Wednesday, September 19, 2007

ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՈՐ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

Կովկասցիների հավաքական նկարագրի շուրջը Ռուսաստանում ստեղծված հասարակական անհամակիր մթնոլորտը գրեթե տեղ չի թողնում դրական զեղումների համար: Սակայն վերջերս Մոսկվայում անցկացված սոցիոլոգիական հետազոտության «անհողդողդ» արդյունքները ցույց են տալիս, որ, մասնավորապես, կովկասցի տղամարդիկ իրենց ողջ «թերություններով» հանդերձ ունեն նաեւ որոշակի առավելություններ, ինչը չի վրիպում... ռուս կանանց աչքից: Ընդ որում, կովկասցիների մեջ ամենաահեղ սրտակերները (ըստ ընդհանուր վիճակագրության եւ ոչ թե «կոնկրետ» չափանիշներով), պարզվում է, հայ տղամարդիկ են:

Մոսկվայում գրանցվող յուրաքանչյուր չորրորդ ամուսնություն ազգամիջյան է: Ընդ որում, գերակշիռ մեծամասնությամբ այլազգի են նորաթուխ ամուսինները: Թե ինչու ուրիշ ազգության կանայք հազվադեպ են ամուսնանում ռուս տղամարդկանց հետ, վիճակագրությունը լռում է, վերլուծական միտքը` բավարարվում միայն ակնարկներով:

Սակայն կովկասցիներին ընտրած ռուս կանայք չեն թաքցնում իրենց համակրանքի աղբյուրները. որպես կանոն «սեւամազները» հարբեցող չեն, ուշադիր են ու հոգատար իրենց կանանց նկատմամբ, աշխատասեր են, բարոյապես ու նյութապես պատասխանատու ընտանիքի հանդեպ, ակնածանքով են վերաբերվում իրենց տղամարդկային «կարողություններին» եւ շահագրգռված են դրանց ռացիոնալ պահպանմամբ եւ այլն:

Հայ տղամարդկանց «առաջատար» դիրքը բացատրվում է նաեւ նրանով, որ Մոսկվայում միշտ էլ բնակվել են մեծ թվով հայեր եւ քրիստոնեական հավատքի առումով հակասություններ չեն եղել: Ռուս կանանց ինչ-որ տեղ կաշկանդում են մուսուլմանական ավանդույթների, նիստուկացի խստությունները` տղամարդու գերիշխանությունն ընտանիքում, բազմակնության հավանականությունը եւ այլն:

Իսկ հիմա ծանոթացեք հրապարակված գրաֆիկներին: Հարկ ենք համարում զգուշացնել հայ տղամարդկանց, որ նրանք, ելնելով ռուս կանանց շրջանում ունեցած ժողովրդականության վիճակագրական գերազանցությունից, հանկարծ ինքնասիրահարվածությունից հալումաշ չլինեն:

Ռուս կանանց ամուսնություններն այլազգիների հետ Մոսկվայում


1995 1995-2005
ուկրաինացիների հետ 23% 12.3%
բելառուսների հետ 9.3% 1.7%
հրեաների հետ 10.3% 4.4%
վրացիների հետ 1.2% 8.7%
ադրբեջանցիների հետ 1% 6.8%
հայերի հետ 2.9% 11.9%
Կովկասի այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ 0.2% 4.4%

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments: