Friday, November 16, 2007

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՈՒՆԵՆԱԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՔԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՈՎ

2008-ի բյուջեի նախագիծը չի լուծում Հայաստանի գիտության կարեւորագույն՝ գիտնականների նորմալ վարձատրության հարցը
Որ Հայաստանի` որպես գիտություն ունեցող երկրի ապագան վտանգված է, վաղուց արդեն վեճի առարկա չէ: Դրան համաձայն է նույնիսկ կառավարությունը, ինչի մասին վկայում է «Գիտության ոլորտի հայեցակարգային դրույթներ» վերնագրված փաստաթղթի ընդունումը: Վարչապետը նոյեմբերի 13-ի իր բյուջետային ելույթում նույնպես խոսեց գիտության կարեւորության մասին: Սակայն ստեղծված իրավիճակի շտկման միջոցառումներն առնվազն անբավարար են, իսկ հաճախ էլ` պարզապես սխալ:
Սխալ հիմնադրույթներ կամ ինչի՞ համար է պետք գիտությունը Հայաստանին
ՀՀ 2008-ի պետբյուջեի նախագծի կառավարության բացատրագրում գրված է. «Գիտության ոլորտի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման մեջ գիտության գործուն դեր ունենալը, գիտական հետազոտությունների արդյունքները տնտեսության մեջ արդյունավետ օգտագործելը»: Արմատապես սխալ մի գաղափար, որն այստեղ է անցել վերոհիշյալ «Գիտության ոլորտի հայեցակարգային դրույթներից»: Եթե ընդունենք այս առաջնահերթությունը, ապա պետք է պարզապես միանգամից դեն նետենք Հայաստանում առկա գիտության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են պատմությունը, հայագիտությունը, մաթեմատիկան, աստղագիտությունը եւ բազմաթիվ ուրիշներ, որոնք տնտեսության մեջ «արդյունավետ» կերպով չեն օգտագործվում ու երբեւէ չեն օգտագործվի: Բայց եթե նույնիսկ մնան (այսինքն` պետության կողմից ֆինանսավորվեն) գիտության միայն այն ճյուղերը, որոնցից կարելի է տնտեսական արդյունք ակնկալել (ասենք, կիրառական ֆիզիկան, կենսատեխնոլոգիան, նյութաբանությունը եւ այլն), ապա դարձյալ կառավարական փաստաթղթերում ուրվագծված նպատակները կմնան անհասանելի: Մի պարզ պատճառով. կառավարությունն ուզում է, որ Հայաստանի գիտությունը «գործուն մասնակցություն» ունենա հենց Հայաստանի Հանրապետության, ոչ թե որեւէ այլ երկրի տնտեսական զարգացման մեջ: Սակայն կա մի «ցավալի» հանգամանք. գիտությունը, ինչպես հայտնի է, անկանխատեսելի գործ է: Հայաստանի գիտնականի հայտնագործությունը, եթե նրան նման բախտ վիճակվի, բոլորովին պարտադիր չէ, որ կիրառություն գտնի հենց Հայաստանի տնտեսությունում: Անհամեմատ ավելի մեծ հավանականություն կա, որ այդ հայտնագործությունը պետք գա մեկ այլ երկրի բիզնեսմենի համար: Ու դրա պատճառն այն չէ, որ ինչպես Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց վերջերս, «Հայաստանի գործարարները դեռ պատրաստ չեն գիտության նվաճումները ներդնել»: Ոչ, ողջ աշխարհում է այդպես: Ովքեր այսպիսի փաստաթղթեր են ստեղծում, թող հիշեն որ այսօր Ֆինլանդիան բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողն է աշխարհում, բայց բջջային հեռախոսն ամենեւին էլ Ֆինլանդիայում արված գյուտ չէ: Գիտության ու տնտեսության ուղիները նույնքան անիմանալի են, որքան Աստծունը:
Եվ արդ, ինչպիսի՞ն պետք է լինի պետության վերաբերմունքը դեպի գիտությունը: Այս հարցին կարելի է պատասխանել, եթե վերհիշենք «գիտություն» երեւույթի առավել հիմնարար սահմանումը: Գիտությունը զբաղված է մի պարզ բանով` նոր գիտելիքի ձեռք բերմամբ, անկախ այն բանից, թե այդ գիտելիքը հետո ինչպես կարող է օգտագործվել: Իրականում գիտությամբ զբաղվելը մեծ մասամբ չի բերում անմիջական նյութական շահ: Այդ պատճառով մշտապես ուժի մեջ կմնա այն որակումը, որը գիտության մարդուն տվել է Լեւ Լանդաուն. «Գիտնականը մի մարդ է, որ բավարարում է իր սեփական հետաքրքրասիրությունը պետական փողի հաշվին»: Եվ Հայաստանի կառավարությանը պետք չէ դատողություններ անել տնտեսական զարգացման մեջ գիտության գործուն դեր ունենալու եւ նման այլ ֆանտազիաների մասին (խորհրդային տարիներին էլ կարգախոս կար. «Գիտությունը դարձնենք անմիջական արտադրողական ուժ»), այլ պետք է պարզորոշ կերպով գիտակցի, որ ինքը մի խումբ մարդկանց պետք է փող տրամադրի, որպեսզի նրանք այդ փողի օգնությամբ բավարարեն իրենց հետաքրքրասիրությունը: Ձեռք բերեն նոր գիտելիք, բացահայտեն բաներ, որոնց մասին նախկինում մարդկությունը չգիտեր: Ու ոչինչ ավելի: Սա ամենեւին չի նշանակում, թե այդ մարդիկ երկրին պետք չեն, ընդհակառակը` շա՛տ պետք են: Պետք են ոչ թե նրա համար, որ անմիջական տնտեսական օգուտ տան: Պետք են, որովհետեւ երկրում գիտություն ունենալը, գիտական չափանիշներով մտածելու ունակ մարդիկ ունենալը այդ երկրին տալիս է սկզբունքային այլ որակ, նրան մղում է մարդկության առաջամարտիկների շարքերը ու հնարավորություն է տալիս առավել պատրաստ լինել դիմակայելու պատմության ու բնության մարտահրավերներին: Գիտության ներդրումը պետության ուժի մեջ դժվար է չափել անմիջական նյութական միջոցներով, պարզապես պետք է երկրում գիտությունը լինի՛: Այնպես, ինչպես կան մշակույթն ու արվեստը: Դե, իսկ եթե երբեմն ստացվի նյութական շահ, ավելի լավ:
Ուսուցիչներն ու գիտնականները
Ունենալ գիտություն, առաջին հերթին նշանակում է ունենալ գիտնականներ (թվում է, թե ակնհայտ հանգամանք է, բայց ինչպես կերեւա ստորեւ, չի գիտակցվում նրանց կողմից ում որ հարկն է): Եվ հիմա տեսնենք ինչ վիճակում են գիտնականները Հայաստանում: Ըստ պաշտոնական տվյալների, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը մոտ 75 հազար դրամ է: Իսկ գիտաշխատողներինը` մոտ 39 հազար՝ գրեթե երկու անգամ պակաս (այս թիվն ասվել է Ազգային Ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ): Այսինքն, գիտաշխատողները երկրի ամենից ցածր վարձատրվող խավերից են: Այս պայմաններում խոսել գիտությանը տրվող առաջնահերթ նշանակության մասին նույնիսկ ծիծաղելի չէ: Այսօր Հայաստանում գիտաշխատողը, որքան էլ նվիրված լինի իր գործին, առաջին հերթին մտածում է փող ճարելու մասին: Ղեկավարը ուղիներ է մտածում իր ենթակաների եւ ասպիրանտների բաժինը յուրացնելու համար: Հետազոտողի առաջին երազն է` հրավիրվել արտասահման մի գիտաժողովի. ոչ այնքան իր գործի արդյունքները ներկայացնելու, որքան այն հույսով, որ մի քանի տասնյակ դոլար օրավարձով կբարելավի իր խղճուկ ընտանեկան բյուջեն: Այս վիճակն ավելորդ է դարձնում Հայաստանի գիտության արդյունավետության մասին որեւէ խոսակցություն:
Ոչ ոք չի պահանջում, որ մեր գիտնականները ունենան ամերիկյանին մոտիկ աշխատավարձեր, բայց իրենց երկրում նրանք պետք է լինեն լավ վարձատրվողների շարքում: 2008-ի բյուջեի նախագծով նախատեսվում է գիտաշխատողների աշխատավարձը հասցնել 50 հազար դրամի: Արդեն իսկ ակնհայտ է, որ դա նույնպես ծայրահեղ անբավարար է, չէ՞ որ միջին աշխատավարձը ոչ միայն չի մնա ներկա մակարդակին, այլեւ կշարունակի բարձրանալ: Որպեսզի ասածս ավելի ակնառու լինի, հիշեցնեմ հետեւյալը: Վերջին տարիներին Հայաստանի կառավարության իրագործած լավ գործերից մեկը հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումն էր` հինգ տարում ավելի քան եռակի: Եկող տարի կլինի հերթական բարձրացումը` ուսուցչի միջին աշխատավարձը կդառնա ավելի քան 89 հազար դրամ: Իսկ գիտաշխատողների համար կառավարության նախատեսած սցենարով (միջինը 50 հազար, գումարած հավելավճարներ գիտական աստիճանի կամ այլ բաների համար, որոնք, ի դեպ կոռուպցիա սնուցող միջավայր են), կշարունակի մնալ այն վիճակը, որ գիտությունների դոկտորը կստանա ավելի ցածր աշխատավարձ, քան միջին դպրոցական ուսուցիչը, էլ չեմ ասում պետական ծառայողի մասին, որի միջին աշխատավարձը եկող տարի կհասնի 120 հազար դրամի: Սա գիտությունը առաջնահերթություն համարող երկրի համար անհեթեթ իրավիճակ է: Պետությունը պարզապես ցույց է տալիս, որ գիտնականն իր համար կարեւոր մարդ չէ:
Ես պնդում եմ, որ գիտության գոյատեւման համար գիտաշխատողների միջին աշխատվարձը պետք է լինի երկրի միջին աշխատավարձից բարձր մոտ 50 տոկոսով: Իհարկե, միայն այդ գումարների առկայությունը բավարար չէ արդի գիտական աշխատանք կատարելու համար, ինչը իրականում շատ թանկ գործ է (զուր չէ, որ այստեղ նույնիսկ եվրոպական երկրները երբեմն պարտվում են ավելի հարուստ ԱՄՆ-ի հետ մրցակցությունում): Բայց պատշաճ աշխատավարձը անհրաժեշտ պայման է. դրա շնորհիվ գիտաշխատողը գոնե կազատվի հանապազօրյա հացի մասին անդադար մտածելու հոգսից, իսկ հետո նաեւ շատ ավելի հնարավորություններ կունենա ինքնուրույն միջոցներ հայթայթելու իր աշխատանքի համար (գիտնականները շատ նպատակասլաց ու համառ մարդիկ են): Կհայթայթի ամեն տեղից` նույն Հայաստանի կառավարությունից, հովանավորներից, օտարերկրյա աղբյուրներից... Միայն թող պետությունը մի օր վերջապես իրականություն դարձնի «մարդկային կապիտալը» բարձր գնահատելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունները եւ ազատի գիտաշխատողներին մուրացիկի ստորացուցիչ կարգավիճակից:
Երեսունհինգ հազարն ու երեքուկես հազարը
Հիմա՝ մի քանի պարզ հաշվարկներ: Երկրում կան մոտ 35 հազար դպրոցական ուսուցիչներ, նրանց աշխատավարձի համար (ամսական մոտ 89 հազար դրամի հաշվով) տարեկան պետք է մոտ 34 մլրդ դրամ. այդքան է կառավարությունը խոստանում հատկացնել եկող տարի: Իսկ գիտաշխատողների թիվը Հայաստանում տասն անգամ քիչ է` մոտ 3500 մարդ (այս թիվը եւս նշել է ԳԱԱ պրեզիդենտը, ըստ երեւույթին նրանց իրական թիվն ավելի է, քանի որ նրանք կան ոչ միայն ակադեմիայում): Նրանց` գոնե ուսուցչին համարժեք աշխատավարձ տալու համար (ինչը հենց մոտ է երկրի միջին աշխատավարձին) բնականաբար պետք է տասն անգամ քիչ գումար՝ մոտ 3,4 մլրդ: Իսկ եթե վարձատրվեն եւս 50 տոկոսով բարձր, ինչպես առաջարկում եմ (թեկուզ եւ այն պատճառով, որ գիտնականինը ավելի հազվագյուտ մասնագիտություն է քան ուսուցչինը, հետեւաբար պետք է ավելի թանկ գնահատվի), ապա գիտության աշխատավարձի ֆոնդը կհասնի մոտ 5 միլիարդ դրամի: Իսկ 2008-ի բյուջեի նախագծով, ելնելով կառավարության առաջադրած նպատակից` գիտաշխատողի միջին աշխատավարձը` 50 հազար դրամ, աշխատավարձի ֆոնդը կլինի 2,1 մլրդ դրամ, 2.9 մլրդ դրամով պակաս քան անհրաժեշտ է ըստ իս: Այսինքն, գիտաշխատողներին գոնե արժանի աշխատավարձ տալու համար գիտությանը բյուջեով նախատեսված 6,84 մլրդ դրամի փոխարեն անհրաժեշտ է մոտ 9,7 մլրդ դրամ:
Ակնհայտ է, որ 820 միլիարդանոց բյուջեում լրացուցիչ 2,9 միլիարդ գտնելը մեծ դժվարություն չէ. կարելի է, օրինակ, մի քանի հազարով նվազեցնել դատախազների կամ, ասենք, (մեղա-մեղա), պատգամավորների աշխատավարձերի ապագա հավելումները: Իսկ գիտության պահպանման համար սա կլինի հրդեհը հանգցնելու պես անհետաձգելի քայլ: Քայլ, որը հնարավորություն կտա Հայաստանի գիտաշխատողներին ուղղելու իրենց մեջքը, որից հետո միայն իմաստ կունենա խոսել գիտության գոյատեւման մասին մեր երկրում:
Ինչպե՞ս բաշխել փողը
Ո՞ւմ տալ այդ փողը: Գիտության ֆինանսավորման տարբեր մեխանիզմների շուրջը վեճերը մեզանում սկսվել են ուշ խորհրդային շրջանից: Այստեղ հարկ չկա մանրամասնել այն մեխանիզմները, որոնք թույլ են տալիս որոշել, թե ով է արժանի ստանալու ֆինանսավորում, ով՝ ոչ: Առաջավոր երկրներում այդ մեխանիզմները վաղուց գործում են, կան նաեւ հաջող փորձեր դրանք մեր երկրում արմատավորելու (մասնավորապես բարձր գնահատականի է արժանացել Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի փորձը, լավ է, որ եկող տարի առաջին անգամ կառավարությունը նախատեսում է համագործակցել նրա հետ): Իսկ այս պահին կառավարությունը՝ (հավանաբար ի դեմս նոր ստեղծվող Գիտության կոմիտեի կամ որեւէ այլ կերպ) պետք է կատարի հետեւյալը: Առաջին՝ փոխի բյուջեի նախագիծը՝ գիտությանը տրվելիք ֆինանսավորումը մոտավորապես վերը նշված 2,9 միլիարդ դրամի չափով ավելացնելով (հնարավոր է, որ իմ բերած հաշվարկները ճշգրիտ չեն, բայց կարեւորը սկզբունքն է. գիտաշխատողի միջին աշխատավարձը պետք է լինի երկրի միջինից մոտ 50 տոկոսով ավելի): Եվ երկրորդ՝ մշակի ու ներդնի՝ անպայման մինչեւ այս տարվա վերջը մեխանիզմ, որպեսզի ամեն գիտաշխատող ստանա իրեն համապատասխան՝ պետության հաստատած սանդղակով աշխատավարձ: Բնականաբար, այդ սանդղակն էլ պետք է սահմանվի անհապաղ. ասենք՝ կրտսեր գիտաշխատողը, որը չունի գիտական աստիճան, պետք է ստանա առնվազն 70 հազար դրամ, ավագ գիտաշխատողը՝ 100 հազար եւ այլն: Այս կանոնը պետք է կիրառել հիմա գործող բոլոր գիտաշխատողների նկատմամբ, ելնելով այն պարզ սկզբունքից, որ այդ մի քանի հազար մարդիկ ազգային կարեւորագույն արժեք են, պետք է փրկվեն որպես մասնագետ, չկորցնեն որակավորումը, չզբաղվեն ուրիշ գործերով, չհեռանան երկրից:
Այս վերջին կազմակերպական միջոցառումները կարող են ավելորդ թվալ, բայց հիմքեր ունեմ հակառակը կարծելու: Ինչպես ինձ հետ կարճ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, պետությունը ֆինանսավորում է ոչ թե գիտաշխատողին, այ գիտական թեման: Թեմայի մասնակիցները (ղեկավարները) պետք է որոշեն, թե այդ գումարից որքանը պետք է տրվի աշխատավարձին ու որքանը՝ այլ նպատակներին (սարքավորմանը, նյութերին եւ այլն): Այսինքն, գիտաշխատողը զուրկ է որեւէ պաշտպանությունից ու գտնվում է իր ղեկավարի քմահաճույքից վտանգավոր կախվածության մեջ: Նման մոտեցումը միգուցե արդարացված է, ասենք, շինարարության ոլորտում եւ ընդհանրապես ամեն տեղ, ուր կա ֆինանսական միջոցների խնայողության խնդիր: Իսկ 820 միլիարդանոց բյուջե ունեցող երկրի համար երկու-երեք լրացուցիչ միլիարդը գիտությունը փրկելու համար շռայլություն չէ (ավելորդ չէ հիշեցնել, իմ ասած 9,1 միլիարդ դրամը երկրի սպասվող ՀՆԱ-ի 0.33 տոկոսն է, մինչդեռ համարվում է, որ պետությունը պետք է գիտությանը տրամադրի գոնե ՀՆԱ-ի 1 տոկոսը): Կրկնում եմ, անհրաժեշտ է առաջին հերթին հոգալ գիտական կադրերը պահպանելու, գիտական գործունեության անընդհատությունը ապահովելու մասին: Հայաստանի խնդիրն է փրկել ինչ որ կա, ու եթե մի քանի տասնյակ մարդիկ ստանան մի քանի հարյուր հազար դրամ ավելի, քան արժանի են, դա ավելի լավ կլինի, քան թե կորցնենք թեկուզ մեկ-երկու արժեքավոր մասնագետ կամ խոստումնալից ասպիրանտներ, որոնք չեն կատարի այն, ինչ կարող են, քանի որ կքած են կենցաղային հոգսերի տակ: Իսկ հետագա տարիներին, երբ գիտությունն ու գիտաշխատողներն իրենց ոտքի տակ քիչ թե շատ ամուր հող կզգան, կարելի է ավելի բծախնդրություն ցուցաբերել այս հարցում՝ գործել անհամապատասխան կադրերից ազատվելու եւ նոր ուժեր հավաքելու ուղղությամբ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: