Tuesday, September 25, 2007

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ ԱՌԱՋԻՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ է ունեցել եւ Հայաստանը երրորդ աշխարհի երկրների շարքում դասելու չարաբաստիկ հետեւությամբ մասնավորապես ասել. «ՀՀ-ի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ, եթե մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է... ԼՂՀ հարցի կարգավորումն այս տասը տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի: Եթե հետեւենք Ադրբեջանի արձագանքներին, կտեսնենք, որ նրանց դիրքը գնալով կոշտանում է: Այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ` ի՞նչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար... Հնարավոր է փորձել վերադառնալ նորմալ երկրների շարքը»:
«168 ժամ» թերթը վերոհիշյալ ելույթին անդրադարձել էր «Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի որոշել» վերնագրով: Որքան էլ ՀՀ նախկին նախագահը ասի. «Ես չգիտեմ` ի՞նչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար», այնուամենայնիվ նորմալ երկրների շարքը վերադառնալու միակ ճանապարհը համարելով մեր սահմանների բացումը դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, վերստին ընդգծում է միակողմանի զիջումների անխուսափելիությունը հայկական կողմի համար ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ հայ-թուրքական սահմանի բացման հարցերում:
Քանի որ Հայաստանի միակողմանի զիջումը ենթադրում է միջազգային պրակտիկայում անհարիր թուրք-ադրբեջանական նախապայմանների ընդունումը, ուստի Տեր-Պետրոսյանը դրանով գոտեպնդում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը, միաժամանակ վերջիններիս պահանջներին ընդառաջելու ակնհայտ պատրաստակամությամբ դրական ազդանշաններ է հաղորդում միջազգային ուժերին:
Տեր-Պետրոսյանի այս պատրաստակամությունը նոր չէ, ոչ էլ նորություն են փոխզիջման միջազգային պահանջները` Հայաստանի միակողմանի զիջումներին հանգեցնելու նրա նկրտումները կամ նախապայմանների առումով Անկարային եւ Բաքվին ընդառաջելու ձգտումը, առավել եւս մեծ տերությունների համար:
Թերեւս այդ առումով պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանի ելույթին դրսում առաջինն են արձագանքել ադրբեջանական «Իրեւան» կայքէջը, թուրքական հանրային հեռուստատեսությունը, առանձնացնելով նրա խոսքերից հետեւյալ արտահայտությունները. «Լեռնային Ղարաբաղի հարցը դարձնելով անլուծելի, հայաստանյան ներկայիս իշխանությունները շատ մեծ հանցանք են գործում, Ադրբեջանի դիրքորոշումը էլ ավելի է կոշտանում, Բաքուն այլեւս որեւէ զիջում չի կատարի, իշխանությունների պատճառով Հայաստանը անցել է երրորդ աշխարհի երկրների շարքը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: