Thursday, September 20, 2007

ՀԱՋՈՐԴԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ


Բացառիկ հարցազրույց Ժիրայր Սեֆիլյանի հետ


Վերջերս «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ-ում շրջանառության մեջ դրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու օրենքի նախագիծ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

- Եթե գործը սահմանափակվելու է միայն այս օրենքի ընդունումով, այսինքն, եթե Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը եւ դրանով հարցը փակված է համարելու, ապա ես դրան դեմ եմ: Կողմ կլինեի, եթե այս քայլն ունենար իր տրամաբանական շարունակությունը, մասնավորապես, դրանից հետո ԼՂՀ-ն միանար ՀՀ-ին` վերածվելով երկու կամ ավելի մարզային կազմավորումների: Բացի այդ, այս գործողություններին զուգահեռ պետք է ուղղել 1988-ի սխալը եւ հանդես գալ Նախիջեւանը Հայաստանին միացնելու պահանջով: Եթե սա չէ «Ժառանգության» առաջարկության տրամաբանությունը, ապա ես դրան դեմ եմ: Առանց նշածս քայլերի ստացվում է, որ ԼՂՀ-ն անկախանում է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից, ինչը մեծ վնաս կհասցնի ազգային միասնությանը: Նախքան այս առաջարկությունը, վերջին տարիներին Ստեփանակերտի ղեկավարությունը շատ լուրջ է ընդունել անկախ պետություն լինելու «փաստը»: Սա, ի դեպ, հայաստանցի-ղարաբաղցի անբնական հակասության առաջացման պատճառներից հիմնականն է, երբ հայերը, ապրելով իրենց հայրենիքում, տարբեր երկրների քաղաքացիներ են համարվում` աստիճանաբար մոռանալով, որ Արցախը Հայաստանի մի մասն է:

Ժամանակին ԼՂՀ-ն ստեղծողները մտածում էին, թե դրանով միջազգային քաղաքական դաշտում խուսանավելու հնարավորություն են ստեղծում: Իրականում այս անհեթեթությամբ մենք միայն մեզ ենք խաբում, իսկ միջազգային հանրություն կոչվածը շարունակում է հարցը հայ-ադրբեջանական համարել եւ Արցախը որպես հակամարտության առանձին կողմ չի դիտարկում: Պետք է վերջ տալ ազգային միասնությանը շատ վնասող այս խեղկատակությանը, նոր հանրաքվե կազմակերպելով լուծարել ԼՂՀ-ն եւ ներկայիս փաստացի սահմաններով միացնել ՀՀ-ին:

- Բայց վերջերս ներկայացված որոշ սոցիոլոգիական հարցումների համաձայն, հարցվածների երկու երրորդը կողմ է, որ ԼՂՀ-ն անկախ լինի:

- Չեմ կարծում, թե նման հարցախույզներն արտացոլում են ճիշտ պատկերը: Հարցախույզներն իրականում ոչ այնքան մարդկանց դիրքորոշումները պարզելու համար են, որքան նրանց այլեւայլ տեսակետներ պարտադրելու: Լավագույն դեպքում հարցախույզները արտացոլում են այն կարծիքը, որն ամենից շատ է քարոզվում: Իսկ հարցի էությանը խորամուխ եղած անձանց դիրքորոշումները մնում են ստվերում: Ուստի այս հարցախույզի արդյունքները ես ոչ միայն սխալ եմ համարում, այլեւ շատ վտանգավոր՝ քարոզչական ազդեցության պատճառով:

- Դուք ասացիք, որ ԼՂՀ-ն Հայաստանին միացնելուն զուգահեռ նաեւ Նախիջեւանի հարցը պետք է բարձրացվի: Կարծում եք այսօր դրա ճիշտ ժամանա՞կն է:

- Թե ինչու 1988-ի ղարաբաղյան շարժումը միաժամանակ նաեւ Նախիջեւանի միացումը չպահանջեց, ինձ համար առ այսօր անհասկանալի է: Ի՞նչ է, Ղարաբաղ կոմիտեի անդամները չգիտեի՞ն, որ Նախիջեւանը Արցախի հետ միաժամանակ է օտարվել Հայաստանից: Չգիտեի՞ն, որ եթե Նժդեհը Սյունիքի դիմադրությունը չկազմակերպեր, Սյունիքն էլ նույն բախտին էր արժանանալու: Տարբեր բացատրություններ եմ լսել, որոնք ավելի շատ արդարացումներ են հիշեցնում: Սակայն այս պահին կարեւորն այս հարցերի իրական պատճառներն իմանալը չէ, ոչ էլ այն օրերի գործիչներին մեղադրելը: Սխալն ուղղել է պետք, եւ այդ առումով ոչ միայն ժամանակն է, այլեւ արդեն բավական ուշացել ենք: Արցախի հարցն այսօր կարելի է 80 տոկոսով լուծված համարել: Չմոռանալով մնացած 20 տոկոսի` Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի մասին, կարծում եմ, այսօր շատ աշխույժ պետք է սկսել նաեւ Նախիջեւանի գործընթացը: Մենք արդեն բավական ուշացել ենք դա սկսելու համար: Պահը մեզ հրամցվեց երկու տարի առաջ` Հին Ջուղայի խաչքարերի ճիչ-աղաղակով: Այդ կոտորածը կազմակերպող ադրբեջանական բանակի նախիջեւանյան ղեկավարությունը պետք է պատասխան տա բարբարոսական հանցագործության համար: Նախիջեւանը պետք է դառնա նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը: Սփյուռքը նույնպես ամբողջությամբ պետք է լծվի այդ գործին, երկրորդ պլան մղելով Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

- Բայց Արցախում հայերը մեծամասնություն էին, իսկ Նախիջեւանում ադրբեջանցիներ են ապրում:

- Նախիջեւանում բնակվող թաթարական ծագումով ցեղերի հետնորդ համարվող ժողովրդին չենք ասելու՝ լքեք ձեր բնակավայրերը: Պետք է իրենք գիտակցեն, որ եկվորներ են: Վստահ եմ, որ այնտեղ ապրող բնակչությունը խիստ դժգոհ է իր զորանոցայինի նմանվող կենսակերպից: Հայերը պատրաստ են նրանց հետ համերաշխ ապրելու, հիշաչար չլինելու, պատմության էջերը հետ չենք պտտելու: Հայաստանը պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը, կրթամշակութային եւ տնտեսական լիարժեք ազատություն ապահովի, ինչպես նաեւ ցամաքային ճանապարհ, սակայն երկրամասում պետք է հաստատվի հայկական գերիշխանություն:

ՀՀ-ին Նախիջեւանի միացման անհրաժեշտությունը միայն պատմական արդարության վերականգնումով չի պայմանավորված: Մերօրյա Հայաստանի համար դա թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակություն ունի: Ադրբեջանական բանակը պետք է դուրս գա այնտեղից, բայց դրա փոխարեն այնտեղ չպետք է տեղակայվեն հայկական ուժերը, Նախիջեւանը պետք է վերածվի ապառազմականացված գոտու, ստեղծելով ազատ շուկայի լավագույն պայմանները Հայաստանի եւ Իրանի միջեւ:

- Արդյոք դա չի՞ հանգեցնի նոր պատերազմի, նոր անկայունության եւ տնտեսական անկման

- Պահանջատիրական միջոցները պիտի լինեն իրավական, դիվանագիտական, հասարակական, գիտամշակութային եւ այլն: Բոլոր այս միջոցները պիտի ծառայեն գլխավոր նպատակին` Նախիջեւանին վերատիրանալու համազգային կամքի արտահայտմանը: Այս առումով Սյունիքի, Վայոց ձորի եւ Արարատի մարզային ղեկավարությունները պետք է կապի մեջ լինեն: Սա երբեք չի նշանակում պատերազմ հրահրել: Հակառակորդը եթե պատերազմ ուզենա եւ պատրաստ լինի դրան, մեզ չի հարցնելու: Հանրահայտ ճշմարտություն է, թույլի վրա են հարձակվում:

Այս խնդիրը լուծելու եւ պատերազմը չվերսկսելու շատ լավ միջնորդ կարող է լինել ԻԻՀ-ն, որը երկու կողմերի վստահությունն ու հեղինակություն է վայելում:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ես համոզված եմ, որ Հայաստանի տնտեսությանը խանգարող գլխավոր պատճառը վարչախմբի ապիկար գործունեությունն է, ոչ թե Արցախի հարցի չլուծվելը: Միաժամանակ, ընդունելով շրջափակման բացասական դերակատարությունը, պետք է նկատել, որ հենց այդ պատճառով առանց Նախիջեւանի հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացումը:

Տրանսպորտային ցանցը, որ մեծ դեր ունի տնտեսության մեջ, Հայաստանում շատ թերի է զարգացած թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով: Նախիջեւանի միջոցով մենք կարող ենք վերականգնել երկաթգծային հաղորդակցությունը Սյունիքի եւ Արցախի հետ, ինչպես նաեւ երկաթգծային կապ ստեղծել Իրանի հետ: Սա ռազմավարական անգերագնահատելի նշանակություն ունի: Նախիջեւանի հայապատկան դառնալու դեպքում Հայաստանի տարածքով գազի եւ նավթի տարանցիկ խողովակները հեշտությամբ եւ մատչելի գնով կարող են թափանցել հյուսիս: Հնարավոր կդառնա նաեւ կազմակերպել նավթամշակող արդյունաբերություն: Նախիջեւանը, լինելով Արարատյան դաշտի շարունակությունը եւ ցորենի նշանավոր շտեմարան, Հայաստանին կարող է ներմուծողից վերածել ցորեն արտահանող երկրի, իսկ գյուղատնտեսական մյուս կուլտուրաների արտահանումը բազմապատկել: Նոր հնարավորություն կստեղծվի Արաքսի վրա հիդրոէլեկտրակայանի շինարարության համար եւ այլն:

Պաշտպանական առումով նույնպես օգուտներն ակնհայտ են: Այսօրվա պահպանության կարոտ ավելի քան 150 կիլոմետրանոց գծի փոխարեն, Նախիջեւանը միացնելուց հետո, պետք կլինի պաշտպանել միայն 8-ը: Դրանով մենք լրացնում եւ ավելի անխոցելի ենք դարձնում «հայկական սեպը», պահպանում եւ զարգացնում ենք մեր երկրի նշանակությունը հյուսիս-հարավ ռազմավարական ուղղությամբ:

- Իրատեսակա՞ն է այս ծրագրի իրականացումն այսօր:

- Ցավոք, ներկայիս վարչախմբի օրոք հնարավոր չէ պատկերացնել ռազմավարական նշանակություն ունեցող ազգային ծրագրերի իրականացումը: Այնուամենայնիվ կարծում եմ, որ նման ծրագրերի մասին պետք է արդեն այսօր խոսել եւ քննարկել բարձրաձայն, որպեսզի ապագա ազգային կառավարության օրոք դրանք իրականացվեն առանց հապաղման:

No comments: