- Զոսյա, ես եկել եմ, եւ հնարավոր չէ հրաժարվել այդ փաստից:
Օ. Բենդեր
Եվ այսպես, հանրապետության նախկին նախագահը հանդես գալով հանրահավաքներում՝ փաստեց ժողովրդի առջեւ իր հայտնությունը:
Նա հայտարարեց, որ մեր երկրի զարգացումը բաժանվում է մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը եւ դրանից հետո, որ միայն այդ օրվանից հետո է սկսվել մեր սրընթաց գահավիժումը բոլոր ասպարեզներում եւ մանավանդ ժողովրդավարացման հարցերում:
Բազմաթիվ հարցադրումներ չանելու փոխարեն, նրան կարելի է դիմել միայն մեկ ընդհանրացնող հարցով.
- Ասացեք խնդրեմ, հարգարժան պարոն նախկին նախագահ, ինչե՞ր են արել ներկայիս իշխանությունները, որոնք դուք չեք արել, եւ ինչե՞ր եք արել դուք ձեր ժամանակին, որոնք չեն արել ներկաները:
Նախկին նախագահը հավանաբար մոռացել է հարեւաններից իր առաջարկով վերցրած մեր պարտքերը, հանուն ժողովրդավարացման՝ քաղաքական հետապնդումները, սեփականաշնորհման ալան-թալանը, 1995-ին կեղծիքով պարտադրված սահմանադրությունը, 1996-ին իր թիմով բռնազավթած իշխանությունը, 1996-1998 թթ. իր ոչ լեգիտիմությունը, մեր կարճ վերմակների մասին իր իմաստուն ակնարկները, ճկույթների հետ իր համեմատությունները, իրեն հետ բերելու նպատակով ապագայում ազգովին կատարվելիք խնդրանքների մասին «մարգարեությունները» եւ այլն, եւ այլն:
Ո՛չ, պարոն նախկին նախագահ, դուք ձեզ սուրբ ՏՐԴԱՏ ՄԵԾի տեղ մի՛ դրեք:
Խիստ հաշվենկատ է գործում նախկին նախագահը՝ հանդիպում է բոլոր այն ուժերին ու անձանց, որոնց հետ ինքը նախկինում բարդություններ է ունեցել, կայացնում է փակ գաղտնի բանակցություններ, եւ հասարակության մեջ շրջանառություն է ստանում այն կարծիքը, թե տեսնում եք, բոլորն էլ մի սանրի կտավ են՝ միասին նստում, միասին վեր են կենում, ուստի բոլոր այդ հավասարների միջից էլի նա ինչ-որ առավելություններ ունի:
Այդ ուժերից ոչ ոք չի էլ անհանգստանում, թե այդ հանդիպման արդյունքում որքան է վտանգվում իր հեղինակությունը, եթե, իհարկե, այն գոյություն ունի:
Հիվանդը վարակեց առողջին եւ այլեւս ունենում ենք երկու հիվանդ, արդեն երկուսից էլ պետք է զգուշանալ, երկուսն էլ վարակակիր են, երկուսին էլ պետք է մեկուսացնել ու բուժել եւ կարեւոր չէ, թե մեկը հիվանդ է մեկ տարի, մյուսը՝ մեկ օր:
Պարոն նախկին նախագահ, այդ ո՞ր մի բարի գործն եք կիսատ թողել, որ մեծ ձգտում ունեք նորից իշխանության գալ եւ երեւի թեւքերը քշտելով հասցնել ավարտին: Ինչո՞ւ դա չփորձեցիք անել դեռ հինգ տարի առաջ, ի՞նչը ձեզ ստիպեց ակտիվանալ միայն այս ընտրությունների նախօրեին, չէ՞ որ բոլոր ձեր իմացած պրոբլեմները եղել են միշտ՝ վերջին տասը տարիներին եւ գոյացել են դեռ ձեր իշխանության օրոք:
Դժվար է հավատալ, որ հենց Լ. Տեր-Պետրոսյանը կլինի այն մեկը, որը կվերականգնի եւ հետ կբերի ժողովրդի կորսված վստահությունը սեփական ուժերին:
Ներողություն խնդրեք նրանցից, ովքեր ձեր խոսքերին հավատալով պարտքեր արեցին եւ դարձան բոմժեր, ովքեր ցրտին ու սովին չդիմանալով հանդգնեցին մեռնել, ովքեր անելանելիությունից դրդված` ինքնաթիռի տոմսի համար վաճառեցին տուն ու տեղ, հեռացան հայրենիքից: Ներողություն խնդրեք ձեր փշրած հույսերի համար, ձեզ ընծայված հավատի ու սիրո ռեսուրսները վատնելու համար, նյութական խավարից՝ հոգեւոր խավարի մեջ մղելու համար...
Այս ամենով հանդերձ, եթե նույնիսկ ներողություններ խնդրեք, մի՞թե դա արդեն բավարար է նորից իշխանության հավակնելու, առաջնորդելու, մի՞թե ավելի ճիշտ ու համեստ չէր լինի, որ դուք իրավիճակը շտկելու նպատակով օգտագործեիք ժամանակին ձեռք բերված ձեր բոլոր միջոցներն ու հնարավորությունները, որպեսզի աջակցեիք ձեզանից առավել քիչ վարկաբեկված եւ առավել քիչ մեղավոր որեւէ այլ ուժի: Միգուցե կարծում եք, թե բարոյական իրավունք ունեք ձեզ իբրեւ ժամանակակից Տարաս Բուլբա ներկայացնելու, բայց չէ՞ որ դուք եք ձեր ժառանգներին ուղղորդել այդ ճանապարհով: Միգուցե արժեր հոգու խաղաղության համար, եթե, իհարկե, դրան հավատում եք, քաջություն դրսեւորել Աստծու առջեւ ապաշխարելու, որի թարմ օրինակն էլ տվել է ՌԴ նույնպես նախկին նախագահ Բորիս Ելցինը:
Արդյոք պատրա՞ստ է Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարվելու իր կողքին գտնվող մարտական թիմի շատ ու շատ վարկաբեկված անդամների ծառայություններից, թե՞ նրանք էլ արդեն բոլորը միասին զղջացել ու ապաշխարել են:
Դե, իսկ ովքեր անվերապահ կհավատան Տեր-Պետրոսյանի ներողություններին, խոստումներին ու երդումներին եւ ամեն գնով ձգտում են ռեւանշի, թող իբրեւ Լեւոնի վկաներ մարտի մեջ մտնեն ներկա հանրապետա-բարգավաճ ռոբոտ-սերժանտների հետ, նրանք նույն քաշային կարգում են հանդես գալիս:
Հ. Գ. - Դադարեցեք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է:
Եսայի 2.22
- Չտեսներին տղա ծնվեց՝ ամորձատեցին:
Հարկ է արձանագրել, որ Լ. Տեր-Պետրոսյանին հաջորդած պետական, քաղաքական գործիչները եղան նրա գործի արժանի ժառանգորդներ, եղան այնքան չտես ու սանձարձակ եւ չունեցան այնքան խոհեմություն, որպեսզի չկրկնեին իրենց նախորդի լուրջ սխալներն ու վրիպումները եւ կուլ չտային իշխանության գայթակղության նույն խայծերը: Նրանք տղայական մոլեռանդությամբ շարունակեցին նախկինների սկսած «մեր դեմ խաղ չկա» անհեռանկար խաղը, եւ եթե Լ. Տեր-Պետրոսյանը եղավ փչացման համակարգի հեղինակն ու գյուտարարը, ապա ներկաները հանդիսացան որպես այդ գործի արժանի շարունակող՝ ռացիոնալիզատոր-կատարելագործողները: Հենց նրանց ծավալած «տղամարդկային» գործունեության հետեւանքում ներկան կարելի է համեմատել 1920-ի Հայաստանի առաջին հանրապետության տապալման ժամանակահատվածի հետ, երբ կար տկար մի իշխանություն, կար իր քայքայիչ գործերով առաջին պլան մղվող կոմկուս, կար մոլորված, շվարած եւ հուսաբեկ ժողովուրդ ու այս ամենի արդյունքում թուրքը կարողացավ առանց կրակոցի մտնել Կարսի ամրակուռ ու լքված ամրոցը: Չէ՞ որ նրանք մեր ինտերնացիոնալիստ եղբայրներն էին այն ժամանակ:
Ակամա միտք է ծագում, մի՞թե պատրաստ ենք նորից կրկնելու պատմական այդ սխալը եւ այժմ էլ կոմկուսի փոխարեն ՀՀՇ-ի կոչերին տրվելով գնանք նոր Կարսի հանձնման, մի՞թե այլեւս անկարող ենք հիշելով անցյալի ցավալի դասերը, առաջ նայել: Այսպիսի տրամաբանությամբ մի տասը տարի հետո էլ կարող ենք որպես հերթական փրկիչ ընդունել ու ճանաչել հիմիկվաններին, անկախ այն բանից, թե նրանք արդյոք կանցնե՞ն ապաշխարության իրենց ճանապարհը, թե՞ ոչ:
Ինչո՞ւ ներկաները ժամանակին չփորձեցին արժանի գնահատական տալ նախկինների գործունությանը. քանի որ նրանք ըստ էության նույնն էին եւ կատարելու էին նույն գործերը՝ չնչին տարբերությամբ: Նրանք այնքան կարճմիտ ու ապաշնորհ եղան, որ երկրի հանդեպ օտարին վայել իրենց թալանչիական վերաբերմունքով, սեփական ժողովրդին արհամարհելու, նվաստացնելու, վախի մեջ պահելու, սեփական կամքին ամեն գնով ենթարկելու, իշխանությունը իրենց համար որպես հաճույքի ու վայելքի միջոց դարձնելու ճանապարհով, իրենց ընձեռված տարիների գործունեության արդյունքում նորից քաղաքական դաշտ ներքաշեցին Լ. Տեր-Պետրոսյանին, հնարավորություն ընձեռելով նրան՝ իշխանության վերադառնալու նոր փորձ անել: Հավանաբար ներկաները կհամարեն, թե իրենց համար բավական ձեռնտու տարբերակ է որպես հիմնական մրցակից ունենալ ոչ այլ մեկի, քան հենց Լ. Տեր-Պետրոսյանին, որի դեմ իրենք կփորձեն ճակատ տալ եւ հաղթողի դափնիներ շահել: Այդ պարագայում երկու կողմն էլ միմյանց կմեղադրեն մարդկային բոլոր հնարավոր մեղքերի մեջ, ամեն ինչ կանեն միմյանց մրոտելու, մեկը մյուսի ֆոնի վրա իբրեւ հերոս ու փրկիչ ներկայանալու համար:
Ինչո՞ւ են ներկաները ձգտում ամեն գնով իշխանությունը պահել, միգուցե հայոց տխրահռչակ մենթալիտետը բարեփոխելու վեհ նպատակո՞վ, թե՞ դեռեւս կան ինչ որ ազատ մնացած հիմնարկներ` օբյեկտներ, ինչպես իրենք են ասում, որոնք պետք է հափ անեն մեր ու մեր նախնիների պարտքերի դիմաց, կամ էլ երեւի ժողովրդի ձեռքին, ապրելու համար ինչ որ քանակի դոլար են տեսել, որը պետք է հոպ-ստոպ անեն:
Տղամարդկությունը այն չէ, երբ համառորեն պնդում են սեփական սխալ մտքերի եւ սխալ ձեռնարկումների վրա եւ պատվից վեր են համարում դրանցից հրաժարվելը: Իսկապես տղամարդուն վայել քաջություն եւ միտք պետք է ունենալ, սխալներն հասկանալու, ընդունելու եւ խոստովանելու համար:
Հ.Գ. - Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է:
Առակաց 28.16
- Ախ, չեմ ու չեմ, չեմ ու չեմ, չեմ կըրնա ես խաղա:
Ստացվում է, որ մենք չունենք նաեւ կազմակերպված ու համախմբված իրական ընդդիմություն: Մեծ մասը մանր ինտրիգների մեջ խրված՝ անձնական ամբիցիաներին, հպարտությանը տուրք տալով, դարձել են, այսպես ասած, քուչի խաղացողներ եւ կարծես նրանց հիմնական նպատակն է ամեն գնով քաղաքական դաշտում թեկուզ մի թիզ տեղ զբաղեցնել կամ էլ ծայրահեղ դեպքում գոնե աուտչիկներ լինեն՝ հիմնական խաղացողներին գնդակներ մատակարարելու համար:
1996-ին Լ. Տեր-Պետրոսյանի միջոցով ընդդիմության կոտրված ողնաշարն առայժմ չի վերականգնվել: Շատերն իրենց պասսիվությունն արդարացնելու համար պատճառ են բերում ֆինանսների սղությունը, սակայն նրանք պետք է մինչեւ հիմա իմանային, որ շաբաշ տալիս են նրանց, ովքեր մտնում են պարի: Աջակցությունն ու օգնությունը նրանց են տալիս, ովքեր լուրջ խոսք են ասում, ովքեր լուրջ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնում, վճռականություն ցուցաբերում, այլ ոչ թե առանց սեփական ժողովրդին ոգի տալու եւ առանց նրա վրա հույս դնելու, դրսերում՝ օտարների մոտ են տեր եւ հովանավոր որոնում:
Հ.Գ. - Ով հանդիմանում է ամբարիշտին, նա ատելություն է վաստակում:
Առակաց 10.17
- Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ:
Վերջին տասնամյակի իրադարձությունները ստիպում են ընդունել, որ մեզանում արդեն հիվանդագին դրսեւորումների է վերածվել այն կեցվածքը, երբ որեւէ մեծ կամ փոքր, պետական, քաղաքական գործիչ տարիներ շարունակ, ըստ իր քմահաճույքի վատնելով իրեն տրված իշխանությունը, ապա անհաջողության մատնվելուց եւ տապալվելուց հետո մի 10 տարի լուռ ու մունջ մնալով կարողանում է համարձակվել, ներկայանալ ժողովրդին եւ ակնկալել նրա բարյացակամությունն ու աջակցությունը՝ նորից իշխանություն ստանալու համար:
Պարզ է, որ հիմնական հույսը տվյալ պահին իշխողների ապաշնորհությունն է, բոլոր մնացած հավակնորդների ամբիցիոզությունը, պառակտվածությունն ու անկազմակերպվածությունը, ժողովրդի շարունակական հիասթափությունը, անհիշաչարությունը, կարճ հիշողությունը եւ այլն:
Կարելի է գալ ու ասել. «Ուրախացի՛ր ժողովուրդ, ԵՍ եկել եմ, ԵՍ եմ հերթական փրկիչը ձեր», եւ հավակնել, որ ոտքերիդ առջեւ մատաղներ կարվեն, ձեռքերդ կհամբուրեն, կգրկեն... Եվ այս ամենը այն դեպքում, երբ իշխանությունից զրկվել ես անեծքների ուղեկցությամբ: Ինչպես է ստացվում, որ մի ժամանակ ազգի դավաճան հայտարարվածը նորից կարողանում է առանց զղջալու, առանց ափսոսանքի, առանց խոստովանության նորից կանգնել ժողովրդի առջեւ եւ առաջնորդելու հայտ ներկայացնել:
Մենք էլ հատվածաբար, տարբեր ժամանակներում կարող ենք որպես փրկչի ընդունել որեւէ մարդու, որը ուղղակի մեր անվերադարձ անցյալն է հիշեցնում, որը պարզապես իր հոր որդին է, որը ժողովրդի կամքի վրա զենք է բանեցնում, որի համար ազգային գաղափարախոսությունը՝ կեղծ կատեգորիա է, որն ինքն իր մասին սիրում է խոսել երրորդ դեմքով ու հոգնակի թվով, որը գիտի, թե մենթոլից գոյացել է «մենթոլիտետ» հասկացությունը, որը հիանում է իր անմտություններով, որի դեմ խաղ չկա, որը... եւ բոլորն էլ մեղքերին գերի սովորական մահկանացուներ են, իսկ Փրկիչը բոլոր ժամանակների համար միայն Հիսուսն է, որի վրա միայն պետք է հույս դնել:
Ե՞րբ ենք ասելու «բավական է, հերիք՛ եղավ», մինչեւ ե՞րբ է շարունակվելու մեր անկումը, որ նման վայ-փրկիչները փոխանակ մտավախություն ունենալու, որ հնարավոր է իրենց նախկին գործերի համար երբեւէ դատաստանի առջեւ կանգնեն (այս կամ այն կյանքում) եւ անցած ուղին ժամանակի հեռավորությունից՝ առանց ազնիվ ու լուրջ վերանայումների, համարձակվում են անկաշկանդ հայտնվել ու հայտարարել իրենց միսիոներական նոր նպատակների մասին:
Դեռ որքան պետք է մենք ընտրություններ կատարենք չարյաց փոքրագույններին գերադասելու սկզբունքից ելնելով, մեր խղճին ու Աստծուն դեմ գնալով: Մինչեւ ե՞րբ պետք է մեր հուսահատությունից, պասսիվությունից, անտարբերությունից օգտվելով, քաղաքական փառամոլներն ու արկածախնդիրները փորձեն մեզ առաջնորդել:
Խելոքը դաս է առնում սեփական սխալներից, իմաստունը՝ ուրիշների, իսկ հիմարը՝ ոչ ոքի: Մի՞թե պատրաստ ենք նույն ցեխը մի քանի անգամ մտնել եւ արդյոք հանուն ինչի՞, հանուն ապագայի, հանուն ներկայի շարունակության, թե՞ հանուն անցյալի կրկնության: Ճանապարհը չիմանալով ճահիճն ընկնելը կարելի է անփորձություն, միամտություն համարել, բայց երկրորդ անգամ՝ արդեն հիմարություն կլինի:
Մենք, որ 20-րդ դարում ունեցել ենք այնպիսի նվիրյալ ազգային գործիչներ, ինչպիսիք էին Արամ Մանուկյանը, Նժդեհը, Անդրանիկը եւ շատ ու շատ ուրիշներ, այժմ այնքան ենք ընկել, որ մի բակային օլիգարխի, մի ավազակ ոստիկանի, մի վարկաբեկված, ձախողված գործչի եւ ընդհանրապես ջրի երես դուրս եկած ամեն ինչի պատրաստ ենք փրկիչ համարելով դարձնել մեզ առաջնորդ:
Ակամա մտածում ես, որ եթե անգամ ինչ-որ հրաշքով սուլթան Համիդը, Ստալինը, Բերիան եւ այլք հայտնվեին մեր ժողովրդի առջեւ ու կեղծավորությամբ մի քանի մեղայական ու սիրաշահող խոսքեր ասեին, ապա հավանաբար նրանք էլ կներվեին եւ դեռ կհամարձակվեին նորից մեզ ղեկավարել:
Ինչպե՞ս կարելի է անվանել այն վիճակը, երբ շարունակ հայտնվում ենք խաբվածների դերում, մի՞թե դրանից մենք հիվանդագին հաճույք ենք ստանում:
Այո, ազգն էլ մարդու պես կարող է հիվանդանալ եւ կարող է բուժվել, միայն թե պետք է հասկանալ մեր հիվանդ լինելը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Մի՞թե մեր այժմյան վիճակը ցավալիորեն չի նմանվում վրացական մի հին կինոյի սյուժեին, որում վարժեցված նոխազը միշտ անվարան առաջնորդ է կանգնում նոր բերված վախվորած հոտին, հասցնում, անցկացնում է սպանդանոցի դռներից ներս, իսկ ինքը հետեւի դռնից դուրս գալով, շտապում է առաջնորդելու հաջորդ հոտին եւ այսպես շարունակ, մինչեւ որ մի գամփռն այս ամենը տեսնելուց հետո խեղդում է դրան:
Պետք է ազատվել այն փչացման համակարգից, որը հիմնադրեց եւ շարժման մեջ դրեց հենց Լ. Տեր-Պետրոսյանը եւ հետագա զարգացում ստացավ նրա հաջորդների օրոք: Այդ համակարգն է, որ ինչպես չինական հայտնի հեքիաթում՝ հերոսներին վեր է ածում չարիքի ու հրեշների:
Արդյոք Լ. Տեր-Պետրոսյանին առաջ չե՞ն մղում միայն ռեւանշի ձգտող եւ վրեժի ծարավ ուժերը՝ ՀՀՇ-ի գլխավորությամբ, իսկ ներկա կլանին էլ սատարում են Նժդեհի գաղափարները իրենց համար քողածածկույթ դարձրած, այլափոխած ու սեփական քիմքին հարմարեցրած եւ այդ քողի տակ բարգավաճող կեղեքիչները:
Ինչպես ասվում է, թե՛ նախկինները եւ թե՛ ներկաները միմյանց լիովին արժանի մուզիկանտներ են, եւ այժմ մեր առջեւ որպես կարեւոր խնդիր է այդ երկուսից էլ ազատվելը եւ պատմության մեջ իրենց արժանի տեղը դնելը: Արդյոք խելամիտ չէ՞ չներգրավվել երկու կլանների ներքին կռիվներին, այլ փորձել հետեւողական կողմնորոշումով նախապատվությունը տալ ոչ թե առավել ձեռնտու, այլ առավել ճշմարիտ նրանց այլընտրանքին: Ի վերջո մեր ազգը միշտ էլ առանձնացել է իր մեջ եղած կարծիքների ու դրանց կրողների բազմազանությամբ:
Իհարկե, լավագույն եւ ամենաանհավանական տարբերակը կլիներ, եթե նախկիններն ու ներկաները միմյանց ձեռք բռնած՝ առանց ցնցումների հեռանային Հայաստանի քաղաքականությունից եւ միգուցե այդ դաշտը դառնար գոնե մի քիչ ավելի էկոլոգիապես մաքուր:
Մի՞թե դեռ չենք հոգնել ու հյուծվել վերջին տասնամյակների շարունակական ընտրախաբություններից: Ժամանակն է լրջագույն քայլերն անելու, մեր ժողովրդի առաջընթացի ճանապարհից վերցնելու եւ դեն նետելու գայթակղության այն քարը, որը կոչվում է նախագահական աթոռ:
Հ.Գ. -Անօրեն ազգն առաջնորդ չի գտնի:
Առակաց 29.18
- Ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները
Սիրաք 10.2
ԱՇՈՏ ՀՈՒՆԱՆՅԱՆ, ՀՀՇ վարչության նախկին անդամ
Monday, December 10, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment