Այսօր, 2007 թվականին, աշխարհում կան ավելի շատ ստրուկներ, քան 200 տարի առաջ: Ի տարբերություն 1600-ականներին եւ հետագա տարիներին Աֆրիկայից բռնի փախցրած եւ Ամերիկայում ստրկության մատնված միլիոնավոր մարդկանց, մերօրյա ստրուկները հաճախ լքում են իրենց տները հոժար կամքով՝ բարեկեցիկ ապագա ստեղծելու երազներով:
Նրանք աշխարհի տարբեր ծայրերի ամենաճնշված եւ աղքատ ընտանիքներից են. հետեւաբար նաեւ՝ հաճախ կրթության հնարավորություն չունեցած: Նրանց մոտենում են վստահված անձնավորություններ եւ առաջարկում աշխատանք արտասահմանում՝ մատուցողուհիներ, աման լվացողներ, պարուհիներ: Նրանք հաճախ 25 տարեկանից բարձր չեն լինում. ոմանք՝ ընդամենը 14 գարուն տեսած:
«Շատ լավ էլ գիտեն, թե ուր են իրենց տանում», այս ամառ ինձ ասաց Հայաստանում մի մարմնավաճառ: «Էդ տասը տարի առաջ էր, որ չգիտեին. հմի սաղն էլ գիտեն, որ Դուբայ էդ գործով են գնում»:
Արաբական Միացյալ Էմիրությունները թերեւս արդեն հայտնի է Հայաստանում որպես մարդկանց թրաֆիկինգի կամ մերօրյա ստրկության ժամատեղի: Բայց միջինարեւելյան հարուստ երկրները չեն միայն թրաֆիկինգի սպառիչներ: Այս տարվա սեպտեմբեր ամսին, օրինակ, Հարավային Եվրոպայում ձերբակալված թրաֆիկինգի մի ցանց կազմակերպել էր հարյուրավոր երիտասարդ ուկրաինացի, հայաստանցի եւ ղազախստանցի երիտասարդ կանանց օրինական տեղափոխումը Իտալիա՝ իբր թատերական հանդեսներում աշխատելու համար: Իտալիա ժամանելուն պես, խաբված կանանց բռնի ուժով ստիպել էին մարմնավաճառությամբ զբաղվել գիշերային ակումբներում եվ բնակարաններում:
Ծանոթներիցս մեկը՝ մի «անունով» տղա, հետս վիճում էր անցած տարի, որ ոչ մի աղջկա չեն կարող ստիպել քնել տղամարդկանց հետ իր կամքին դեմ: Նա դիտել էր հայկական մի ֆիլմ Դուբայում թրաֆիկինգի մասին եւ ինձ առաջարկում էր մի օր գնալ Միացյալ Էմիրություններ՝ «կայֆ ժամանակ անցկացնելու»: Բոլոր բերած օրինակներս ապարդյուն անցան երիտասարդին համոզելու, որ Դուբայի հայաստանցի աղջիկների եւ կանանց մեծ մասն իրենց կամքին հակառակ են այնտեղ եւ մարմնավաճառ չեն, միչեւ որ ստիպված էի հասկացնել, որ իր հորաքրոջ կորած 14-ամյա դուստրը, ամենայն հավանականությամբ, թրաֆիկինգի զոհ է: Նրա ակամա գլորվող արցունքները, կարծես, հասկանալու նշաններ էին:
Բայց Դուբայ այցելող մի ուրիշ երիտասարդ բիզնեսմենի նույնիսկ չփորձեցի համոզել այս ամառ Հայաստանում, որ կանայք ապրանք չեն: Նա ինձ ասում էր, թե երազում է սեւամորթ կնոջ հետ քնել, եւ խոստանում էր նվերներ, եթե ես իրեն Ամերիկայից մի «սեւամորթ» ուղարկեի: 1600-ականների ստրկատիրական մտածելակերպը չէր փոխվել: Սակայն այս դեքպում ապրանքները ոչ թե մի ռասայի ներկայացուցիչներ էին, այլ մարդկության ուղիղ կեսը՝ կանայք:
Անապահով ընտանիքներից լինելուց բացի թրաֆիկինգի զոհերին միացնում է նաեւ այլ փաստ՝ կին լինելը: Լինելով հանցանք ամբողջ մարդկության դեմ՝ թրաֆիկինգը նաեւ կանանց ճնշման միջոց է եւ ինչ-որ չափով այդ ճնշման հետեւանք: Հայաստանը նախկին սովետական երկրների հետ համեմատած ունի կանանց նվազագույն ներկայացուցչությունը օրենսդրական մարմնում. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի անդամների հինգ տոկոսն է ընդամենը կին, երբ կանայք կազմում են նույն հանրապետության բնակչության կեսից ավելին: Մարդկանց թրաֆիկինգն ամենաարագ աճող կազմակերպված միջազգային հանցանքն է: Հայաստանը ոչ միայն թրաֆիկինգի զոհերի աղբյուր է, այլեւ փոխանցման կենտրոն: «Զվարթնոց» օդանավակայանի զվարթ ուղեւորներից շատերը հայտնվում են ստրկության պայմաններում՝ ստիպված լինելով ծառայել տասնյակ տղամարդկանց ամեն օր, նույնիսկ իրենց հիվանդ օրերին:
Թրաֆիկինգի զոհ դառնալու պատճառները շատ են՝ աղքատություն, անապահովություն, տգիտություն եւ միամտություն, իսկ թրաֆիկինգի դեմ չպայքարելու պատճառներն՝ ավելի շատ: Դրանց թվում են Հայաստանում կանանց հանդեպ «ավանդական դարձած» բռնությունները եւ կանանց որպես ապրանքի, տղամարդուց ցածր էակի մասին մտածելու հոգեբանությունը: Եթե Հայաստանի օրենսդրական մարմնում ավելի շատ կանայք լինեին, որը նաեւ կարտացոլեր կանանց ճնշման նվազեցում, թերեւս Ազգային Ժողովը կմտածեր հազարավոր կորուսյալ զավակներին գտնելու եւ նրանց օգնելու կամ թրաֆիկինգը կանխարգելու մասին:
Բայց կանանց հանդեպ բռնությունը ժխտելու մեջ կա նաեւ ինչ-որ պատվի խնդիր, ու եթե ժխտում են, ուրեմն գիտեն, որ սխալ են: Անցած տարի, երբ որոշ հասարակական կազմակերպություններ պարզեցին, որ հայաստանցի կանանց մոտավորապես կեսը ֆիզիկական բռնության են ենթարկվել, Ազգային Ժողովի 95 տոկոս կազմող տղամարդ անդամներից մեկն ասաց, որ ճնշման հարցը բարձրացնող կազմակերպությունները պարզապես գրանտներ են ուզում եւ իջեցնում են Հայաստանի վարկը հանուն իրենց գրպանների: «Նրանք չպետք է ներկայացնեն Հայաստանն ինչ-որ աֆրիկյան ցեղ, որտեղ մարդիկ իրար ուտում են»:
Իսկ այդ «աֆրիկյան ցեղերն», ի տարբերություն այսօրվա հայ օրենսդիրների, դեռ 1600-ականներին մտահոգված էին իրենց ստրկացած ցեղակիցների ճակատագրով: Ստրկություն, որ բռնության հանդեպ անտարբերության արտադրություն է:
ՍԻՄՈՆ ՄԱՂԱՔՅԱՆ
Սիմոն Մաղաքյանը Կոլորադոյի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող է, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ ցեղասպանության ուսումնասիրման միջազգային ինստիտուտի շրջանավարտ: 2007 թվականին թողարկել է «Ռոքի Մաունթին Սլեյվըրի» վավերագրական ֆիլմը՝ Կոլորադո նահանգում մարդկանց թրաֆիկինգի մասին:
Thursday, November 29, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment