Friday, October 26, 2007

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱԳՐԵՐ

ԳԱԱ պատմության ինստիտուտում երեկ տեղի ունեցավ Արթուր Արմինի «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ «Սասնա Ծռեր» էպոսը» ուսումնասիրության բանախոսություն-քննարկումը: Մեր հարցազրույցը հեղինակի հետ այս նյութի շուրջը հրապարակվել է «Ազգ»-Մշակույթ-Հավելվածի 20 հոկտեմբերի համարում:
Հեղինակը մասնագիտությամբ տնտեսագետ է. 80-ականներից ընտրում է ինքնարտահայտման արվեստի ճանապարհը: Իր երկու բանաստեղծական ժողովածուներում արդեն («Նամակներ մենության հեռուներից», «Բնազանցություն») դրսեւորվում են խոսքի գեղարվեստականության եւ հոգեւոր վերապրում-զգացողությունների զուգորդում-խաչաձեւումներ: Չափածո վերջին գործը «Փոքր Մհեր» պոեմն է՝ շքեղ ձեւավորմամբ ու տպագրությամբ: Իր նախասիրություններն ու հետաքրքրությունները մասնավորապես պատմագրության հնագույն շրջանի, կրոնագիտության, դիցաբանության, աստղագիտության, նաեւ գաղտնագիտության ասպարեզներում սեւեռվում են հայկական էպոսի ծագումնաբանական խնդիրների շուրջը: Հերքելով էպոսի ծագումնաբանական միջնադարյան ընդունված տեսակետը՝ վկայակոչելով հայ եւ օտար բազմաթիվ սկզբնաղբյուրներ, նաեւ նորագույն շրջանի գիտնականների ու մտածողների տեսակետներ (Հ. Օրբելի, Հ. Թումանյան, Ի. Իվանով, Մ. Ռուհլե), նա փաստում է «Սասնա Ծռերի» վաղնջական ծագումը, իբրեւ հնդեվրոպական մայր էպոսի դրսեւորումներից մեկը:
Ուսումնասիրվող նյութի հաջորդ գլխավոր մեկնակետը հնագույն հավատամքային պատումների խորքում գիտական ճշմարտություններ տեսնելն ու դրանց հաստատելն է եղել: «Սասնա Ծռեր» էպոսի պատումային կերպի՝ կերպարային, բառ-նշանային արտահայտությունները վերածելով թվային համակարգի, հեղինակը բազմաթիվ առնչություններ է բացահայտում աստղագիտության հետ, կապված համաստեղությունների, մոլորակային ուղեծրերին, դրանց պտույտին, շարժմանը եւ այլ երեւույթներին: Հնագույն քաղաքակրթության նմուշները, որ մեզ հասել են հիմնականում իբրեւ գեղեցիկ ավանդապատումներ կամ զրույցներ, պարզվում է, որ խորքում պարունակել են խորհրդաբանական իմաստնություններ, գիտականություն եւ յուրատեսակ հոգեւոր ուղերձներ են՝ ուղղված մարդկանց: Բառաթվային այս համակարգերի բացահայտումներով, դրանց առնչակցություններով գիտականության հետ, հեղինակը հաստատելով մեր էպոսի հնագույն ծագումը, ըստ այդու՝ հանգում է Հայկական լեռնաշխարհի՝ նախահնդեվրոպացիների բնօրրան լինելու տեսակետին:
Այս առումով կարեւոր պետք է նկատել մինչ բանախոսությունը, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հայացքը՝ նկատի առնելով նման թեմաների վերաբերյալ ակադեմիական գիտության վիճահարույց տեսակետները: Ինչպես իրավացիորեն գտնում է Ա. Մելքոնյանը, խորհրդային տարիներին չգրվեց ազգային պատմագրություն: Հետանկախության շրջանը հույս էր ներշնչում դրա՝ հնարավոր պայմանների ստեղծման, սակայն փոփոխություններ երկար ժամանակ չէին արձանագրվում, որի պատճառներից մեկը կեղծ ակադեմիզմն է: «Պատմաշինություն մեզ պետք չէ, ասաց Ա. Մելքոնյանը, դրա անհրաժեշտությունը ինքնահաստատման խնդիր ունեցողների համար է»: Ինստիտուտում հրատարակման պատրաստվող հայոց պատմության քառահատորյակը՝ վաղնջական ժամանակներից սկսած, ազգային ռազմավարության նշանակություն է ունենալու (I հատորն արդեն լույս է տեսել): Գլխավոր նպատակը՝ ձեւավորել ազգային մշակված հայեցակարգ ոչ միայն գիտական շրջանակներում, այլեւ հասարակական գիտակցության մեջ: Խնդրո առարկա ուսումնասիրությունը կարեւոր ներդրում է հայեցակարգի ձեւավորման մեջ եւ պետք է մասնագիտական պատշաճ գնահատանքի արժանանա, նկատեց տնօրենը:
Քննարկվող նյութի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ էր՝ ակտիվ հարցադրումներով: Քննարկման ավարտին, գրքի օրինակները բաժանվեցին ներկաներին. ինչպես իմացանք, հեղինակի սովորություններից մեկն է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: