Tuesday, October 16, 2007

«ԿՈՆԳՐԵՍԸ ՓՐԿԵՑ ՀՐԵԱՆԵՐԻ ՊԱՏԻՎԸ»

Ասում է իսրայելցի քաղաքական գործիչ Յոսի Սարիդը
«Իսրայելը եւ հայերը» խորագրի ներքո իսրայելական «Հաարեց» թերթը ուրբաթ օրը տպագրել էր «Մերեց» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանության ճանաչման համար ազնիվ պայքար մղող Յոսի Սարիդի հոդվածը «Այսօրվա ժխտումը վաղվա ցեղասպանությունն է» վերնագրով:
«Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկման ներկայացնող կոնգրեսական Ադամ Շիֆը հրեա է: Հրեա ժողովուրդը պետք է շնորհապարտ լինի նրան այդ նախաձեռնության համար, քանի որ դրանով նա փրկեց հրեաների պատիվը Մ. Նահանգներում, Իսրայելում եւ ամենուր: Նա պահպանեց մեր մարդկային դիմագիծը ի հակադրություն ցինիկների եւ Հայոց ցեղասպանությունը հերքողների, բոլոր նրանց, ովքեր ամեն գնով ձգտում են օգուտ քաղել որպես հարատեւ զոհեր: Ադամ Շիֆը շարունակեց այն ճանապարհը, որ ընտրել էր մեկ այլ հրեա՝ Հենրի Մորգենթաուն, որը հայերի կոտորածների օրերին Մ. Նահանգների դեսպանն էր Թուրքիայում: Մորգենթաուն հայերի սպանդը բնութագրեց որպես «նորագույն պատմության մեծագույն հանցանք»: Կոնգրեսական Շիֆը եւս մեկ հրեայի աշակերտն է՝ Ֆրանց Վերֆելի, որն Իսրայել այցելելու ճանապարհին կանգ առավ Դամասկոսում ու այնտեղից հայտնեց հայ փախստական երեխաների սովալլուկ վիճակի եւ հայ ժողովրդի դաժան ճակատագրի մասին: Հենց այդ ժամանակ ծնվեց նրա «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը ժամանակին նացիստները նետեցին խարույկի մեջ: 1918 թվականին Խայիմ Վայցմանի քարտուղար Սամուել Տալկովսկին գրել է. «Գոյություն չունի մեկ այլ ժողովուրդ, որն իր ճակատագրով այնքան մոտ լինի մեզ, որքան հայ ժողովուրդը»:
Սակայն հենց Իսրայելում այսօր կան հրեաներ, որոնք քիչ են հրեա, եւ սիոնիստներ՝ նվազ սիոնիստ, ու դրանց մեջ են պետական այրերն ու պաշտոնյաները: Մեկ այլ ժողովրդի ցեղասպանությունը ժխտելը պակաս նողկալի երեւույթ չէ, քան հրեական Հոլոքոսթի հերքումը: Ոչ միայն նողկալի է, այլեւ վտանգով լի: Այսօրվա ժխտումը վաղվա ցեղասպանությունն է», գրել է Յոսի Սարիդը:
Շարունակելով իր միտքը, նա վերստին շեշտում է 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանությունների մասին, փաստելով, որ թուրքերից առաջ դրա իրագործողները եղել են գերմանացիները. «1904-ին գերմանական բանակը ոչնչացրեց 100,000 նամիբիացիների, 1915-ին թուրքերը կոտորեցին 1,5 միլիոն հայերի: Եթե այն ժամանակ աշխարհը ոտքի ելներ նրանց պաշտպանելու, հրեական Հոլոքոսթը չէր լինի, անշուշտ, կկանխվեր: Սա ենթադրություն կամ գնահատական չէ, այլ՝ իրեղեն փաստ»: Սարիդն իր խոսքը հաստատում է Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերով, ասված՝ 1939-ի օգոստոսի 24-ին. «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները» վերջաբանով: Սարիդը ցավ է հայտնում, որ Իսրայելն իր շահերից ելնելով կանգնած է Հայոց ցեղասպանության մասին լռողների կողքին, մոռանալով, որ ժամանակին այդ նույն շահերով էր առաջնորդվում աշխարհը հրեաների հանդեպ: «Հաջորդ անգամ, երբ Ահմադինեժադը նորից կդառնա ու կհերքի Հոլոքոսթը ու մենք նորից կարտասվենք դրա համար, լավ կլինի, որ ինքնավստահ մեկը հանդգնի ասել. «Դուք ճիշտ եք, բայց մենք էլ ունենք մեր թուրքերը»:
Սարիդը ընդգծում է, որ հենց հրեաները, որպես Հոլոքոսթի զոհեր, պարտավոր են աշխարհի մի ծայրից մյուսը հասցնել ճշմարտությունը, քանի որ իրենց հետ կատարվածը կարող է կրկնվել կամ պատահել ուրիշների հետ՝ Ռուանդայում, Բոսնիայում, Կամբոջայում, Սուդանում: «Պետք չէ համեմատել ցեղասպանությունները ժողովուրդների տառապանքը ճանաչելու համար: Պետք է կարեկցել մյուսներին, այլ ոչ մենաշնորհ դարձնել կատարված ողբերգությունը»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

No comments: