Friday, September 14, 2007

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Ալիեւի խոսքերն էլի մնում են անարձագանք


Ժողովրդական խոսքերը փորձված իրողություն են ու որպես կանոն ավելի շուտ աքսիոմա են, քան ապացուցման կարիք ունեցող թեորեմ: Հաճախ որեւէ որակի, հատկանիշի կամ հմտության բացակայության մասին շեփորահարում են հենց այն մարդիկ, ովքեր իրենք զուրկ են դրանցից: «Եվրոմիությունը պետք է իր դիրքորոշումն արտահայտի Հայաստանի անօրինական սպառազինության առնչությամբ», նման հայտարարությամբ Եվրոխորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ սեփական ռազմական «արատներից» խոսելու փոխարեն Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հերթական սադրանքին է գնացել:

Նաեւ միջազգային կառույցների գնահատականներով սպառազինության ոլորտում հիստերիկ մոտեցումներ ցուցաբերող Ադրբեջանը ջայլամի կեցվածք է ընդունում` Հայաստանի վրա ուշադրություն հրավիրելու փորձ անելով: Սակայն տեղին կլիներ, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման հայտարարություն չաներ գոնե այնպիսի պահի, երբ իր իսկ վերադաս, ադրբեջանական բանակի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը պատերազմողի սեփական որակումներին թերեւս հավատալով ու կրկին զորավարի «սպիտակ ձին» նստած հասել է Լիտվա:

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ մեր համբերությունն անսահման չէ», լիտվական թերթերին տված հարցազրույցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին անդրադառնալով նշել է Ալիեւը` կրկնելով անհնարինության աստիճան ծամծմված արտահայտությունները: Արդեն տասը տարի բանակցային գործընթացին «համբերելը» Ալիեւը համարել է «հակամարտության խաղաղ կարգավորմանը ադրբեջանական կողմի հավատարիմ լինելու» վկայություն:

Առավել հետաքրքրական է Ալիեւի գյուտը միջազգային նորմերով ռազմական գործողություններ սկսելու առնչությամբ, թեեւ Ադրբեջանի նախագահը չի մանրամասնել, թե այդ ինչ նորմեր են: Ալիեւի մատուցմամբ ու լիտվական թերթերի փոխանցմամբ, եթե բանակցային գործընթացը ոչ մի բան չբերի, «Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերով տրված լիարժեք իրավունք ունի վերականգնելու տարածքային ամբողջականությունը ամեն ճանապարհով, ընդհուպ ռազմական, եւ մենք դա չենք թաքցնում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան, եւ մենք դրան պատրաստվում ենք»: Եվ այս առնչությամբ որեւէ կազմակերպություն, միջազգային իրավապաշտպան ու էլ չգիտես ինչ տեսակի կառույց ձայն չի հանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ, որ օրերս կայցելեն տարածաշրջան, անգամ կլինեն Ստեփանակերտում, այցի ընթացքում ամենայն հանգստությամբ ու մեծ հավանականությամբ որեւէ կերպ չեն մեկնաբանի պատերազմի պատրաստվելու ալիեւյան այսօրինակ հայտարարությունները` «օձիքն ազատելով» ու հղում անելով անտեղյակությանը կամ այս կամ այն լրատվամիջոցի փոխանցած տեղեկությունների անճշտությանը:

Հայտարարելով, թե իբր հայկական կողմը խաբում է միջնորդներին ու ձգձգում գործընթացը, Ալիեւը լիտվական պարբերականներին ասել է, որ բանակցային գործընթացը պետք է ունենա «իր շրջանակները, այդ թվում` ժամանակային»: Հարցին, թե որոնք են այդ ժամանակային շրջանակները, Ալիեւը կոնկրետ պատասխան չի տվել: «Ես ժամանակային շրջանակների իմ պատկերացումն ունեմ, որի մասին, սակայն, այժմ հրապարակավ խոսել չէի ցանկանա... Եթե նաեւ պրահյան ձեւաչափը անհաջող դուրս գա, սկզբունքորեն էլ խոսելն անիմաստ կլինի... Ուստի ամրացնում ենք տնտեսությունը, ամրացնում ենք բանակը: Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ժամանակը բնավ էլ Հայաստանի օգտին չի աշխատում, ընդհակառակը: Ոչ մի արտերկրյա օգնություն, հավատացեք, այս անգամ նրանց (հայերին - Ա.Հ.) չի օգնի»:

Եթե որեւէ այլ երկիր ղեկավարի մակարդակով իրեն թույլ տար նման հայտարարություններ անել, առնվազն հակաիրանյան պատժամիջոցների մի լավ «փնջի» կարժանանար: Մյուս կողմից, մի փորքիկ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, կրկին ռազմական գործողություններ ունենալու հեռանկարը բնավ էլ չի կարող բխել սեփական եկամուտների հետեւից ընկած միջազգային ընկերությունների շահերից: Այդ դեպքում մնում է ընդունել, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունները իսկապես ներքին սպառման են:

Բայց երբ այդ ամենը Եվրոմիության անդամ երկրի մամուլն է սփռում, գուցե այդ հայտարարությունների ուղղվածության ու նպատակների մասին դատողությունները չպետք է սահմանափակել «ներքին սպառման» որակմամբ: Ամեն դեպքում, հստակորեն ու հենց պատերազմի մասին խոսող Ալիեւի «ռազմական ախորժակը» սահմանափակողներ պիտի գտնվեն, միայն թե դա չի արվի հենց այնպես, ձեռաց, կամ օդից:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: