալելով Էրդողանի կառավարությանը:
Թուրքական մամուլը չարաբաստիկ կանխատեսման համար խստագույնս քննադատել էր Զեյնո Բարանին, իսկ սցենարը որակել «աղետաբեր» Թուրքիայի համար: Այնպես որ, չի կարելի թուրքամետ համարել նաեւ Զեյնո Բարանին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment