Տիրատուր ներքնատեսություն
Բնականության, բնականոնության, բանականության ու ոգեկանության քաղցի եւ անբան խոսքի մեր ժամանակներում գրական մեր զանգվածն ապաժամանակյա հայեցակերպի թմբիրի մեջ է, եւ քանի որ դա իրոք թմբիր է, ապաժամանակյա-ն նշանակում է ոչ թե բոլոր ժամանակներին պատկանող, այլ պարզապես ոչ մի ժամանակի չպատկանող, նույնիսկ սեփականի՛ն, որովհետեւ այդ զանգվածի՝ անօրինակ ապագա կերտելու բարձրաքիթ հավակնոտությունը հիմնված է մի կողմից՝ ոչ թե անցյալի, այլ անցյալի եղած-չեղածը ծաղր ու բամբասանքով լցնելու ամբարտավանության վրա, մյուս կողմից՝ հագնելիք-թափելիքի ու սիրազուրկ սեռատենչության փալաս-փուլուսից կարկատած դրոշով մեջլիս մտնելու աքլորականության երերուն թառի վրա: Եվ կարող ես շնչահեղձ լինել աղտեղ միջավայրի պարտադրած այս հոգեթափությունից, եթե շուրջդ չլինեն նաեւ գրչի մոգիչ խենթեր՝ գրի ուժին հավատացող ու հավատացնող եւ այդ ուժով անկյալին բարձրացնել ջանացող, գետնամածությունից վերնամերձության մղող իրենց ինքնազոհ նվիրումով:
Ահա բանաստեղծի տողասանդուղքով վեր ելնելու հավատավոր հույսը, նրա՝ «քո ցողի համար, անձրեւի ու ձյան եւ քո աշխարհիկ անխռովության, հար հրահրվող հոգու եղեռնում» քեզ համար խռով մեռնելու պատրաստակամությունն է, որ ազգ ու երկրիդ կեռված մեջքն այնուամենայնիվ շտկված տեսնելու վստահություն է ներշնչում:
Ախր, ո՛նց ասեմ հազարամյակների մեր սիրո ու հայրենյաց ազնիվ սարսուռները ոտնակոխ տալով 21-րդ հազարամյակ ոտք կոխած մեր ուշացած մոդեռնիստներին, որ տղամարդու կամ կնոջ մարմնի եղած-չեղածն աննպատակ ի ցույց դնելու ամենից հարմար տեղը գրականությունը չէ, որ մերկությունը գեղեցիկ է ոչ իր ցոփությամբ, այլ արվեստավոր գեղեցկությամբ ու հրաշալույս ճերմակությամբ, որից ոչ միայն կուրանում ես, այլեւ կուրությունդ ես իբրեւ զգեստ առաջարկում մերկացյալին: Ավելի՛ն, թանձրացյալ այրականությունն այդ (ոչ միայն արտաքին) գեղեցկության համար արցունքները չթաքցնելու խիզախությունն է.
Միակ բանը,
Որ կարող եմ քեզ տալ,
Քո բաժնի վերջին արցունքներս են.
Վերցրո՛ւ...
Մեր 60-ամյա հոբելյարի՝ Հրաչյա Սարուխանի արցունքները, սակայն, միայն սիրո համար չեն, այլ «ամեն տառի, ամեն բառի, ամեն տողի, տաղի համար»: Վայ թե միակ բանը, որի համար արցունք չի թափել, տասնամյա հապաղումն է եղել իր առաջին գրքի տպագրության: Չգիտեմ՝ ինչքան է վշտացրել դա երբեմնի պատանի հոգուն, բայց մի անօրինակ վրեժ է լուծել նա գրականությունից ու ապագա գրական աշխարհից, գալիք գրահավաքների բանը բուրդ է, քանի որ Սարուխանից առանձին ընտրանի կազմելու հնարավորություն չպիտի ունենան. սա՛ է նրա վրեժը՝ թույլ բանաստեղծություն չունենալը...
Զանգվածային լրատվամիջոցը՝ իր զանգվածային բնույթով, հնարավորություն չի կարող տալ գրական երկի լիարժեք քննության: Սակայն ընթերցողի ուշադրությունն ուզում եմ հրավիրել, հեղինակի բնորոշմամբ, մի երկփեղկ գործի վրա, որն իր փեղկված խտությամբ բանաստեղծ հոգու խորաչափության ազդարարն է: Բանաստեղծությունը, պայմանավորված իր կառուցվածքի արտասովորությամբ, ունի տողատակի հեղինակային հղում. «Գրեթե չկետադրված երկփեղկ այս գործը կարդալ նաեւ որպես մի ամբողջական քառատող»*: Ահա՛ բանաստեղծությունն այդ, որ ըստ էության համանիշ բանաստեղծափունջ է.
Ի՞նչ բանաձեւ բարդեն
Ի՞նչ ավելորդ խնդիր
Հոր առջեւ է արդեն
Նա խայթերով խրթին:
Կարծրակառույց ու կուռ
Ի՞նչ ավերակ հարցեր
Նա աչքալույծ ու լուռ
Տուն է վերադարձել...
Թեման աստվածաշնչյան է կամ համաշխարհային, բովանդակությունն էլ՝ հանրահայտ: Այս առումով կարծես ասելիք չկա: Արտաքուստ՝ կառուցվածքային առումով էլ ասելու բան չկա, քանի որ հեղինակն ինքն է բացում «խաղաքարերը»: Սակայն լեզվաբանիս աչքից չվրիպեց մի բան՝ բանաստեղծական այս հորինվածքի հարացուցաշարակարգային խաչաձեւումը, որից սերում-բացվում է երրորդ փեղկը:
Վերստին անդրադառնանք հեղինակի հղումին. «... Այս գործը կարդալ նաեւ որպես մի ամբողջական քառատող»: Հեղինակային «նաեւ»-ը նշանակում է երկրորդ արտահայտություն, ասել է՝ քառատողի հարաբերությամբ առաջին արտահայտությունը՝ ութնյակը, բովանդակություն է. ութնյակը՝ իր ուղղաձգությամբ, նշանի նշանակյալն է, քառատողը՝ իր հարթաձգությամբ, նշանի նշանակիչը. ութնյակով կերպավորված լեզվական բովանդակությունն իրացված է նաեւ որպես քառեկակերպ խոսքային արտահայտություն: Սակայն քանի որ թե՛ ութնյակը, թե՛ քառատողն արդեն տրված են խոսքում որպես արտահայտություն, ապա «լեզվական բովանդակություն» բնորոշումն ութնյակի համար պայմանական (նշան) է: Այն բովանդակություն է քառատողի նկատմամբ իր առաջնային արտահայտվածությամբ եւ, որպես այդպիսին, երկրորդական բովանդակություն է լեզվական վերնոլորտի բո՛ւն (առաջնային) բովանդակության հարաբերությամբ. սա էլ նշանակում է, որ քառատողն արտահայտության արտահայտություն է կամ նշանակչի նշանակիչ:
Ժամանակակից լեզվաբանությունը, ի պատիվ հայ լեզվափիլիսոփայական ու լեզվանշանագիտական մտքի, լեզվական հորինվածքի նկատմամբ ունեցած բազմաչափ վերաբերմունքով թեւակոխել է իր պատմության չորրորդ փուլը, որի կազմավորման առանցքում Էդուարդ Աթայանի անունն է: Ըստ աթայանական ուսմունքի՝ լեզուն տրամաբանական, հոգեբանական եւ նյութական (հնչյունային) շերտերի ներհյուս բաղկացություն է, որոնցից առաջին շերտը լեզվական համակարգն է, վերջինը՝ խոսքային գծակարգը, երկրորդը՝ առաջինը երրորդին շաղկապող լեզվախոսքային շարակարգը: Բնավ պարտադիր չէ, որ տեսական այս իրականություններին իրազեկ լինի բանաստեղծը: Կարեւոր է ժամանակի ընդհանրական մտածողության բեկումը՝ ըստ արվեստի ու գիտության ոլորտների: Բացառված չէ, որ այս ընդհանրականությունն իր դրսեւորումներն ունենա նաեւ արվեստի ու գիտության ուրիշ ճյուղերում:
Արդ, հարկ է պարզել Սարուխան բանաստեղծի տվածի՝ այս ամենի հետ ունեցած խորքային կապը: Ինչ վերաբերում է ութնյակ/քառատողի իրական լեզվական համակարգին, որը վերն անվանեցի նաեւ լեզվական հորինվածքի վերնոլորտ, բացահայտելի կամ նույնիսկ բացահայտ է միայն իր՝ հեղինակի համար, որովհետեւ բանակերտման գաղտնիքի հրաշքն արվեստագետի սեփականությունն է, եւ ընթերցողը կռահումների մակարդակից այն կողմ չի անցնի, ինչքան էլ մասնագետ լինի նա: Վերջինիս գնահատականները լեզվի խոսքամերձ ներքնոլորտին միայն կարող են վերաբերել: Ահա ինքս էլ, փորձելով մերձենալ այդ ոլորտին, ընթերցողիս իրավունքով, հեղինակի՝ մակերեւույթին թողած համակարգային ութնյակին ու գծակարգային քառատողին ի տրիտուր բացել եմ ուզում երրորդ փեղկը. դրանից արտածում եմ այդ երկուսին ներանցված հոգեբանական գոյամակարդակը՝ շարակարգային հյուսվածքը՝ լեզվաբանի կետադրությամբ:
Ի՞նչ բանաձեւ բարդեն,
Ի՞նչ ավելորդ խնդիր
Կարծրակառույց ու կուռ
Ի՞նչ ավերակ հարցեր
Հոր առջեւ է արդեն
Նա խայթերով խրթին,
Նա աչքալույծ ու լուռ
Տուն է վերադարձել...
Կարծում եմ, Սարուխանի աշխարհին մոտենալիս շահեկան կլինի օգտագործել այս բանալին, որով կարելի է բացել նրա ներքնատես հոգու դուռը, որովհետեւ բանաստեղծական նորարարությունը միայն չափուձեւի նորությամբ, ոչ էլ բառաստեղծման առատությամբ է որոշելի, որով լեցուն է նաեւ մեր բանաստեղծի ստեղծագործությունը, չկա՛ նորարարություն՝ առանց խորքային գյուտի: Իսկ այդ գյուտը թերըմբռնելի կլինի, եթե չասենք, որ նրա «Անառակ որդու» չարչրկված թեման էլ զուտ ձեւակազմական նպատակների չի ծառայում. սա ինքնաճանաչ ու ինքնաճանաչման մղող մշտանորոգ ինքնակեղեքում է, որ ինքնահաշտության հանգրվանին կարող է հանգել միայն զուլալությամբ, որն արդեն ափսոս է քրքրելը, ուստի խոսքիս ավարտը թող ազդարարեն բանաստեղծի՝ իր իսկ արտահայտությամբ՝ «անլռելի լռություն» հուշող կախման կետերը.
Տեղավորվեմ մտքիս մեջ՝
Տեղնուտեղը մանկանամ.
Հորն ու մորս շնչին մերձ՝
Շնչակոլոլ թանկանամ,
Ու՝ անանուն անտարիք,
Փառավորվե՜մ ինձնով մեկ,
Ու տեղ չանեմ մտքիս մեջ,
Ու էլ բա՛ն չցանկանամ...
ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
* Հրաչյա Սարուխան, «Ի տրիտուր», Երեւան, 2005, էջ 49:
No comments:
Post a Comment