Monday, December 10, 2007

Հետաքրքրական - «ԹՅՈՒՐՔԻԱ» ԵՎ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Մտավարժանքներ Գերմանիայից

ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման վերաբերյալ թուրքական մամուլում լույս տեսած 1-2 հոդվածի թարգմանաբար հրապարակումը «Ազգի» էջերում նախանձելի աշխուժություն էր պատճառել մեր ընթերցողներից ոմանց, որ նոյեմբերի 30-ին Բեռլինից նոր նամակ ստացավ խմբագրությունը: Ահա թե ինչ է գրել դրա հեղինակ Ռազմիկ Գալուստանյանը. «Մի քանի ամիս է, ինչ ձեր թուրքագետ-լրագրող պարոն Չաքրյանը փորձում է «թյուրք» եւ «Թյուրքիա» բառը մտցնել մեր պարբերական լեզվի մեջ: Մեր բառագիտության մեջ «թուրք» եւ «Թուրքիա» խոսվում եւ գրվում են այնպես, ինչպես ես եմ գրում: Եթե ինչ-ինչ պատճառներով պարոն Չաքրյանը «Թյուրքիան» եւ «թյուրքը» մեր լեզվի մեջ ներածել է կամենում, ապա խմբագրությունից սպասում եմ արգելք հանդիսանա թրքականության առջեւ խոնարհվելու պարոն Չաքրյանի փորձին»:
Նամակի ոճից ակնհայտ երեւում է, որ Գալուստանյանն արեւելահայ է, ամենայն հավանականությամբ Հայաստանից Գերմանիա գաղթած: Այս հանգամանքը կարելի էր շրջանցել, եթե տողերիս հեղինակը օգտագործած լիներ «թյուրք» կամ «Թյուրքիա» արտահայտությունները: Մենք հոդվածներում օգտագործել ենք «թյուրքական աշխարհ» կամ «թյուրքական պետություններ» եւ կամ «թյուրքական լեզուներ» բառակապակցությունները, որպեսզի Թուրքիայի թուրքերը հստակ զանազանվեն ադրբեջանցիներից, թուրքմեններից, ղազախներից, ուզբեկներից եւ ղրղըզներից: Օգտագործել ենք նաեւ «Թյուրքիե» արտահայտությունը, որովհետեւ այդպես է կոչվում Ստամբուլում հրատարակվող թուրքական այդ թերթը:
«Թրքականության առջեւ» խոնարհվում են նրանք, ովքեր թուրքերին նույնացնում են թյուրքական այլ ժողովուրդների, իսկ Թուրքիան՝ թյուրքալեզու մյուս պետությունների հետ: Ի դեպ, հայ պատմագրության մեջ նոր չէ «թյուրքալեզու ժողովուրդներ» կամ «թյուրքական պետություններ» արտահայտությունների օգտագործումը: Թերեւս կարելի էր հարգել Ռազմիկ Գալուստանյանի տգիտությունը: Սակայն դրա համար պետք է համոզված լինենք, որ ինքը չունի ներքին եւ արտաքին պատվիրատուներ եւ չի ծառայում «թրքականության» առջեւ խոնարհվողներին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: