Thursday, August 30, 2007

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՄԵԿ ԱՅԼ ՄՈՏԵՑՈՒՄ

Թուրք լրագրող Ալի Հ. Ասլանը, որն իրեն արտաքին քաղաքականության հարցերում ռեալիստ է համարում, վերոնշյալ խորագրի ներքո անդրադառնալով «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության Հայոց ցեղասպանության ճանաչման հաղորդագրությանը, «Թըդեյզ զաման» ինտերնետային էջում օգոստոսի 24-ին գրում է.
Զարմացա՞ծ եմ: Ոչ, զգում էի, որ նման բան կլինի: Ամերիկահրեական քարոզչական խմբակցությունների ներկայացուցիչների հետ իմ հանդիպումների ընթացքում այն տպավորությունն էի ստացել, որ այդ հարցում միասնական մոտեցում չկա: Սխալ մի հասկացեք. ամերիկահրեական համայնքում միշտ էլ առկա եղել է այն կարծիքը, որ այդ դեպքերը «հավասարազոր են ցեղասպանության»: Նույնն է պարագան Թուրքիայի մյուս «բարեկամների» մոտ: Բայց մի բան է հավատալ, մեկ ուրիշ բան է այդ հավատացածի մասին բարձրաձայնել հանրությանը: Վերջերս ակնհայտորեն այդ հարցի շուրջն ավելի բաց խոսելու միտում է նկատվում: ՄԸԶ կազմակերպության դիրքորոշումը հետեւյալն է. «Այո ցեղասպանություն էր, բայց Մ. Նահանգների Կոնգրեսը չպետք է այդ մասին բարձրաձայնի»: Անկեղծ ասած, որոշ առումով գտնում եմ, որ ՄԸԶ-ն ավելի անկեղծ է, քան շատ ուրիշ հրեական կազմակերպություններ, որոնք հանուն թուրք-ամերիկյան հարաբերությունների փորձում են «քաղաքականապես ճիշտ վարվել» Թուրքիայի հետ: Նրանք հավատացած են եղել միշտ, որ ցեղասպանություն էր, բայց չեն խոստովանել բարձրաձայն: ՄԸԶ-ն մի փոքր թերանում է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտպանելու հարցում, որովհետեւ մտածում է, որ «ապակառուցողական» կլինի: Ճիշտ չի լինի մտածել, որ հրեական ցեղասպանությունը (այսինքն Հոլոքոսթը) կարող է իր հետեւանքները ունենալ, իսկ «հայկական ցեղասպանությունը»` ոչ:
Սա է ՄԸԶ-ի դիրքորոշման խնդիրը: Մյուս կողմից էլ, արդար լինելու համար ասենք, որ երբ նման քաղաքականապես հագեցած հարցի ես առնչվում, դժվար է ամբողջական ազնվություն ակնկալել որեւէ մեկից: Անհատական եւ հասարակական դիրքորոշումների միջեւ հսկայական տարբերություններ կան:
Օրինակ, վերցնենք Մ. Նահանգների կառավարությանը, որ հրապարակայնորեն «ցեղասպանություն» չի անվանում կատարվածը: Բայց վստահ եմ, անհատապես շատ պաշտոնյաներ հավատացած են, որ ցեղասպանություն է: «Ոչ մի ազգ չի կարող հպարտանալ «էթնիկական զտումներով» կամ «բռնի արտաքսումներով»: Երբ Մ. Նահանգների կառավարությունն այս բառերն է օգտագործում ցեղասպանության փոխարեն, մենք հանգստացած շունչ ենք քաշում: Բայց ընդունենք, որ վերջին հաշվով նրանք այդ քայլին դիմում են, որովհետեւ ցեղասպանություն անվանելը «ապակառուցողական» են համարում: Նրանք պարզապես չեն ցանկանում վնասել Թուրքիայում ամերիկյան շահերին: Չէ՞ որ քաղաքական տեսակետից մեր շրջանում (Իրաք, Իրան եւ Աֆղանստան) նրանք Անկարայի անընդմեջ օժանդակության կարիքն ունեն:
Մ. Նահանգների Կոնգրեսի դեպքում էլ նույնն է պատմությունը: Նույնիսկ Թուրքիայի այսպես կոչված «բարեկամների» շրջանում (ներառյալ թուրքամետ քարոզչական խմբակցությունը) քչերն են կասկածում, որ 1915-ի դեպքերը հավասարազոր են «ցեղասպանության»: 225 ներկայացուցիչ 435-ից արդեն հրապարակայնորեն ընդունել է բանաձեւը: Մյուսները դեռ կարծում են, որ իրենց անկեղծ խոստովանությունը «ապակառուցողական» կլինի: Հեշտ է ստուգել իմ եզրահանգման ճշմարտությունը հաշվելով, թե քանի հոգի է այդ ներկայացուցիչներից ցարդ հրապարակայնորեն բարձրաձայնել, որ չկա, չի եղել Հայոց ցեղասպանություն: Դժվար թե գտնեք որեւէ մեկին:
Այժմ, երբ Պանդորայի արկղը բացված է, Թուրքիան առավել մեծ մարտահրավերի առաջ է կանգնած: Ում հետ զրուցել եմ Վաշինգտոնում, ասել է, որ վաղ թե ուշ Հայոց ցեղասպանության բանաձեւը ընդունվելու է: Դա պարզապես ժամանակի հարց է:
Բարեբախտաբար, մեր տարածաշրջանում Մ. Նահանգների դիմագրաված լուրջ դժվարությունները ցարդ հետաձգել են բանաձեւի վերջնական ընդունումը, բայց ներկայիս Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական առաջնորդներն առավել վճռական են տրամադրված եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ «ազգային շահերն» ու «ազգային անվտանգության հարցերը» շարունակեն մնալ առաջնային նրանց համար:
Հայկական քարոզչական խմբերն ու նրանց ամերիկյան զորակիցները փորձում են պատժել Թուրքիային այդ բանաձեւով: Անկեղծ ասած, մինչ այժմ տարվող գործընթացն ավելի ծանր պատիժ է, քան բանաձեւի վերջնական ընդունումը: Հարցը դիվանագիտական էներգիայի եւ միջոցների զգալի ներդրում է պահանջում, մինչդեռ այդ էներգիան եւ միջոցները կարելի է օգտագործել ավելի շոշափելի ազգային շահերի նպատակներով: Չեմ ցանկանում պարտվողական թվալ, բայց որպես ռեալիստ արտաքին քաղաքականության հարցերում, կարծում եմ, Անկարան կարիք ունի ավելի լավ մտածելու, թե արդյոք այդ հարցը արժանի՞ է նույն մակարդակի նվիրվածությամբ շարունակելու: Թվում է, թե ինչքան վրդովվենք, այնքան ավելի սխալներ ենք թույլ տալիս եւ տալու, այնքան ավելի շատ է Հայոց ցեղասպանության հարցը գովազդվելու, եւ այնքան ավելի շատ են ուրախանալու մեր միջազգային հակառակորդները: Մենք ակնհայտորեն կորցրել ենք մեր բանավեճերը Մ. Նահանգների մտավորականության շրջանում, հետզհետե կորցնում ենք դրանք ՄԸԶ-ի նման ոչ կառավարական շրջանակներում եւ կարծես վաղ թե ուշ կորցնելու ենք պայքարը նաեւ Մ. Նահանգների Կոնգրեսում: Գուցե ժամանակն է նախապատրաստելու թուրք հանրությանը ավելի բացասական հետեւանքներ դիմագրավելու եւ որդեգրելու ավելի լավ մարտավարություններ, քան կառչել միեւնույն հնացած գործելակերպից:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

No comments: