90-ականների սկզբին էր, երբ Գեւորգ Ներսիսյանը, լինելով Արարատի քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, առաջին անգամ հանրության դատին հանձնեց իր` մասշտաբներով ու նշանակությամբ իրոք բացառիկ մի ծրագիր` Արարատի մարզում, Արարատ լեռան դիմաց կառուցել «Նոյյան kտապան» համալիրը: Այս մտահղացումը մեծ հետաքրքրություն ու խանդավառություն առաջ բերեց մարդկանց մոտ, ոգեւորեց ու ոգեշնչեց, տպագրվեց, բայց... որոշ ժամանակ անց, բոլորիս հայտնի պատճառներով, ծրագիրը անուշադրության մատնվեց: Այս օրերին ծրագիրը կրկին է բարձրացվում հեղինակի եւ խանդավառ մի խումբ մարդկանց կողմից: Անշուշտ յուրաքանչյուր ծրագիր իրականանալու համար պետք ունի նյութական, իսկ այս պարագայում՝ հսկայական միջոցների: Հետեւաբար թվում է անիրատեսական: Սակայն չէ՞ որ բոլոր մեծ ծրագրերն սկսվում են երազանքից:
- Պարոն Ներսիսյան, խնդրում եմ հանգամանորեն անդրադառնաք «Նոյյան տապան» ծրագրին: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
- Սա փոքրիկ քաղաք հիշեցնող մի համալիր է, որն իր մեջ ընդգրկելու է տապանը իր աստվածաշնչյան չափերով (որի մեջ լինելու են համերգային, ցուցահանդեսային եւ կինո դահլիճներ), թանգարան, օտար լեզուների վարժարան, հայկական հեքիաթների հերոսների կերպարները մարմնավորող «դիսնեյլենդ», հյուրանոցային համալիր, աշխարհի հրաշագեղ կառույցների մանրակերտեր, տարբեր երկրների ազգային մշակույթը ներկայացնող տաղավարներ: Շուրջ 50 երկրներից յուրաքանչյուրը համալիրում կունենա իր շաբաթը եւ կներկայանա իր մշակույթով:
- Ծրագիրն ինքնին աննախադեպ է եւ պահանջում է յուրօրինակ մոտեցում: Ինչպե՞ս եք պատկերացնում այն:
- Ծրագիրը պետության կողմից հաստատվելուց եւ անհրաժեշտ հողահատկացումից հետո աշխատանքային խումբը ծրագիրը իր մանրամասներով կզետեղի ինտերնետ կայքէջում, կստեղծվի հիմնադրամ, կհայտարարվի մրցույթ-մրցանակաբաշխություն լավագույն նախագծի համար:
Մինչ կառույցի աշխատանքները սկսելը նախատեսված են մի շարք միջոցառումներ, ինչպես «Արարատ լեռն Արարատից» նկարիչների միջազգային փառատոնի անցկացում, որի ընթացքում արված աշխատանքները կնվիրաբերվեն մեր հանրապետությանը, ուխտագնացություն-քայլարշավ տարբեր երկրներ, վերոհիշյալ աշխատանքների ցուցադրում այդ երկրներում, հեռուստամարաթոնների, գովազդների, համերգային շոուների եւ այլ միջոցառումների կազմակերպում:
- Կարելի է ենթադրել, որ «Նոյյան տապանը» պետական, համահայկական նշանակության ծրագի՞ր է:
- Մեր համոզմամբ, սա այն ծրագիրն է, որը կոչված է համախմբելու ողջ հայությանը ոչ թե օրհասական պահերին, այլեւ խաղաղ եւ ստեղծագործ ժամանակներում: Ծրագրի իրագործումը նաեւ կայացած պետության եւ պետականության խորհուրդը կունենա: Մասնակցելով ծրագրին յուրաքանչյուր հայ մարդ` լինի դպրոցահասակ, թե տարեց, իր մեջ կբացահայտի պետական մտածելակերպ ունեցող քաղաքացուն:
- Իսկ ովքե՞ր են համախմբված ծրագրի շուրջը:
- Նախ երախտագիտությամբ նշեմ ստեղծագործական գրեթե բոլոր միությունների ղեկավարներին, մեծավաստակ Սոս Սարգսյանին, Պերճ Զեյթունցյանին, Աղասի Այվազյանին, մաեստրո Չեքիջյանին, Տիգրան Մանսուրյանին, ովքեր մեծ ոգեւորությամբ ընդունեցին եւ իրենց հավանությունը տվեցին ծրագրին: Իսկ շատ բարի կամքի տեր մարդիկ, ծանոթանալով ծրագրին, առաջ ընկնելով, անմիջապես իրենց աջակցությունն են առաջարկել: Իսկ բանաստեղծներ Հակոբ Սրապյանը, Մերուժան Հովհաննիսյանը, բանասեր Նունե Նարիկյանը, բալետմեյստեր Արտյոմ Գեւորգյանը, կոմպոզիտոր-աշուղագետ Էլինար Շահենը, ճարտարապետ Հոմերոս Նազարյանը եւ Ալբերտ Խաչատրյանը իրենց ամենօրյա մասնակցությունն ու նպաստն են բերել:
- Ի՞նչ նշանակություն կունենա ծրագրի իրականացումը մեր երկրի համար:
- Հայաստան երկիրը, որի մասին շատ այլազգիներ գաղափար անգամ չունեն, ճանաչելի կդառնա աշխարհով մեկ, այն կդառնա ոչ միայն քրիստոնյա աշխարհի ուխտատեղերից մեկը, այլեւ հզոր ազդակ կլինի տուրիզմի զարգացման համար: Իսկ սա նշանակում է, մեր ենթադրությամբ, շուրջ 3-4 միլիոն մարդկանց այցելություն Հայաստան, այսինքն՝ քաղաքակրթության բնօրրան:
- Ինչպիսի՞ հնչեղություն է ստացել ծրագիրն այսօր եւ ի՞նչ կասեք դրա արձագանքների մասին:
- Եղել են ծավալուն հրապարակումներ տարբեր թերթերում, կայացել է մամուլի ասուլիս: Մեզ համար անչափ ուրախալի է այն ոգեւորությունը, որը տիրում է ծրագրին ծանոթ մարդկանց շրջապատում եւ օրեցօր ավելանում է այս նախաձեռնությունը ողջունողների, աջակցության պատրաստ անհատների թիվը` լինեն բանվոր, մտավորական, ուսանող թե գործարար: Շուտով «Նոյյան տապան» ծրագրին կծանոթանան նաեւ սփյուռքում:
Զրույցը վարեց ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆԸ
No comments:
Post a Comment