Thursday, November 29, 2007

ՏԻԿԻՆ ԷՎԱՆՍԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ


Ինչպես մեր երեկվա համարում տեղեկացրել ենք, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանն իր շաբաթական սյունակներից վերջինում, վերնագրված՝ «Տիկին Էվանսը բացահայտում է ինտրիգային մանրամասներ իր ամուսնու հետկանչի վերաբերյալ», մեջբերումներ է արել Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի տիկնոջ վկայություններից այդ ժամանակվա իրենց պարտադրված ինքնազսպման եւ ապրումների մասին: Ստորեւ Սասունյանի հոդվածն ամբողջությամբ:
Ավելի քան երկու տարի անց այն օրվանից, երբ իր ամուսինը դարձավ Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ճանաչող առաջին ամերիկացի դիվանագետը, Դոննա Էվանսը բացահայտեց մի քանի կուլիսյան մանրամասներ դեսպան Ջոն Էվանսի Հայաստանում պաշտոնավարության եւ ամերիկյան արտգործնախարարությունից նրա պարտադրված հեռացման առնչությամբ: Նա այդ մասին խոսեց նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում Հայկական դեսպանատանը Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած տարեկան ընդունելության ընթացքում:
Տիկին Էվանսն իր խոսքն սկսեց նկարագրելով ամուսնուց ստացած հեռախոսային զանգը, որով նա հայտնում էր, որ իրեն նշանակել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան եւ ինքն ընդունել է այդ պաշտոնն առանց տատանվելու:
Սենատի հաստատումից հետո դեսպան Էվանսն ու կինը 2004-ի աշնանը տեղափոխվել են Հայաստան: Տիկին Էվանսը նկարագրեց այն մշտական «լարվածությունը», որով շրջապատված էին, քանի որ «պետքարտուղարության չգրված քաղաքականությունն էր, որ «ցեղասպանություն» բառը պետք է չակերտների մեջ լիներ գրավոր խոսքում, իսկ բանավորում պետք է հնչեր պարզապես որպես «ց» (կամ անգլերեն «g» որպես «genocide» բառի սկզբնատառը) բառը»: Ըստ նրա, պետքարտուղարության պաշտոնյաները «հաստատ գիտեին, որ «ցեղասպանություն» բառը խիստ տաբու է»:
Այնուհետեւ նա շարունակեց. «Հայոց ցեղասպանության խնդիրը շատ զգայուն թեմա էր եւ Երեւանի դիվանագիտական շրջանակներում պետք էր խուսափել դրանից: Դեսպանների տիկնայք նույնիսկ իրենց անձնական շփումների ընթացքում չէին խոսում այդ մասին: Առաջին անգամ, երբ մեքենայով անցնում էինք Ցեղասպանության հուշահամալիրի մոտից, ամուսինս շշնջաց ինձ՝ դա է հուշարձանը: Ես մի արագ հայացք գցեցի սրաձող կոթողին եւ շրջվելով դեպի առաջ, հայելու մեջ աչքերս հանդիպեցին վարորդի հայացքին: Ինձ այնքան անհանգիստ զգացի: Ամուսինս ասաց, որ տարին մեկ անգամ միայն մեզ թույլատրվում է այցելել այնտեղ, միայն ապրիլի 24-ին»:
Դեսպան Էվանսի շուրջը ծագած խնդիրներն սկսեցին 2005-ի սկզբներին Մ. Նահանգների հայկական համայնքներ կատարած շրջագայության ընթացքում: Կալիֆոռնիա հասնելիս «ամուսինս ինձ հայտնեց, որ օգտագործելու է «ցեղասպանություն» բառը», ասաց տիկին Էվանսը, շարունակելով իր բացահայտումները, եւ որ «այդ արարքը կարող է իրեն զրկել իր պաշտոնից»: Նա պատմեց, որ սկզբում ապշել էր այդ հայտարարությունից, բայց «հետո ես ինձ շատ հպարտ զգացի: Մտածում էի, որ ճշմարտությունն ասելուց հետո նրան հավանաբար նկատողություն կանեին եւ որոշ ժամանակ «լուսանցքային» կարգավիճակում կպահեին, բայց աշխատանքից զրկվելը, ենթադրում էի, վատթարագույն սցենարը կլիներ»:
Առաջին անգամ «ցեղասպանություն» բառը հրապարակայնորեն օգտագործելուց հետո տիկին Էվանսը զարմացած էր մնացել, որ ամերիկահայ մամուլը չէր շտապել հրապարակել եղելությունը: «Նրանք կարծես պաշտպանում էին դեսպանին», ասաց նա: Հետագայում ANC-ի մամուլի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ դեսպան Էվանսն իրոք օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» բառերը Բարկլեյում իր բանախոսության ընթացքում:
Տիկին Էվանսն ասաց, որ դրանից հետո ամուսինը «Վաշինգտոն գնաց հաշվետու լինելու պետքարտուղարությանը: Հակազդեցությունը տհաճ էր», որի պատճառով էլ ինքը «վշտացել էր»: Բայց դեսպանը չգիտեր տակավին, թե արդյոք «իր հետկանչի հրամանը սեղանի՞ն կլինի, երբ վերադառնա Երեւան: Ես էլ չգիտեի, կվերադառնա՞մ Երեւան, թե՞ ոչ»:
Տիկին Էվանսը խստագույն խոսքերով բնութագրեց պետքարտուղարությանը Թուրքիայի ճնշումների տակ կքելու համար:
«Հնարավոր չէր պատկերացնել, որ Թուրքիայի դեսպանն ու թուրքական կառավարությունը այնքան ուժ ունեին, որ պարտադրեին պետքարտուղարությանը հետ կանչել իր դեսպանին», ասաց նա:
Կամավոր հրաժարական տալը հարցից դուրս էր: «Ամուսինս հանցանք չէր գործել: Նա պարզապես ընդունել էր, որ կատարվել է հանցագործություն»:
Երեւան վերադառնալով, ըստ տիկին Էվանսի, ամուսինը շարունակել է իր դիվանագիտական աշխատանքները «սովորականի նման», բայց ամեն առավոտ գրասենյակ է մուտք գործել ակնկալելով այնտեղ գտնել իր հետկանչի պաշտոնական հեռագիրը կամ էլեկտրոնային նամակը: «Վերջապես 2005-ի հուլիսի 2-ին սարսափելի հեռախոսազանգը հնչեց: Պետքարտուղարությունից Դեն Ֆրիդը հաղորդեց, որ 2006-ի ամառվանից ամուսնուս պաշտոնը թափուր է հայտարարվելու եւ որ մեզ կարող էին որեւէ ժամանակ հետ կանչել»:
Տիկին Էվանսն ասաց, որ ինքը «զայրացել էր», հատկապես որովհետեւ հեռախոսազանգը «հուլիսի 4-ի՝ անկախության տոնի» նախօրեին էր հնչել եւ հարվածում էր մի ձեռնհաս դիվանագետի, որը հավատարմորեն ծառայել էր կառավարությանը 35 երկար տարիներ:
Ապա տիկին Էվանսը հայտնեց, որ ինքն անձնական նամակ է հղել առաջին տիկնոջը, հավատալով «կնոջ ազդեցության ուժին», բայց այդպես էլ երբեք պատասխան չի ստացել նրանից:
«Ճնշվածությունը մեծ էր: Թերթերն սկսեցին տարբեր մեկնաբանություններ անել: Ոմանք հերոս անվանեցին ամուսնուս, ուրիշները՝ ոչ: Ամուսինս իրեն ուղղված հարցերին պատասխանում էր, որ «ինքը ծառայում է նախագահին»: Ամեն անգամ այդ բառերը լսելուց ես մի փոքր ավելի էի մահանում», հայտարարեց տիկին Էվանսը, ավելացնելով, որ այդ ամբողջ տագնապալի օրերին «դիվանագիտական հասարակությունը նեցուկ էր կանգնում ամուսնուն, անձնական հողի վրա»: Ապա նա 2006-ի ապրիլի 24-ը նկարագրեց որպես «անմոռանալի օր» իր կյանքում: Այդ օրը հազարավոր հայեր դեղին ժապավեններ էին կապում ցանկապատին դեպի ցեղասպանության հուշահամալիր իրենց ճամփին, ի պաշտպանություն իր ամուսնուն: «Ինչպե՜ս էր այդ բոլորը կազմակերպված: Կցանկանայի առանձին-առանձին բոլորին գրկել ու համբուրել: Դա մեզ ոգեւորեց ու գոտեպնդեց», ասաց տիկին Էվանսը:
Մնացածը պատմություն է, ինչպես ասում են: Դեսպան Էվանսի փոխարեն նշանակվեց Ռիչարդ Հոգլանդը, որն այդպես էլ երբեք Հայաստան չհասավ: Իսկ երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը ճանաչեց Հայոց ցեղասպանության բանաձեւը, «դա մեզ համար ամենաերջանիկ օրն էր», խոստովանեց տիկին Էվանսը, բայց նշեց միաժամանակ, որ «խիստ զայրացած էր», երբ ամուսինը նրան ցույց է տվել 8 նախկին պետքարտուղարների նամակը, որտեղ նրանք հակառակվում էին բանաձեւին: «Ես նրանց կասեի «ամոթ ձեզ», որ թուրքական քարոզչության գործիքն եք դարձել: Ձեր արարքով դուք հետ եք շրջում այն առաջընթացը, որ ձեռք է բերվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ընթացքում: Ավելի լավ կլիներ լուռ մնայիք: Հատուկ ամոթանք Ալեքսանդր Հեյգին, որովհետեւ նա ծառայել էր նախագահ Ռեյգանի օրոք, որը ճանաչել էր ցեղասպանությունը», նշեց տիկին Էվանսը, եզրափակելով իր ելույթը հետեւյալ խոսքերով. «Հայկական այս փորձառությունը հոգուս մեջ հյուսվել է ճիշտ այնպես, ինչպես հյուսված են խաչքարերի բարդ նախշերը: Դա հիանալի է: Տխուր է, բայց նաեւ հուսադրող: Ի՞նչ պետք է անենք: Չպետք է հանձնվենք: Մենք պետք է շարունակենք պայքարը, ավելի փորձառու դարձած, առավել իրազեկված, հետեւաբար նաեւ ավելի լավ զինված: Մենք պետք է շարունակենք կրթել, դաստիարակել, իրազեկել: Դուք եւ ձեր նախնիները արժանի եք, որ մարդիկ ներողություն խնդրեն ձեզանից եւ ճանաչեն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:

No comments: