Մամուլում, զանգուածային լրատուական միջոցներով սփռուած հաղորդումներում, բարձրաստիճան հոգեւորականների քարոզներում, հայ ու օտար պետական բարձր եւ պատասխանատու պաշտօններ զբաղեցնող այրերի, Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող գրաւոր կամ բանաւոր յայտարարութիւններում հաճախ կարելի է հանդիպել երիտթուրքեր եւ օսմանցիներ բառեզրերին եւ կամ օսմանեան թուրքերը բառակապակցութեանը, ովքեր մեղադրւում են Հայոց ցեղասպանութեան իրականացման գործում: Իսկ Ցեղասպանութեան իրականացման պատասխանատու երկիր յիշատակւում է ոչ թէ Թուրքիան, այլ Օսմանեան Թուրքիան կամ Օսմանեան կայսրութիւնը: Ակամայ հարց է առաջանում. արդեօք կարելի՞ է տարանջատել երիտթուրքերին ողջ թուրք ազգից եւ Օսմանեան Թուրքիան ներկայիս Հանրապետական Թուրքիայից:
Իսրայէլի ակադեմիականների շրջանակում եւ, առհասարակ, ողջ հրեայ ժողովրդի մօտ ընդունուած է տարանջատել նացիստներին ողջ գերմանացի ազգից եւ հրէական Հոլոքոսթի պատասխանատու նկատել միայն նացիստներին եւ ոչ ողջ գերմանացի ազգին: Այս դատողութեան հիմքում ընկած է թերեւս այն փաստը, որ, իրօք, գերմանացիների մեծ մասը ոչ միայն անմիջական մասնակցութիւն չի ունեցել Հոլոքոսթի իրականացման գործում, այլեւ նրանք նույնիսկ տեղեակ չեն եղել, որ իրենց կողքին մի ողջ ազգ է ոչնչանում: Այս առումով, արդարացի է եւ տրամաբանական հրէական Հոլոքոսթի պատասխանատու նկատել միայն նացիստներին: Սակայն ի՞նչն է պատճառը, որ թոյլ չի տալիս Հայոց ցեղասպանութեան իրականացման պատասխանատու նկատել միայն երիտթուրքերին, այլ ոչ ողջ թուրք ազգին:
Անառարկելի փաստ է, որ Հայոց ցեղասպանութեան եւ հրէական Հոլոքոսթի միջեւ առկայ են բազմաթիւ նմանութիւններ, այդուհանդերձ, դրանցից իւրաքանչիւրն ունի իր իւրայատկութիւնները, որոնք էլ արգելում են հայ ժողովրդին, հետեւելով հրեաների օրինակին, միայն երիտթուրքերին ընդունել Հայոց ցեղասպանութեան պատասխանատու եւ ոչ ողջ թուրք ազգին: Որո՞նք են Հայոց ցեղասպանութեան այդ իւրայատկութիւնները: Թուարկենք դրանցից ընդամէնը մի քանիսը:
Ի տարբերութիւն Հայոց ցեղասպանութեան, հրէական Հոլոքոսթի պատճառներից մէկը նրանց ոչ արիական ազգ լինելու փաստն էր: Ըստ այս դատողութեան՝ ոչ արիական ազգերին յարիր է անբարոյական կենսակերպ, ցածր արժէհամակարգ, քաղաքակրթութեանը անյարիր նորմեր եւ այլն: Աւելին, հրեաները Եւրոպայում միշտ նկատուել են պոտենցիալ մեծ վտանգ ֆինանսական եւ տնտեսական բնագաւառներում: Անժխտելի է նաեւ այն փաստը, թէ, իրօք, հրէական Հոլոքոսթը իրականացուել է Գերմանիայի օրուայ զինուորական հրամանատարութեան կողմից եւ ոչ թէ ողջ գերմանացի ազգի կողմից: Յաւելենք նաեւ, որ հրէական Հոլոքոսթը տեղի չի ունեցել իրենց հայրենի հողում: Մինչդեռ Հայոց ցեղասպանութիւնը իրականացուել է հայ ժողովրդի պատմական հայրենիքում՝ այն հայրենիքում, որտեղ ձեւաւորուել է ու զարգացել է հայ ազգը, որտեղ հայ ժողովուրդը ստեղծել է համամարդկային արժէք ներկայացնող քաղաքակրթութիւն եւ իւրոյն մշակոյթ: Հայոց ցեղասպանութիւնը գաղափարախօսութեան արգասիք չէր, այլ պարզապէս Ցեղասպանութիւնը իրագործելով թուրքը խեղդեց եւ վիժեցրեց մի հինաւուրց ժողովրդի արդար իրաւունքը՝ իր իսկ հայրենիքում ապահով ապրելու իրավունքը: Հայոց ցեղասպանութիւնը իրականացուեց թուրք ազգի մի ստուար զանգուածի մասնակցութեամբ եւ վարձու ու թուրքական կեղծ խոստումներին հաւատացած քուրդ ժողովրդի համագործակցութեամբ: Իսկ թուրքերի այն չնչին տոկոսը, որն անմիջական մասնակցութիւն չի ունեցել Ցեղասպանութեան իրականացման գործում, ապա, նրանք անկասկած օգտուել են Ցեղասպանութեան հետեւանքներից՝ բռնագրաւելով եւ տիրանալով հայ ժողովրդի ունեցուածքին, գոյքին ու հարստութեանը:
Նշենք նաեւ, որ ի տարբերութիւն հրէական Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանութիւնը դեռեւս չի ճանաչուել ու դատապարտուել այն իրականացնողի կողմից: Աւելին, թուրքերը ոչ միայն ուրանում են Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ անամօթաբար խեղաթիւրելով պատմական ճշմարտութիւնը, աշխարհին ներկայանում են ոչ թէ իբրեւ ցեղասպան ազգ, այլ հայերի կողմից ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ, իբրեւ զոհ: Ուրացմանը համատեղ, ցեղասպանութեանը յաջորդած 92 տարիների ընթացքում թուրքերը կանոնաւոր կերպով իրականացնում են հայկական մշակութային ցեղասպանութիւն՝ ոչնչացնելով Թուրքիայում հայ ժողովրդի պատմութեանը, մշակոյթին ու կրօնին պատկանող հազարամեայ հետքերը, հայկական վանքերն ու եկեղեցիները: Սակայն աւելի մտահոգիչ է այն փաստը, որ այսօր էլ, իր զոհի վրայ յարձակուելու եւ յօշոտելու պատրաստ գիշատիչի պէս, Թուրքիան յարմար առիթի է սպասում իր «կիսատ թողած գործը» աւարտին հասցնելու համար: Ասուածիս ապացոյց կարող են լինել Ցեղասպանութեանը յաջորդած տարիների ընթացքում Հայաստանի առաջին հանրապետութիւնը գրաւելու եւ բնաջնջելու նպատակով դէպի մեր երկիր իրար յաջորդած թուրքական մի քանի զինուորական արշաւանքները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Խորհրդային Հայաստանի սահմանի երկայնքով Հայաստանի բնաջնջման նպատակով կենտրոնացած թուրքական 13 դիվիզիաները, նոյն ժամանակաշրջանում Թուրքիայի Էրզրում նահանգում ձմռանը ճանապարհներ շինելու պատրուակով զինուորագրուած ու ցրտից մահացած 37.000 պոլսահայերը, 1992-ին Հայաստանի արեւմտեան սահմանին կուտակուած եւ Հայաստանի վրայ յարձակման պատրաստ թուրքական զօրքերը ու բոլորովին վերջերս երիտասարդ թուրք ազգայնամոլի դաւադիր գնդակից սպանուած Հրանտ Դինքը: Այս բոլորը փաստում են, որ մեր օրերի թուրքը ոչնչով չի տարբերւում հարիւր տարի առաջուայ օսմանցուց, եւ քեմալիստական-հանրապետական Թուրքիան՝ Օսմանեան Թուրքիայից: Իսկ եթէ աննշան տարբերութիւններ էլ կան, ապա դրանք չեն վերաբերում Հայոց հարցին: Մինչդեռ Գերմանիան ոչ միայն չի ուրանում հրէական Հոլոքոսթը, այլ, դեռ 1952 թուականին, ընդունելով իր կատարած ոճիրը, ներողութիւն է խնդրել հրեայ ժողովրդից եւ վճարել արածի ծանր գինը:
Առ այս, հայ ժողովրդի համար անընդունելի է տարանջատել երիտթուրքերին ողջ թուրք ազգից, որքանով որ դա կը նպաստի նրանց ուրացման քաղաքականութեանը եւ նրանց կը հեռացնի իրենց կատարած ցեղասպանութեան հաւաքական պատասխանատւութիւնից:
Ի դէպ, որոշ հրեայ պատմաբաններ ու ցեղասպանագէտներ եւս սկսել են քննադատել նացիստների տարանջատումը ողջ գերմանացի ազգից եւ ընդունում են, թէ հրէական Հոլոքոսթի պատասխանատուն ողջ գերմանացի ազգն է: Նրանք, միաժամանակ, կոչ են անում իրենց կոլեգաներին՝ վերանայել այս հարցը եւ փոխել իրենց աւանդական դիրքորոշումը հարցի վերաբերեալ:
ԿՈՐԻՒՆ ԱԲՂ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ, Անդամ՝ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան
Friday, August 31, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment