Monday, December 10, 2007

301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԽՈՐՔԱՅԻՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Դրա վերանայումը միանգամայն հակասում է քեմալական ազգայնականության սկզբունքներին

Թուրքական քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածը երկրում սահմանափակում է խոսքի ազատությունը: Սակայն հարցի էությունը դրանով չի ավարտվում: Հաճախ մարդասպաններին հնարավորություն է տալիս, թե զոհերը նսեմացնում էին թուրքերի ազգային ինքնությունը: Նսեմացման այս պատճառաբանությունը հավասարապես առաջ էր քաշվել Տրապիզոնի կաթոլիկ քահանա Սանտորոյի, Հրանտ Դինքի, ինչպես նաեւ Մալաթիայում «Զիրվե» հրատարակչության երեք աշխատակիցների սպանության պարագայում:
Քանի որ այս սպանությունների կազմակերպիչները չեն բացահայտվում, այսինքն, բուն հանցագործները չեն պատժվում, ուստի հանցանքը օրինականացվում է, իսկ 301-րդ հոդվածը նպաստում է դրան: Թուրքիայի վերաբերյալ բոլոր զեկույցներում ԵՄ-ը կառավարությունից պահանջում է հոդվածի վերանայում: Պահանջն ընդառաջելու վարչապետ Էրդողանի կառավարության փորձերը երկրում բախվում են ինչպես քեմալական ազգայնականության, այնպես էլ քեմալիզմով առաջնորդվող Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների հակազդեցությանը:
Հոդվածի վերանայմանը հակադրվում է նաեւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը: Այսպիսով, տվյալ հոդվածն առանձնաշնորհյալ ընտրախավի համար դառնում է դեռեւս Քեմալ Աթաթուրքի օրոք ձեռք բերված արտոնությունների պահպանման արդյունավետ միջոց: Ինչո՞ւ: Մինչ հարցին անդրադառնալը, նշենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վերջին ընտրություններում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակը, որը նրան մեկ անգամ եւս միանձնյա իշխանության է բերել երկրում, խոցելի է դարձրել առանձնաշնորհյալ ընտրախավին, ինչը որոշակի սահմանափակել է «խորքային պետության» գործունեությունը: Դա ինքնաբերաբար հանգեցրել է քաղաքականությանը միջամտելու բանակի հնարավորությունների սահմանափակմանը:
Սակայն Թուրքիայում բանակը դեռեւս ազդեցիկ քաղաքական ուժ է, որի շնորհիվ երկրում իր ազդեցությունը պահպանում է նաեւ «խորքային պետությանը» վերահսկող առանձնաշնորհյալ ընտրախավը: Այս ամենը բացասաբար է անդրադառնում Էրդողանի կառավարության գործունեության վրա եւ 301-րդ հոդվածը վերացնելու նրա պատրաստակամությունը հանգում է վերանայման պատրաստակամության:
Հոդվածի վերանայումը մի կողմ, նույնիսկ վերացումը չի կարող խոսքի լիարժեք ազատություն ապահովել երկրում, քանի դեռ չի վերանայվել դեռեւս 1982-ին գեներալ Էվրենի վարչախմբի ընդունած սահմանադրությունը, որովհետեւ 301-րդ հոդվածը բխում է սահմանադրության 42-րդ եւ 66-րդ հոդվածներից, որոնք ձեւակերպված են «երկրի ուսումնական հաստատություններում կամ կրթօջախներում որպես մայրենի չի կարելի դասավանդել այլ լեզու, քան թուրքերենը» եւ «թուրքական պետության հետ քաղաքացիությամբ առնչվող յուրաքանչյուր ոք թուրք է»: Վերոհիշյալ հոդվածներն էլ բխում են Քեմալ Աթաթուրքի «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում» ասույթից:
Սա նշանակում է, որ 301-րդ հոդվածի վերանայման համար անհրաժեշտ է ոչ միայն սահմանադրության 42-րդ եւ 66-րդ հոդվածների վերանայումը, այլեւ դրա զտումը քեմալիզմի դրույթներից: Թեեւ Էրդողանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր սահմանադրության մշակմանը, իսկ վարչապետի խորհրդականը հրապարակավ նշել է գաղափարախոսությունների անհամատեղելիությունը սահմանադրության հետ, սակայն 301-րդ հոդվածից կառչած քաղաքական ուժերն ու շրջանակները ավելի մեծ համառությամբ հակադրվում են սահմանադրական փոփոխություններին:
Ակնհայտ է, որ սահմանադրության զտումը քեմալիզմի դրույթներից խոցելի կդարձնի քեմալական ազգայնականությունը: Այս պայմաններում «խորքային պետությանը» վերահսկող առանձնաշնորհյալ ընտրախավի հետ ազդեցիկ լծակից կզրկվեն այդ ընտրախավի հրահանգներով առաջնորդվող գլխավոր շտաբը, քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները: Միանգամայն կնվազի քեմալական մտածողության միությունների գործունեության արդյունավետությունը ոչ միայն Թուրքիայում, այլեւ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում: Այս ամենը սպառնալիքի տակ կդնի Քեմալ Աթաթուրքի եւ թուրքական զինված ուժերի գործունեության վրա դրված տաբուները: Դրանց վերացման վտանգը արտոնություններից զրկվելու սպառնալիքի առջեւ կկանգնեցնի առանձնաշնորհյալ ընտրախավին: Երկրում կվերանան քաղաքականությանը բանակի միջամտության նախադրյալները, այլեւս անհնար կլինի այդ միջամտության պատճառաբանումը Աթաթուրքի ստեղծած պետական կառուցվածքը ներքին եւ արտաքին թշնամիներից պաշտպանելու առաքելությամբ: Միաժամանակ Թուրքիայում կստեղծվեն հայկական եւ քրդական հարցերի վրա դրված տաբուների վերացման նախապայմանները, իսկ դա ավելորդ կդարձնի 301-րդ հոդվածը:
Այլ կերպ, Թուրքիայում առանձնաշնորհյալ ընտրախավը, որի սերուցքն են կազմում «դյոնմեները», վերահսկում է «խորքային պետությունը», վերջինը՝ զինված ուժերի գլխավոր շտաբին, շտաբը՝ բանակին, իսկ բանակը՝ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջոցով երկրի քաղաքական կյանքը: Քանի որ ընտրախավի ձեռք բերած արտոնությունների հիմքում Աթաթուրքի ստեղծած պետական կառուցվածքն է, իսկ դրա պահպանումը ենթադրում է դատաիրավական եւ կրթական համապատասխան համակարգեր, ուստի «խորքային պետությունը» բացի քաղաքականից վերահսկում է նաեւ այս համակարգերը:
Այսպիսով, քեմալական ազգայնականությունն իբրեւ գաղափարախոսություն ընդհանուր է դառնում ինչպես «խորքային պետության», գլխավոր շտաբի ու բանակի, այնպես էլ Սահմանադրական դատարանի, Դատաիրավական գերագույն խորհրդի, Բարձրագույն ուսումնական խորհրդի, այդ թվում նաեւ հասարակական քաղաքական այն կազմակերպությունների համար, որոնք ծառայում են առանձնաշնորհյալ ընտրախավի շահերին: Քեմալական ազգայնականությունը տաբուի է վերածում Աթաթուրքի, իսկ Թուրքիայի ունիտար կառուցվածքի պահպանումը՝ գլխավոր շտաբի գործունեությունը:
Քանի որ Թուրքիայում քրդերը, որպես «անջատողականներ», դիտվում են պետական ունիտար կառուցվածքի սպառնալիք, իսկ նրանց ճնշում է բանակը, ուստի գլխավոր շտաբի գործունեության հետ տաբու է դրվում նաեւ քրդական հարցի վրա: Ինչ վերաբերում է հայկական հարցին, ապա դրա վրա դրված տաբուն էլ պայմանավորվում է Քեմալ Աթաթուրքի մերձակա շրջապատով, որի առանցքը կազմել են հայերի ցեղասպանության անմիջական մասնակցության համար դեռեւս 1919-ին օսմանյան ռազմական ատյանում դատապարտված եւ Մալթա աքսորված մարդասպան ստահակները:
Հարցը, սակայն, Աթաթուրքի շրջապատի բնութագիրը չէ, այլ հայազգի դահիճների էթնիկ պատկանելությունը: Այսինքն, հայկական հարցի վրա դրված տաբուի վերացման դեպքում ոչ միայն ինքնաբերաբար կվերանա Աթաթուրքի գործունեության վրա դրված տաբուն, այլ հասարակական լայն շրջանակների համար պարզ կդառնա, որ ժամանակակից Թուրքիայի հիմնադիրները մեծապես եղել են «դյոնմեներ»: Մինչդեռ առանձնաշնորհյալ ընտրախավը ձեւավորվել է հենց Աթաթուրքի մերձակա շրջապատը կազմող ժամանակակից Թուրքիայի հիմնադիրների հենքի վրա:
Թերեւս այս ամենի առումով պատահական չէ 301-րդ հոդվածի վերանայմանը, երկրում սահմանադրական փոփոխություններին եւ վերոհիշյալ տաբուների վերացմանը առանձնաշնորհյալ ընտրախավի վերահսկողության տակ գտնվող «խորքային պետության»՝ առավել եւս դրան ենթակա քաղաքական, ռազմական եւ դատաիրավական կառույցների ավելի քան բուռն հակազդեցությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: