Այնքան պաթետիկ է Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատի բղավոցը առ այն, թե գործող իշխանության առաջին դեմքերը ուղղակի ստում են, ասելով, որ առաջին նախագահի առաջարկած ղարաբաղյան հիմնահարցի լուծումները պարտվողական էին եւ Տեր-Պետրոսյանն իրականում հանձնում էր Ղարաբաղը, որ եթե չլինեին Տեր-Պետրոսյանի հիշատակած գիր ստեղծողները, կարելի էր եւ հավատալ, որ Ղարաբաղի համար ընդամենն Ադրբեջանի կազմում ինքնավարություն պահանջողն ու Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովին ջերմագին ռեւերանսներ անողը մեզ միայն թվացել է, թե եղել է ՀՀ առաջին նախագահը:
Եվ այսպես, 10-ամյա լռությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն ուսանողների հետ նոյեմբերի 3-ի իր հանդիպման ժամանակ հայտարարում է, թե երբ Հայաստանի նախագահ ընտրվեց Քոչարյանը, միջազգային հանրությունն ու Ադրբեջանն ուղղակի հրճվեցին: Իհարկե, նա ուսանողներին այդպես էլ չբացատրեց, թե ի՞նչն էր հրճվանքի պատճառը, հատկապես որ Ադրբեջանը հրճվանքի շատ ավելի հիմնավոր պատճառներ ուներ հենց Լեոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: Իսկ թե ինչո՞ւ, ահա այստեղ է, որ օգնության են գալիս գիր ստեղծողները` շումերները, փյունիկեցիները, Կիրիլն ու Մեֆոդին էլ հետը: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի 1992 թվականի մարտի 5-ի համարում կար մի հոդված, որի հիշատակումից հետո տերպետրոսյանական քարոզչամեքենան շատ լուրջ պետք է մտածի՝ արժե՞ արդյոք ընդհանրապես խոսել ԼՂ հիմնահարցի մասին ու փորձել զուգահեռներ անցկացնել այդ հարցում նախկին եւ գործող իշխանությունների մոտեցումներում:
Եվ այսպես, պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցի հարցին, թե ի՞նչ կերպ է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսնում ԼՂ հիմնահարցի լուծումը, առաջին նախագահն ասում է բառացիորեն հետեւյալը՝ «Կարծում եմ՝ ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում լիովին կարող է բավարարել հակամարտության կողմերին, որովհետեւ Ղարաբաղին ինքնավարություն տալու դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում: Այսինքն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիներն էլ իրենց հերթին ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը ԼՂ հարցում եւ մենք պատրաստ ենք սա քննարկել ցանկացած մակարդակում»: Սրանք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերն են: Ուստի, շումերներին, փյունիկեցիներին ու այս անգամ արդեն Կիրիլին ու Մեֆոդիին անիծելու հերթը հաստատ Տեր-Պետրոսյանինն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հրճվելու իրենց պատմական շանսը նրանք կորցրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի համար ընդամենն Ադրբեջանի կազմում ինքնավարություն պահանջող Տեր-Պետրոսյանը գործող իշխանություններին մեղադրում է Ղարաբաղի հարցը ձգձգելու եւ, ինչպես ինքն է ասում, դիվանագիտական աճպարարությունների մեջ, եւ առաջարկում է՝ «արմատապես հարկ է փոխել Ղարաբաղի հարցում ներկա իշխանությունների վարած անհեռանկար եւ վտանգավոր քաղաքականությունը. այսինքն՝ խնդրի լուծումը ձգձգելու, ստատուս քվոն պահպանելու փիլիսոփայությունից անցում կատարել հարցը լուծելու փիլիսոփայությանը»: Իսկ թե ո՞րն է ԼՂ հիմնահարցը լուծելու Լեւոն Տեր-Պետրոսյանի փիլիսոփայությունը, այդ մասին վերջինս խիստ սպառիչ եւ հստակ ներկայացրել էր վերոնշյալ հարցազրույցում: Ուստի բնական է, որ գործող իշխանության՝ Ղարաբաղը չծախելու փիլիսոփայությունն անխնա պիտի քննադատվեր հակառակ փիլիսոփայությունը կրող Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կողմից:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանի փիլիսոփայությունը չի ավարտվում՝ «ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում» բանաձեւով: Նշյալ հարցազրույցից պարզ է դառնում, որ Հայաստանի առաջին նախագահն անսահման բարեկամական զգացումներ է տածել այդ ժամանակվա իր ադրբեջանցի գործընկեր Մութալիբովի հանդեպ: «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցի այն հարցին, թե ինչպիսի՞ն են Տեր-Պետրոսյանի հարաբերությունները Մութալիբովի հետ, ՀՀ առաջին նախագահը պատասխանել է՝ «Իմ հարաբերությունները Մութալիբովի հետ շատ նորմալ, մարդկային են եւ մենք չունենք միմյանց հետ հարաբերվելու հոգեբանական անհամատեղելիություն: Մութալիբովի հանդեպ ես հստակ համակրանք ունեմ»:
Ահա այսպես: Ուստի պետք չէ զարմանալ, որ 10-ամյա լռությունից հետո բարձրանալով հարթակ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ մեր երկրի թիվ մեկ բարեկամները պետք է լինեն մեր անմիջական հարեւաններ Ադրբեջանն ու Թուրքիան:
Իհարկե, այս հրապարակումից հետո տերպետրոսյանական քարոզչամեքանան կընկնի հերթական հիստերիայի մեջ, եւ կփորձի ապացուցել անապացուցելին. օրինակ, որ Տեր-Պետրոսյանը նման բան չի ասել: Բայց, ցավոք, ռուս գրերի ստեղծողներ Կիրիլն ու Մեֆոդին ոչնչով չեն կարող օգնել Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին: Վկան՝ 1992 թվականի մարտի 5-ի «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին առաջին նախագահի տված հարցազրույցը, ուր նա ներկայացրել է ԼՂ հիմնահարցի լուծման իր համար ընդունելի տարբերակը, որի փիլիսոփայությունը խիստ լակոնիկ է՝ «հանձնել Ղարաբաղը»:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment